Մշակույթի նախարարությունում կայացել է տարվա ամենանշանավոր մշակութային իրադարձություններից մեկի՝ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մեկնարկն ազդարարող առաջին մամուլի ասուլիսը: Հուլիսի 10-ից 17-ը նախատեսվող կինոփառատոնի առաքելությունը Երևանը մշակույթի և կինոյի միջազգային կենտրոն դարձնելն է, ինչը հաջողությամբ իրականացվում է 13 տարի անընդմեջ:
Ասուլիսը մեկնարկել է փառատոնի այս տարվա պաշտոնական ազդագրի ներկայացմամբ: Ազդագրի դիզայնի հեղինակն է The Sign դիզայն ստուդիան:
Ասուլիսի բանախոսներ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը ներկայացրել են 13-րդ «Ոսկե ծիրան»-ի հիմնական ծրագրերն ու ընդգծել փառատոնի կարևոր նշանակությունը:
Այս տարի փառատոնին ներկայացվել է ավելի քան 900 ֆիլմի հայտ՝ 91 երկրից: Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է շուրջ 135 ֆիլմ:
Փառատոնի գլխավոր գործընկերը Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Այս տարի լրանում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի համագործակցության տասը տարին:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր խոսքում գոհունակությամբ նշել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նկատմամբ մշտապես առկա մեծ հետաքրքրությունն ու հանրային պահանջարկը, ապա՝ անդրադարձել 2016 թվականի փառատոնի խորհրդին. «Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնն առանձնահատուկ է, քանի որ նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Փառատոնն անկախության ծնունդ է: Լինելով ինքնուրույն, որոշակի իմաստով նաև սինթետիկ ստուգատես, «Ոսկե ծիրանը» ներառում է այն բոլոր հասկացությունները, որոնք բնորոշում են անկախությունը՝ խաղաղություն, մարդասիրություն, ժողովրդավարություն»: Նախարարի խոսքով, փառատոնի շնորհիվ այս տարիներին հնարավոր է եղել վերացնել գոյություն ունեցող բազմաթիվ սահմաններ: Հասմիկ Պողոսյանի գնահատմամբ, չափազանց կարևոր է կինոփառատոնի շրջանակում ունենալ «Հայկական կինո. արդի ժամանակները» խորագրով անվանակարգը, որն այս տարի է ընդգրկվել փառատոնի ծրագրում և ամփոփում է 25-ամյա ազատ, անկախ Հայաստանի կինոարվեստը:
«Այս տարի փառատոնի 13-րդ մեկնարկն է: Կարող է թվալ, որ մարդիկ հոգնել են մեզնից, մենք՝ մեր աշխատանքից, մանավանդ այսպիսի դժվար մարտահրավերների ժամանակ և՛ մեր երկրի, և՛ ընդհանրապես աշխարհի համար: Հաշվի առնելով այս ամենը՝ ես հուզմունքով պետք է նշեմ, որ առավել քան շնորհակալ եմ և՛ Մշակույթի նախարարությանը, և՛ ՎիվաՍել-ՄՏՍ-ին մեր կողքին Մասիս սարի պես կանգնելու համար:
Մենք պետք է ցույց տանք, որ չենք թուլացել և պատրաստ ենք ամեն տեսակի մարտահրավերի: Փառատոնը այս տարի ևս ունի բազմաթիվ ծրագրեր, որոնք ներառում են աշխարհի տարբեր երկրներից հռչակավոր ռեժիսորների և նրանց ֆիլմերը»:
Փառատոնը մեծ ծրագրով անդրադարձ է կատարում Հայաստանի Հանրապետության 25 ամյակին: Սա իր հերթին մի հետադարձ կինոհայացք է հանրապետության անցած ուղուն»,-ասել է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը:
«Կինեմատոգրաֆն արդի առասպելի ստեղծողն է: Գեղարվեստական ֆիլմերի միջոցով է ապահովվում ազգային կերպարի, խորհրդանշանների և էպոսի ներկայացումն ու դրանց շարունակականությունը: Ազգերը, որոնք չունեն սեփական կինեմատոգրաֆը, կորցնում են կապը սեփական առասպելի հետ, հայտնվում փակուղու առաջ և ենթարկվում բացառապես այլ մշակույթների առասպելների ազդեցությանը: Հարկ չկա նշելու, թե ժամանակակից աշխարհում որքան կարևոր է ունենալ ազգային կինեմատոգրաֆի կայացած դպրոց՝ նաև որպես զանգվածային հաղորդակցության հզորագույն գործիք, որը միաժամանակ ծառայում է ազգային ինքնության պահպանմանն ու ազգային շահերի առաջխաղացմանը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Արտամրցութային ծրագրերը դարձյալ լինելու են հագեցած և բազմազան: «Ոսկե ծիրան»-ի կարևորագույն ու անբաժան մաս դարձած «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» ծրագրերն այս տարի ևս ներկայացնելու են համաշխարհային կինոյի վարպետների նոր ու հին լավագույն աշխատանքները:
«Հայկական կինո. արդի ժամանակներ»
«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում անդրադարձ է լինելու Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: «Հայկական կինո. արդի ժամանակներ» խորագրի ներքո ներկայացվելու են 25 տարվա ընթացքում նկարահանված խաղարկային և վավերագրական լավագույն 17 ֆիլմերը: Ծրագիրը կբացի Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություն պատերազմի և խաղաղության օրերից» (2007) ֆիլմը: Ծրագիրը համադրող կինոքննադատները յուրաքանչյուր ֆիլմից առաջ կներկայացնեն ֆիլմի ստեղծման պատմությունը, իսկ ծրագրի ավարտին նախատեսված է կլոր սեղան – քննարկում, որը կանդրադառնա անկախության շրջանի կինոյի պատմությանը, զարգացման ուղիներին և խնդիրներին:
Շեքսպիրն ապրում է կինոյում
«Ոսկե ծիրան»-ը Հայաստանում Բրիտանական Խորհրդի հետ համատեղ հատուկ ծրագիր կներկայացնի՝ նվիրված անգլիացի հռչակավոր գրող Վիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարլիցին: Ծրագրի շրջանակներում կցուցադրվեն հեղինակի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված լավագույն կինեմատոգրաֆիական նմուշները:
Ֆրանսիական նոր կինո
Ծրագիրն իրականացվում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ: Ներառված են վերջին շրջանի ֆրանսիական լավագույն ֆիլմերից երեքը: Բացումը կկայանա Պիեռ Լեոնի «Երկու, Ռեմի, երկու» (2015) ֆիլմով:
Դանիական նոր կինո
Այս կինոծրագիրն իրականացվում է Դանիական կինոինստիտուտի հետ համատեղ: Ի դեպ, սա Դանիական կինոինստիտուտի և «Ոսկե ծիրանի» արդեն երկրորդ համագործակցությունն է: Կներկայացվեն վերջին 5 տարիների լավագույն դանիական ֆիլմերը: Թոմաս Վինթերբերգի «Համայնք»-ով (2016) կմեկնարկի ծրագիրը:
Բասկական նոր կինո
Առանձին ծրագրով կներկայացվեն բասկ կինոռեժիսորների լավագույն աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է Epe-Apv ընկերության աջակցությամբ և ընդգրկում է չորս ֆիլմ: Ծրագրի բացումը կկայանա Լառա Իզագիրի «Աշուն առանց Բեռլինի» (2015) ֆիլմով:
Հարգանքի տուրք
«Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կկազմակերպվեն հայկական կինոարվեստի երախտավորներ Դմիտրի Կեսայանցի, Էդմոնդ Քեոսայանի, Ռուբեն Գևորգյանցի և Ռոման Բալայանի հոբելյանական երեկոները:
Դմիտրի Կեսայանցի, Էդմոնդ Քեոսայանի և Ալբերտ Յավուրյանի հոբելյանների առթիվ անվանական աստղեր կտեղադրվեն Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:
Ռուբեն Գևորգյանցի 70-ամյա հոբելյանի կապապցությամբ կցուցադրվի «Հրաշագործի աշունը» (2008) ֆիլմը: