«Ժամանակ» թերթը գրում է. «Թերթը զրուցել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
-Պարո՛ն Կիրակոսյան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում և այդ հանդիպման արդյունքները: Կարծում եք՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կիրագործվե՞ն, թե՞ կմնան թղթի վրա: Ինչո՞վ է կարևոր Վիեննան:
-Վերջին հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Վիեննայում կարևոր էր մի քանի պատճառներով: Նախ՝ կարևոր էր այն, որ հանդիպումը կայացավ՝ հաշվի առնելով քառօրյա պատերազմը Ղարաբաղում, Ադրբեջանի լայնածավալ հարձակումը: Դա Ադրբեջանի ամենախոշոր հարձակումն էր 1994թ. զինադադարի հաստատումից հետո: Միայն փաստը, որ նախագահները հանդիպեցին՝ ինքնին շատ կարևոր է:
Երկրորդ հետաքրքիր հանգամանքն այն է, որ հանդիպումը տեղի ունեցավ ոչ թե Ռուսատանում՝ Սոչիում կամ այլուր, այլ Վիեննայում: Սա ռուսական դիվանագիտական նախաձեռնություն չէր, հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում էր՝ հավասարապես թե՛ ԱՄՆ-ի և թե՛ Ֆրանսիայի ջանքերով:
Երրորդ կարևոր գործոնն այն է, որ հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ պետքարտուղար Քերին, ՌԴ արտգործնախարար Լավրովը, ինչպես նաև Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրը: Սա ավելի ներկայացուցչական դարձրեց հանդիպումը:
Չնայած այս ամենին, ես փոքր-ինչ թերահավատ եմ, քանի որ Ադրբեջանի նախագահը տվել է համաձայնություն հանդիպելու ՀՀ նախագահի հետ հունիսին, բայց պարտադիր չէ, որ կատարի իր խոստումը: Եվ վերջապես՝ Ադրբեջանը փոխել է իր դիրքորոշումը և համաձայնել է զինադադարի համաձայնագրի իրագործման մշտադիտարկմանը և շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը: Այսպիսով, ՀՀ պահանջներից շատերը կատարվեցին այս հանդիպմանը, բայց վտանգ կա, որ Ադրբեջանը խաղում է ժամանակի վրա, և պարզ չէ, թե որքանով կկատարի իր խոստումը և թույլ կտա՞ արդյոք ստեղծել հետաքննության մեխանիզմները:
-Նախագահների հանդիպումը կնպաստի՞ հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը:
-Այդ հարցը վերաբերում է Ադրբեջանին: Ադրբեջանը շարունակեց հարձակումները նույնիսկ հանդիպումից հետո, որի հետևանքով, ցավոք, զոհվեց երկու զինվոր, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից էր: Հետևաբար, սա քննություն է Ադրբեջանի համար, թե որքանով է հավատարիմ իր խոստումներին:
-Շատերը կարծում են, որ Վիեննայի հանդիպումը ՀՀ-ի դիվանագիտական հաջողությունն էր, քանի որ միջնորդները և Ադրբեջանը ընդունեցին Սերժ Սարգսյանի առաջադրած պայմաններից մի քանիսը: Համաձա՞յն եք այս տեսակետի հետ:
-Դա ոչ թե տեսակետ է, այլ փաստ: Հայաստանը դիվանագիտական տեսանկյունից ավելի ուժեղ դիրքերում էր անգամ Վիեննայից առաջ: Հայաստանի պահանջներից շատերը ընդունվեցին Վիեննայի գագաթնաժողովում: Այո՛, սա Հայաստանի դիվանագիտական հաղթանակ է, բայց գլխավոր խնդիրը, ինչպես արդեն նշեցի, այն է, թե հավատարիմ կլինի՞ Ադրբեջանը իր խոստումներին, թե՞ ոչ:
-Ադրբեջանը ձախողվեց ռազմի դաշտում, այդ պատճառո՞վ է ստիպված վերադառնալ բանակցային սեղանի շուրջ:
-Պարտադիր չէ, որ դա լինի պատճառը: Ես շարունակում եմ թերահավատ մնալ և շատ անհանգստացած եմ: Ադրբեջանն այսօր մեկուսացած վիճակում է, քանի որ նա է ագրեսորը և լուրջ սպառնալիք է առաջացրել տարածաշրջանային անվտանգության համար: Ալիևը վերադարձավ դիվանագիտական դաշտ, գնաց Վիեննա: Առայժմ վաղ է ասել, թե ո՞րն էր սրա իրական պատճառը: Հնարավոր է՝ սա տակտիկական քայլ էր Ալիևի կողմից՝ ժամանակ շահելու նպատակով, որովհետև իրականում չկա որևէ բան, որն առաջիկա ամիսներին հետ կպահի Ադրբեջանին նոր հարձակումից»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։