Վիրավոր զինվորներից մեկին աչքի ռեկոնստրուկտիվ վիրահատություն են կատարել. այցելել է նախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով Արցախում աչքերի ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողներից մեկն ապրիլի 30­-ին վիրահատվել է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում: Կատարվել է աջ աչքի ռեկոնստրուկտիվ վիրահատություն, հեռացվել է օտար մարմինը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է ակնաբուժական կենտրոն և բժիշկների հետ քննարկել վիրահատված զինծառայողի բուժման հետագա մանրամասները:

Նախարարին ներկայացվել են կատարված միջամտությունների տեսակները, ինչպես նաև տեղեկացվել, որ այժմ մասնագետները քննարկում են ձախ աչքի վիրահատության հնարավորությունը:

«Վիրավորը հրազենային վնասվածք է ստացել, հեռացվել են ներակնային օտար մարմինները, մնացորդային հյուսվածքները: Աջ աչքի վիճակը ծանր էր, բայց հուսալի»,-­ նշել է ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը` հավաստիացնելով, որ մասնագետները ջանք չեն խնայի վիրավորի տեսողությունը լավացնելու և վերականգնելու համար:

Այնուհետև Արմեն Մուրադյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ մասնագետների հետ քննարկել է ծանր վիրավորների հետագա վերականգնողական բուժման ընթացքը, ինչպես նաև անհրաժեշտ դեղերով և բժշկական նշանակության պարագաներով ապահովվածության հարցերը: Նախարարը զրուցել է վիրավորների և նրանց հարազատների հետ` հավաստիացնելով, որ ապաքինման գործընթացն իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է:




Լրահոս