Երեկ՝ օգոստոսի 14-ին, դաժան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի այգեգործական ընկերության փողոցներից մեկում: Այրված վիճակում հայտնաբերվել է Վայոց ձորի մարզի Վայք համայնքի բնակիչ, 41-ամյա Արմեն Մովսիսյանի դին: Վայքում լուրեր են տարածվել, թե Արմենն ինքն է այրել իրեն, մինչդեռ այրված տղամարդու հարազատները կատարվածը համարում են առեղծված:
Նշենք, որ, ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, նշված տարածքում գտնվել է “Դեու Նեքսիա” մակնիշի ավտոմեքենա, որի առջեւ էլ ընկած է եղել Արմենի այրված դին: Մեզ հետ զրույցում Ջրվեժ համայնքի ղեկավարի օգնական Սուսաննա Թադեւոսյանն ասաց, որ դիակն առաջինը տեսել են նշված տարածքից աղբահանությամբ զբաղվող մարդիկ. “Երբ աղբը հավաքելիս են եղել, տեսել են այդ այրված մարմինը, բայց նման անուն-ազգանունով մարդ մենք մեր գյուղում չենք ճանաչում, նման բնակիչ գյուղում չունենք: Օյ, մենակ տեսնեիք. այդ այրված մարդու մարմինը շատ վատ վիճակում էր, ու անգամ ինձ թույլ չտվեցին մոտենալ”:
Ինչպես արդեն նշեցինք, Արմենի դիակը գտել էին “Տաքսի ORFEY” գրառումով “Դեու Նեքսիա” մակնիշի մեքենայի առջեւ: Տաքսի ծառայության ավտոմեքենայի վրա նաեւ հեռախոսահամարներ կան գրված:
“Ժողովուրդ”-ը նախ փոքրիկ ուսումնասիրություն կատարեց ՀՀ պետռեգիստրում եւ պարզեց, որ “ORFEY” անունով տաքսի ծառայություն չկա գրանցված, սակայն դրա փոխարեն կա “Օրֆեյ” ՍՊԸ անունով ընկերություն, որի հիմնադիրներն են Անահիտ Գրիգորյանն ու Օֆելյա Էլոյանը: Այնուամենայնիվ, մեքենայի վրա գրված “տաքսի ծառայության” հեռախոսահամարով զանգահարեցինք, եւ մեզ պատասխանեց Անահիտ անունով մի կին եւ ասաց, որ դա իր տան համարն է, եւ ոչ մի տաքսի ծառայության հետ ինքը կապ չունի:
Անահիտ Մելքոնյանի խոսքով, ինքը նոր է վերադարձել Ռուսաստանից, սակայն իր բնակարանի հեռախոսահամարը միշտ աշխատել է. “Ես թոռնիկիս հետ նոր եմ եկել Հայաստան, ու այսօր ինձ վաղ առավոտյան ժամը 6:30 զանգահարում եւ տաքսի են պատվիրում: Ես ասում եմ, որ սա տաքսի ծառայություն չէ: Իմ բացակայության ժամանակ քույրս է ապրել իմ բնակարանում, եւ նա շատ նորմալ մարդ է: Չգիտեմ, թե ինչ է կատարվում: Մեր հեռախոսահամարը մեզ է պատկանում եւ երբեք անջատված չի եղել”,-ասաց Անահիտը՝ վստահեցնելով, որ ինքը կապ չունի եւ չի ճանաչում Արմեն Մովսիսյան անունով որեւէ մեկի:
Միգուցե տիկին Անահիտին Արմեն Մովսիսյան անուն-ազգանունը որեւէ բան չի ասում, բայց այրված Արմենին ճանաչում է իր քո՞ւյրը՝ Կարինեն: Զրուցեցինք նաեւ Կարինեի հետ, որը քրոջ՝ Հայաստան գալու օրը գնացել է Սեւան՝ հանգստանալու: Մեզ հետ զրույցում Կարինե Մելքոնյանն ասաց, որ իրենց բնակարան շուրջ 7-8 ամիս զանգահարել են միայն կանայք եւ տաքսի են պատվիրել. “Ես ընդամենն այդ մի քանի ամիսն եմ ապրել քրոջս տանը: Ու այդ ընթացքում ժամը 6-ին, 7-ին, 9-ին զանգահարում էին ու տաքսի էին պատվիրում: Ոչ մի անգամ տղամարդ չի զանգահարել, միայն կանայք են եղել ու տարբեր ձայներով: Չգիտեմ, արդեն գժվել էի: Այս ամենը «Արմենթելի» հետ կապված ու ապօրինի գործ է: Ես ինքս Արմեն Մովսիսյան անունով ծանոթ չունեմ, եւ այս դեպքի հետ էլ մենք կապ չունենք: Շատ սարսափելի է այն, ինչ հիմա լսում եմ: Այս ինչ զարմանալի պատմություն է”:
Իսկապես: Այս պատմությունը զարմանալի եւ առեղծվածային է նաեւ Արմենի հարազատների համար:
“Ժողովուրդ”-ի հետ զրույցում այրված տղամարդու հորաքրոջ որդին` Գարիկն ասաց, որ վերջին անգամ Արմենին տեսել է 15 օր առաջ, ով իրեն ասել է, թե պատրաստվում է վերադառնալ հայրական տուն` Վայք քաղաք: “Երկու դպրոցական որդի ուներ: Կինը՝ Մարին, Վայք քաղաքից է: Ընտանիքն ապրում է նորմալ պայմաններում, բայց, չգիտես ինչու, Արմենը նախընտրեց Երեւանում գործ անել”,- լացակումած ներկայացրեց Գարիկը:
Ըստ մեր զրուցակցի, Արմենը պարտքեր կամ թշնամինր չի ունեցել, որ նրա հետ այսպես վարվեին. “Վայքի կադաստրում էր աշխատում: Այնտեղ կրճատումներ եղան, ու ինքը ընկավ կրճատման տակ: Դրանից հետո մեր քաղաքում բանջարեղենի բիզնես էր անում, ու ամեն ինչ լավ էր: Բայց դա էլ թողեց ու սկսեց տաքսի քշել: Ախր դա կարող էր անել մեզ մոտ՝ Վայքում, բայց, չգիտես ինչու, նախընտրեց Երեւանը: Չգիտեմ, թե մայրաքաղաքում որտեղ էր տարածք վերցրել, որտեղ էր ապրում”:
Գարիկի խոսքով, Արմենը ոչ մի առողջական խնդիր չի ունեցել, եւ, առհասարակ, նրա մոտ հարազատները ոչ մի տարօրինակ բան չեն նկատել: “Հոգեկան որեւէ խնդիր չի ունեցել: Դե, ընտանեկան անհաշտություններ եղել են, բայց դա բոլորի տանն էլ լինում է: Արմենը լուրջ, հավասարակշռված տղա էր, նա չէր կարող իրեն այրել, իսկ թե հիմա Երեւանում ինչ եղել, ոչնչից տեղյակ չենք”:
Գարիկից տեղակացանք նաեւ, որ Արմենի հարազատները դեռեւս տեղյակ չեն, որ նման բան է կատարվել. “Հիմա նրա հայրը, նստած բակում, նարդի է խաղում ու ինձ էլ ասաց, թե՝ Գարիկ, Արմենը ասել է, որ գալու է գյուղ ու էլ չի գնալու, չէ՞: Էհ, մտքիս մեջ ասացի՝ Էռնեստ հայրիկ, Արմենը ընդմիշտ կգա Վայք ու կմնա”:
Համաձայնեք, որ այս պատմությունում շատ անհասկանալի հարցեր կան. օրինակ, ինչպես է պատահել, որ Արմենի վարած տաքսի ծառայության հեռախոսահամարները միանգամայն այլ մարդու բնակարանի հեռախոսահամարն է: Կամ՝ ինչպե՞ս կարող էր Արմենը շաբաթներով տուն չվերադառնալ, ու հարազատները չիմանային այդ մասին: Հուսանք, որ այս առեղծվածային պատմությունը կբացահայտվի:
Նշենք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով
Քնար Մանուկյան
“Ժողովուրդ” օրաթերթի 598 համար
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի