2008 թվականի փետրվարի 11-ին «Առդա» բարեգործական հիմնադրամի, Վանաձորի քաղաքապետարանի եւ Հայաստանի «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի միջեւ կնքված պայմանագրի համաձայն, առաջին փուլում Տարոն-3 թաղամասում կառուցվել էր 33 երեք սենյականոց բնակարան: Այդ բնակարանները հատկացվել էին տնակային ավաններում բնակվող ոչ աղետի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին: Նշենք, որ Վանաձորը հանրապետության այն եզակի քաղաքն է, որն իր միջոցների հաշվին բնակարաններ է կառուցել նաեւ ոչ աղետի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար: Դրանք հիմնականում Վանաձորի տնակային ավանների բնակիչներն են: Ծրագրի երկրորդ փուլում՝ 2011 թվականին, Վանաձոր համայնքի կողմից տրամադրված անավարտ շինությունների հիմքի վրա կառուցված շենքում շահագործման էր հանձնվել եւս 15 նորակառույց երկու սենյականոց բնակարան: Ժամանակի ընթացքում առաջացել էին խնդիրներ, որոնց լուծման նպատակով թաղամասի բնակիչները դիմել էին Վանաձորի քաղաքապետին: Թաղամասի բնակիչների բողոքներն ուսումնասիրելու նպատակով «Առդա» բարեգործական հիմնադրամի, «Ֆուլեր» տնաշինական կենտրոն բարեգործական հասարակական կազմակերպության եւ Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից համատեղ ուսումնասիրվել է Տարոն-3 թաղամասի, ՔՇՀ-7 թիվ 22 եւ 23 շինությունների վիճակը: Պարզվել է, որ շենքի հյուսիսային ճակատի ոչ կոնստրուկտիվ թերությունները եւ լեռնային խճի նստվածքն առաջացել են ջրհորդանների եւ սալվածքի բացակայության պատճառով, որը նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված չէր եղել:
Վանաձորի քաղաքապետարանի կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն, Տարոն-3 թաղամասի, ՔՇՀ-7 թիվ 22 եւ 23 շինությունների ուսումնասիրության արդյունքում նախատեսվել են գործողություններ երեք ուղղություններով. առաջին հերթին շենքերի հյուսիսային մասում կառուցել ջրհորդաններ եւ սալվածք՝ անձրեւաջրերի մուտքը շենքերի հիմնատակ արգելելու նպատակով, երկրորդ՝ դիմել «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի ղեկավարությանը՝ շենքերի գազաֆիկացման համար անհրաժեշտ արտաքին գազատար խողովակաշարը ընկերության միջոցներով կառուցելու նպատակով։ Եվ երրորդ՝ թաղամասի արտաքին լուսավորության խնդիրը լուծել ծրագրի հաջորդ փուլում նախատեսված 2 կիսակառույց շենքերի ավարտական շինարարական աշխատանքների հետ միաժամանակ: Ներկայումս թաղամասի խնդիրների վերացմանն ուղղված աշխատանքները ընթացքի մեջ են, որոշ մասն ավարտին կհասցվի մինչեւ տարեվերջ:
Լոռի