ԼՎԱՑՔԻ ՓՈՇԻ` ԱՎԾ-ԻՆ
Ստեփան Մնացականյանի ղեկավարած Ազգային վիճակագրական ծառայությունն ամենատարրական ապրանքները եւս գնում է ՀՀ պետական բյուջեի հաշվին: Օրինակ՝ վերջերս ԱՎԾ-ն մոտ 110 հազար դրամի կենցաղային եւ հանրային սննդի նյութեր է գնել՝ անձեռոցիկ, էլեկտրաշիկացման լամպ, ձեռքի օճառ, զուգարանի թուղթ, մեկուսիչ ժապավեն եւ այլն: Բացի այդ՝ ԱՎԾ-ն ՀՀ պետբյուջեի հաշվին գնել է 2 լիտր էթիլ սպիրտ, 4.5 կգ լվացքի փոշի եւ այսպես շարունակ: Փաստորեն, ԱՎԾ-ում զբաղված են ոչ միայն թվեր նկարելով, այլեւ լվացք անելով:
110 ՀՈԳԻ ԿՈՂՄ
Երեկ Ազգային ժողովը 110 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Դեմ եւ ձեռնպահ քվեարկողներ չեղան: Հիշեցնենք, որ այդ նախագիծը կանոնակարգում է ինտերնետ տիրույթում ահագնացող գրագողությունը: Այսուհետ նյութերը պետք է արտատպվեն «նպատակն արդարացնող ծավալով»՝ ոչ ամբողջությամբ:
ՉԱՐԻՔՆԵՐԻՑ ՄԵԿԸ
«Ոչ պրոֆեսիոնալ դատախազը չարիք է, որովհետեւ նրա պատճառով կարող են խեղվել ճակատագրեր». այս խոսքերի հեղինակը ՀՀ զինդատախազ, ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանն է: Երեկ ԱԺ-ում իր ելույթի ժամանակ նա հայտարարել է նաեւ, որ «դատախազի ոչ պրոֆեսիոնալությունը եւ կոռուպցիան դատական համակարգում տեղ չունեն, իսկ նրանք, ովքեր համամիտ չեն լինի այդ կարծիքին, տեղ չեն ունենա համակարգում»: Հետաքրքիր է, Գ. Կոստանյանը երբեւէ մտածե՞լ է, որ ոչ պրոֆեսիոնալ զինդատախազը եւս չարիք է, ու նրա կայացրած որոշումների համար նույնպես բազմաթիվ մարդկանց ճակատագրեր են խեղվում, իսկ դրա վառ օրինակը վերջերս իր կողմից կատարված որոշումն էր, երբ Ավետիք Բուդաղյանին սպանողներն անմեղ ճանաչվեցին: Այսքանից հետո չարիքից խոսելն առնվազն տարակուսելի է: Հավանաբար այսօր ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությամբ պատգամավորները ՀՀ գլխավոր դատախազ կընտրեն:
ԱԶԱՏՄԱՆ 6 ԴԻՄՈՒՄ
«Ժողովուրդ»-ը դեռեւս սեպտեմբերի 25-ին գրել էր, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի միակ մանկապարտեզում գյուղապետ Արթուր Մուրադյանի «կրուգից» նշանակված տնօրեն Սուսաննա Հովհաննիսյանի եւ աշխատակիցների` տնտեսվարի ու հաշվապահի միջեւ լուրջ միջադեպ էր տեղի ունեցել: Երեկ տեղեկացանք, որ լարված վիճակը ունեցել է իր հետեւանքները: Մանկապարտեզի 6 աշխատակիցներ` տնտեսվարը, հաշվապահը, գործավարը, բուժքույրը, խոհարարի օգնականը եւ դաստիարակներից մեկը, դիմում են գրել ու ազատվել աշխատանքից: Իսկ թե ինչն է եղել պատճառը, թե՛ համայնքի ղեկավար Արթուր Մուրադյանը, թե՛ Սուսաննա Հովհաննիսյանը չգիտեին: