Ժառանգությունը նամակ է հղել Քեմբրիջի համալսարանի ուսանողին դատելու վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի ավագանու “Բարեւ Երեւան” խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն այսօր՝ օգոստոսի 26-ին նամակով դիմել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ Արմավիրի մարզի դատախազ Սամվել Սինանյանին՝ Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Արամ Մուղալյանի եւ նրա ընկերների գործի վերաբերյալ:
Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
“Սույն թվականի ապրիլի 21-ին Արմավիրում ձերբակալվել են 4 երիտասարդներ, ովքեր մեղադրվում են Նորապատ գյուղում դեզ այրելու փորձ անելու համար, եւ ահա 4 ամսից ավելի է՝ Նուբարաշենի կալանավայրում են պահվում: Երիտասարդներից մեկին անձամբ եմ ճանաչում՝ որպես “Լույս” հիմնադրամի շահառու, ով ավարտել է Քեմբրիջի համալսարանի մագիստրատուրան  ու մագիստրոսի աստիճանով վերադառնալով Հայաստան՝ մինչ կալանավորվելն աշխատել է: Մեղադրանքը համոզիչ չէ, տուժող գյուղացին սկզբից չի բողոքել, որովհետեւ, ինչպես երեւում է մեղադրականից, դեզն ընդամենը ծխահարվել է: Հետո ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, որոնք մեզանում շատ տարածված են, մտափոխվել է:
Այս մեղադրականն անտրամաբանական է եւ վստահություն չի ներշնչում հասարակությանը: Մի պահ եթե անգամ ընդունենք, որ դեզն այրելու փորձ արվել է երիտասարդների կողմից, մի՞թե իրավապահներն իրավունք ունեին  չապացուցված մեղադրանքի համար նրանց կալանավորել: Մի՞թե նրանք այնքան մեծ վտանգ էին իրենցից  ներկայացնում հասարակության համար, որ դատարանը որոշել է կալանավորել այն դեպքում, երբ, կարծում եմ, որ ՀՀ օրենսդրությունը թույլ էր տալիս այլընտրանքային մոտեցում ցուցաբերել, օրինակ՝ ավելի ճիշտ քայլ չէ՞ր լինի նրանցից պահանջել դեզին պատճառած վնասը հատուցելը, քան ազատազրկելը: Մի՞թե համաչափ պատիժ է կիրառվել այս պարագայում, ինչի՞ համար են կալանավորվել երիտասարդները, ո՞ւմ են նրանք վնասել, ո՞վ է պատասխան տալու նրանց հասցված բարոյական եւ նյութական վնասի համար: Մի՞թե սա արդարադատություն է: Վերջապես պետությունը 4 ամսից ավելի անտեղի գումար է ծախսում այդ երիտասարդներին կալանավայրում պահելու համար այն դեպքում, երբ կարելի էր չծախսել:
Խնդրում եմ պատասխանել հասարակությանը անչափ հուզող վերոնշյալ հարցերին, որոնց առկայությունը մեկ անգամ եւս  վկայում է մեր երկրում արդարադատության մահամերձ վիճակի  մասին, որի համար պատասխանատու է նաեւ Ձեր ղեկավարած կառույցըե,- գրել է Անահիտ Բախշյանը:




Լրահոս