2012թ օգոստոսի 31-ին հարձակում էր տեղի ունեցել Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի տան վրա: «Ռազբոյնիկները» ամեն ինչ ջարդուփշուր էին արել: Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում քաղաքապետը կարծիք հայտնեց, որ միջադեպն ուներ երկու պատճառ:
Հիշեցնենք, որ նշված օրը հայտնի «թոշակակեր» Վազգեն Խաչիկյանի եղբոր տան վրա հարձակում իրականացնողները եղել էին մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության ծառայության պետ, Բոդոլ մականունով Արսեն Չիչյանն ու նրա հարազատներից Էդգար Հախվերդյանը: Սկզբում նրանք ներխուժել էին Խաչիկյանների հայրական տուն, վնասել կահույքն ու Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի ավտոմեքենան: Դրան հաջորդել էին կրակոցները, որից հետո հարձակվողները դիմել էին փախուստի: Ըստ տարածված տեղեկությունների, այս ամենի հիմնական պատճառը Խաչիկյանների ունեցած տեսաերիզն էր Սերոբ Տեր-Պողոսյանի «քաջագործությունների» մասին: Ըստ լուրերի, Տեր-Պողոսյանի «մարդիկ» Խաչիկյանների տանը փնտրել էին մանկապղծության արարքներն ապացուցող տեսաերիզները:
Տեսակետ կար, որ այս կրակոցներն ունեին նաեւ քաղաքական ենթատեքստ: Ասել է թե՝ հարձակում իրականացրած Արսեն Չիչյանն Ախթալայի քաղաքապետի ընտրություններում սատարել է Սուրեն Թամազյանին, ու այս ամենի արդյունքում Չիչյանը եւ իր հարազատը վրեժխնդիր էին եղել:
Դեռեւս 2012թ. սույն գործով կալանավորվել էին երկու հոգի՝ Էդգար Հախվերդյանը եւ Կարեն Խաչիկյանը: Նշենք, որ Կարենը Ախթալայի քաղաքապետի կրտսեր եղբայրն է, եւ նրան կալանավորել էին այն պատճառով, որ նա էլ իր հերթին էր փորձել վրեժխնդիր լինել Արսեն Չիչյանից:
Ինչեւէ, 2013թ. փետրվարի 15-ին սույն գործը ուղարկվել է Լոռիի մարզի դատախազություն՝ հետեւյալ մեղադրական եզրակացությամբ:
Ըստ դրա, Ա. Չիչյանին եւ Է. Հախվերդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Չիչյանը իր մասին Հայկազ Խաչիկյանի եւ նրա եղբայրների կողմից վարկաբեկող տեղեկություններ է տարածել, ինչից բարկացած՝ 2012 թ. օգոստոսի 30-ին իր բարեկամ էդգար Հախվերդյանի հետ գնացել են Հ. Խաչիկյանի տուն՝ սեռական բնույթի հայհոյանքներ տալով: Այնուհետեւ էդգարը բարձրացել էր Հայկազ Խաչիկյանի ծառայողական «Մերսեդես բենց» մակնիշի 114 ԼԼ 01 համարանիշի մեքենայի տանիքին եւ ցատկոտել դրա վրա, իսկ Արսեն Չիչյանը հարվածել է մեքենայի դիմապակուն՝ պատճառելով ընդհանուր 483.000 ՀՀ դրամ արժողության գույքային վնաս:
Այնուհետեւ Արսենն ու Էդգարը կոտրել են Խաչիկյանի բնակարանի մուտքի դուռը, մուտք գործել բնակարան, վնասել տունը՝ այդ ընթացքում շարունակելով բարձրաձայն Խաչիկյանների հասցեին տալ սեռական բնույթի հայհոյանքներ։
Իսկ Կարեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վրեժխնդիր լինելու նպատակով նա իր հորեղբոր որդու՝ Վաչագան Խաչիկյանի հետ նշված օրը, իր հետ վերցնելով ռետինե մահակ, գնացել է Արսեն Չիչյանի հոր՝ Բենիկ Չիչյանի տուն, ջարդել Բենիկ Չիչյանի տան գույքը եւ ռետինե մահակով հարվածել է Բենիկ Չիչյանի կնոջը՝ Նունե Խաչիկյանին եւ ծեծի ենթարկել նրան:
Այս գործի դատաքննությունը դեռ շարունակվում է Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, իսկ թե ինչն էր այս աղմկահարույց պատմության իրական պատճառը, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել հենց քաղաքապետից:
-Պարո՛ն Խաչիկյան, Ձեզ համար պարզե՞լ եք, թե որն էր այս աղմկահարույց դեպքի հիմնական պատճառը:
-Պատճառներն իրականում անհայտ չեն: Իրենք նախկին թեկնածուին էին պաշտպանում եւ խոստումներ էին դրել՝ հասնել իրենց ուզածին: Այդպես տրամադրվել էին, որ իրենց ամբողջ ուժերը դնեին այդ թեկնածուի համար, պայքարեն եւ հաղթանակի հասնեն:
-Ըստ լուրերի, սա միակ պատճառը չէ: Ասում են, որ Դուք տեսաերիզ եք պահել Ձեր տանը, եւ Սերոբ Տեր-Պողոսյանի կողմնակիցները դա են փնտրել:
-Նման բան չկա: Եթե նման բան լիներ, արդեն մեկ տարի է անցել, մի բան կլիներ:
-Այսինքն, Դուք այդպիսի տեսաերիզ չունե՞ք:
-Ո՛չ:
-Ի՞նչ եք կարծում, միակ պատճառը քաղաքակա՞ն էր, թե՞ այլ բան կա:
-Եվս մեկ պատճառ կա, դա այն է, որ մենք բացահայտել ենք Սերոբ Տեր-Պողոսյանի գործը: Իրենք շատ նեղված են եւ ամեն կերպ փորձում են մեզնից վրեժ լուծել:
-Իսկ Դուք Ձեր եղբոր արարքն արդարացնո՞ւմ եք:
-Այնքանով է արդարացված, որ այդ վիճակը տեսնողը ձեռքերը ծալած չէր նստի եւ, այդ ամենը տեսնելով, մի բան կաներ։ Սակայն իմ եղբայրը այն չի արել, ինչ ներկայացնում են. թե իբր ծեծել է, ջարդել է:
-Ներկա պահին Ձեր եղբայրը՝ Վազգեն Խաչիկյանը, մարդկանց կենսաթոշակները յուրացնելու գործով անազատության մեջ է: Չի բացառվում, որ նրան կդատապարտեն: Ի՞նչ եք պատրաստվում անել:
-Դժվարանում եմ որեւէ բան ասել:
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ Է, ՈՐ ՍԵՐՈԲԻՆ «ՓՈՒՌՆ ԵՆ ՏՎԵԼ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ