Զինծառայողին հրաժարվում են զորացրել. ՀՔԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է զբաղվել զինծառայող Ա. Գրիգորյանի իրավունքների պաշտպանությամբ, որը ցանկանում է զրոացրվել, սակայն դեռ դա նրան չի հաջողվում:

Այս առնչությամբ, ՀՔԱ վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Ա. Գրիգորյանը դեռեւս 2015 թ. սեպտեմբերի 1-ին զեկուցագիր էր ներկայացրել հրամանատարությանը ՝ ՀՀ ՊՆ N զորամասում իր զբաղեցրած պաշտոնից ՀՀ ԶՈւ պահեստազոր արձակելու խնդրանքով, որի վերաբերյալ մինչ օրս որեւէ պատասխան չի ստացել:

Նախ Ա. Գրիգորյանը, ապա՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վերոնշյալ զեկուցագրին ընթացք տալու հարցով դիմել են ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանին: Պատասխան չստանալով՝ 2015 թ. նոյեմբերի 24-ին Կազմակերպությունը դիմել է ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանին՝ ՀՀ Պաշտպանության նախարարության անգործությունը վերացնելու պահանջով:

Վերոնշյալ գրությունը եւս անպատասխան է մնացել, որից հետո 2016 թ. հունվարի 16-ին Ա. Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ զինվորական ծառայությունից արձակելու մասին հրամանը տրամադրելուն պարտավորեցնելու մասին՝ վկայակոչելով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը, որի համաձայն՝ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունվելու դեպքում վարչական ակտը համարվում է ընդունված, եւ դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը: ՀՀ Պաշտպանության նախարարությունը 2016 թ. փետրվարի 29-ի հայցադիմումի պատասխանում նշել է, որ համաձայն «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «Սույն հոդվածի 1-ին մասի 10-րդ եւ 11-րդ կետերում նշված եւ պարտադիր զինվորական ծառայության օրենքով սահմանված չծառայած ժամկետ չունեցող, ինչպես նաեւ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից արձակման ենթակա զինծառայողները փոխհատուցում են ուսման հետ կապված ծախսերը՝ Կառավարության սահմանած կարգով», հետեւաբար՝ Ա. Գրիգորյանը ենթակա է զորացրման՝ սպայական դասընթացում ուսանելու հետ կապված փոխհատուցման ենթակա 2.632.912 դրամ գումարը վճարելու դեպքում:

Համաձայն չլինելով ներկայացված գումարի չափի հետ՝ Ա. Գրիգորյանը, այնուամենայնիվ, վճարել է գումարը՝ հույս ունենալով, որ դրանով հարցը վերջնականապես կլուծվի:

Նշենք, որ Ա. Գրիգորյանը ՀՀ ՊՆ ներկայացրած գումարը ձեռք է բերել վարկային եղանակով 2016 թ. մարտի 21-ին, մի քանի օր անց արդեն նշանակված է վարկի առաջին մարման օրը, բայց Ա. Գրիգորյանը շարունակում է իր ծառայությունը, նրա զորացրման վերաբերյալ հրաման դեռեւս չի տրվել: Հավելենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցը խնդրի վերաբերյալ փորձել է պարզաբանում ստանալ ՀՀ Պաշտպանության նախարարությունից, սակայն գերատեսչության համապատասխան բաժնում հեռախոսազանգերին չեն պատասխանում»:




Լրահոս