ՀՀ կրթության և գիտության նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 2016թ. մայիսի 16-ին կյանքից հեռացել է ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Սեմյոն Տիգրանի Հախումյանը:
Հախումյանը ծնվել է 1930 թվականի փետրվարի 17-ին, Երևանում:
1952 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը:
1965-1972 թվականներին աշխատել է ԵՊՀ պրոռեկտոր,
1972-1973 թվականներին՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր,
1973-1988 թվականներին՝ ՀԽՍՀ լուսավորության նախարար,
1988-1989 թվականներին՝ ՀՀ ժողկրթության նախարար,
1992-2000 թվականներին ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր:
2011 թվականից ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդականն էր:
Սեմյոն Հախումյանը բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ է: Արժանացել է մի շարք պարգևների:
ՀՀ պետական մրցանակի դափնեկիր է:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Հախումյանների ընտանիքին և հարազատներին: Սեմյոն Տիգրանի Հախումյանի անունը և ավանդը, որպես կրթության ոլորտի երախտավորի՝ մշտապես կմնա մեր հիշողություններում:
Սեմյոն Հախումյանի թաղման կապակցությամբ ձևավորվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ:
Կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է.
Հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 17-ին ժամը 1800-ին Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Թաղման արարողությունը՝ մայիսի 18-ին, ժամը 1300-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց: