Համենայնդեպս, ես չեմ հիշում դեպք, որ մեր կողմից Ադրբեջանի ռազմագերուն խոսեցրած լինեն, պարտադրեն կարծիք հայտնել: Եղել է՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը տարածել է, որ ադրբեջանցի է գերեվարվել` նշելով, որ այնտեղից փախել է ծառայության վատ պայմանների հետեւանքով: Այս մասին հայտարարել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
“Եթե նույնիսկ նման բան արվել է, դա չի նշանակում, որ Ադրբեջանը նման կերպ պետք է վարվի: Երկու կողմերն էլ Ժնեւյան կոնվենցիայով պատասխանատվություն ունեն պահպանել ռազմագերու կյանքն ու անվտանգությունը, զերծ մնալ նրա նկատմամբ բռնություններ կատարելուց, հարգել նրա կարծիք հայտնելու իրավունքը, ինչպես նաեւ պարտավոր են միջոցներ ձեռնարկել ՝ անհապաղ հանձնել ռազմագերուն: Եթե Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նման կերպ է մեկնաբանում իրենց պահվածքը` այսպես ենք անում, քանի որ հայկական կողմն արել է. դա շատ թույլ պահվածք է”,- ասել է Սաքունցը` անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակի հայտարարությանը, թե Հայաստանում ադրբեջանցի ռազմագերիների հետ մեկ անգամ չէ, որ հարցազրույցներ են արվել եւ ցուցադրվել Երեւանի հեռուստաընկերություններով:
Սաքունցը նաեւ ասաց, որ Ադրբեջանի գործը չէ, թե զինվորն ինչ տեսքով է հայտնվել գերու կարգավիճակում. “Թե ինչ տեսքով է հայտնվել ռազմագերության մեջ զինվորը, քննարկման հարց չպետք է դառնա: Խնդիրը այն չէ` ինչ տեսքով է հայտնվել, այլ՝ թե գերեվարող կողմը ինչ վերաբերմունք է ցույց տալիս: Մյուս մեր գերիների դեպքերը ցույց են տալիս, որ զինվորական եւ քաղաքացիական գերիների նկատմամբ բռնություններ են կիրառվում: Գերեվարված զինծառայողին օգտագործել են իրենց քաղաքական նպատակների համար, մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման փոխարեն՝ ռազմագերուն օգտագործում են քաղաքական նպատակներից ելնելով եւ որպես պրոպագանդիստական միջոց՝ մյուս կողմին վատաբանելու, ավելի վատ վիճակում ցույց տալու նպատակով”:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում