Արդեն քանի օր է, ինչ արվեստագետների, հին ձեռագրերի մասնագետների ու հետաքրքրասերների ուշադրության կենտրոնում համացանցում տարածված այն տեղակատվությունն է, ըստ որի՝ eBay-ում աճուրդի է հանվել Նարեկացու ձեռագիրը՝ 30.000 դոլար մեկնարկային գնով։
Անդրադառնալով այդ հարցին՝ Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի տնօրեն Հրաչ Թամրազյանը նշել է, որ իրենք հիմա դեռ փորձում են պարզել աճուրդի մասին եղած տեղեկատվության իսկությունը, եւ թե ով է տեղադրել այն: Նա նաեւ հավելել է, որ իրենք միշտ հետաքրքրվում են նման տեղեկություններով եւ հնարավորության դեպքում աշխատում են ձեռք բերել իրենց համար արժեքավոր գրքեր: Եվ հենց վերջին շրջանում Նարեկացու երկու շատ արժեքավոր ձեռագրեր են գնել: Ընդ որում, այդ հարցում Մատենադարանին օգնում են բարերարները:
Իսկ Հայագիտական համազգային կենտրոնի հիմնադիր-նախագահ Գեւորգ Ներսիսյանի կարծիքով էլ՝ վաճառքի հանված Նարեկացու ձեռագիրը, եթե այն իրոք արժեքավոր է, հայկական կողմը պիտի ձգտի անպայման ձեռք բերել, որ հետագայում վերավաճառողներն այն էջ առ էջ չվաճառեն: Ինչպես ասում են՝ նրա տառապանքը փորձ ունի. Լոնդոնում 50 դոլարով գնել է մի շատ յուրահատուկ լուսանցազարդ, իսկ հաջորդ օրը նույն վաճառողը նրան առաջարկել է գրքի մեկ այլ թերթ, որը, ինչպես հետո պարզվել է, իր գնածին հաջորդող էջն է եղել: Գ. Գեւորգյանն ուսումնասիրել է eBay-ում տեղադրված Նարեկացու ձեռագրի լուսանկարները եւ համոզվել, որ պատկերված գրվածքն ու գլխազարդը հիշեցնում են 1600-ականների կեսերի գրվածքները: Ամեն դեպքում նա պատրաստ է առաջարկվող ձեռագրի համար վճարել 5000, բայց ոչ 30 հազար ԱՄՆ դոլար:
Բնական է, որ Նարեկացու ձեռագրերը ձեռք բերելու հարցում առաջինը շահագրգռված է Մատենադարանը, սակայն բանն այն է, որ, ըստ մասնագետների, այդ կառույցը նման գումար չունի, ու, սովորաբար, նման թանկարժեք ձեռագրերը, ինչպես վերեւում նշեցինք, ձեռք են բերվում բարերարների միջոցով: Բայց հարց է առաջանում՝ բարերարները կվճարե՞ն 30 հազար դոլար։
Զանգահարեցինք Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի տնօրենին՝ տեղեկանալու, թե պարզել՞ են արդյոք տեղեկատվության իսկությունը։ Պարոն Թամրազյանը տեղում չէր, իսկ նրա աշխատակցուհին, իմանալով մեր հեռախոսազանգի նպատակը, ասաց, որ շատերն են հետաքրքրվում այդ հարցով, եւ պարոն Թամրազյանն իրեն խնդրել է ասել, որ մի քանի օրից նորություններ կլինեն, որոնց մասին կտեղեկացնի նաեւ լրատվամիջոցներին։ Նշենք, որ eBay-ում աճուրդի հանված ձեռագրի գնման վերջնաժամկետը օգոստոսի 26-ն է:
ՍՊԱՍԵՆՔ ՄԻ ՔԱՆԻ ՕՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռ. ԹԱԹՈՅԱՆ