ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆ
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով նախաքննական մարմինը հուլիսի 12-ին նոր դատահետքաբանական փորձաքննություն է նշանակել: Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանն ասաց, որ փորձաքննության արդյունքները դեռեւս պատրաստ չեն, իսկ թե երբ դրանք պատրաստ կլինեն, ինքը դեռ չգիտի ու առանձնապես հույս էլ չի կապում. «Ներկա պահին Հայաստանի բոլոր ատյաններն ենք սպառում, քանի որ այլ բան էլ չի մնում անել, ու գործը գնում է նրան, որ Եվրադատարան դիմենք: Սպասելիք չունենք»:
ՏՀԱՃ ԻՐԱՎԻՃԱԿ
Երեկ` ժամը 10.45-ից մինչեւ 13.50-ի սահմանները Երեւանի Իսակովի պողոտայի երթեւեկությունը «անշարժ» վիճակում էր: Ու սա ո՛չ առաջին, ո՛չ էլ, թերեւս, վերջին դեպքն է: Գրեթե ամեն օր Իսակովի պողոտայով երթեւեկող քաղաքացիները ստիպված են լինում նվազագույնը 40 րոպե ծախսել այդ հատվածի վրա:
ՀՀ ճանապարհային ոստիկանությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ վթարներն են դառնում խցանումների պատճառ, եւ իրենք ոչինչ չեն կարող անել: Իսկ ապահովագրական ընկերությունները «ուղտի ականջում քնած են» եւ դեպքի վայր են հասնում ժամեր անց: Արդյունքում տուժում է ՀՀ քաղաքացին, որը ժամերով չի կարողանում տեղ հասնել:
ՉԵՆ ԴԻՄԵԼ
Ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատները երեկ հավաքվել էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Երեւանյան գրասենյակի մոտ` իրենց որդու մասին տեղեկություն ստանալու նպատակով: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Հակոբի եղբոր՝ Հարութ Ինջիղուլյանի հետ. «Կարմիր խաչից մեզ ասացին, որ Հակոբը երրորդ երկիր չի գնա, հաստատ կվերադառնա Հայաստան»: Զինծառայողի հարազատներին ԿԽՄԿ-ից նաեւ տեղեկացրել են, որ Բաքվի գրասենյակը դիմել է իշխանությանը` հանդիպում կազմակերպելու համար, եւ դեռեւս սպասում են պատասխանին:
Իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հետաքրքրվո՞ւմ է մեր համերկրացու ճակատագրով: «Ժողովուրդ»-ի այս հարցին Անդրեասյանի մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը պատասխանեց. «Քանի որ ՄԻՊ-ը որեւէ դիվանագիտական հարաբերություն չունի Ադրբեջանի հետ, այդ պատճառով մենք համագործակցում ենք ԿԽՄԿ-ի հետ, իրենք են զբաղվում, մենք պարզապես տեղեկություն ենք ստանում նրանցից»: Մեզ հետ զրույցում Նաիրան ասաց, որ դիմել են ՊՆ՝ պարզաբանում ստանալու համար, թե ինչ վիճակով է զինծառայողը մեկնել ծառայության, եւ, եթե ուներ տեսողության հետ խնդիրներ, արդյոք կարելի՞ էր նրան ուղարկել սահմանակետ: Օմբուդսմենի մամլո խոսնակը տեղեկացրեց նաեւ,որ դեռեւս այս հարցով չեն դիմել միջազգային կառույցներին, բայց եթե կարիքը լինի, կդիմեն: