ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԵԿՆՈՒՄ ԵՆ
Այսօր Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ է մեկնել ՀՀ կառավարության 14-հոգանոց պատվիրակությունը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մինչեւ հոկտեմբերի 4-ը նրանք մասնակցելու են ՀՀ-ի եւ Թուրքմենստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստին: Ուշագրավը, սակայն, հայկական պատվիրակության կազմն է՝ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյան, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան, «Հայռուսգազարդ»-ի տնօրեն Վ. Հարությունյան, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ տնօրեն Ս. Աբրահամյան եւ այլք: Ենթադրվում է, որ այս միջկառավարական հանձնաժողովի նիստից բացի, նրանք քննարկելու են Հայաստան թուրքմենական գազի ներկրման վերաբերյալ հարցեր: Նշենք նաեւ, որ Թուրքմենստանը երրորդ տեղն է գրավում ՀՀ-ի հետ առեւտրաշրջանառության իր ծավալներով: Ընդ որում, Հայաստանը Թուրքմենստանից ավելի շատ ներկրում է, քան այդ երկիր ապրանք արտահանում:

ԷԼԻ ԽԱԲԵՑԻՆ
ՀՀ ԱՎԾ-ն հրապարակել է այս տարվա սոցիալ-տնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն՝ նախորդ տարվա առաջին ութ ամիսների համեմատ այս տարի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3.9 տոկոս: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ իշխանությունները Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ խոստացել էին ապահովել 5-7 տոկոս տնտեսական աճ, ապա կարելի է ասել, որ այդ աճը հազիվ թե տեղի ունենա: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, անդրադառնալով այդ հանգամանքին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե Հայաստանում իրական աճ տեղի չի ունեցել. «Ես ՀՀ կառավարություն հատուկ հարցապնդում եմ ուղարկել` պարզելու, թե աղքատության մակարդակը որքան է: Եթե հիշում եք, վերջին անգամ 3 տարի առաջ հրապարակեցին թիվը, ըստ որի` աղքատությունը մոտ 35 տոկոս էր: Հիմա այդ թիվը թաքցնում են, չեն հրապարակում: Եվ ինձ հետաքրքիր է, թե որքան է աղքատության թիվը»:

ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑ
Երեկ՝ ԱԺ նիստի ժամանակ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մոտեցել էր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին, նստել նրա կողքին ու մի քանի րոպե ինչ-որ հարց էր քննարկում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արամ Մանուկյանը նշեց, որ իրենք խոսել են մոտ 10 տարի շարունակ ԱԺ օրակարգում ընդգրկված «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիան խորհրդարանում վերջնականապես քննարկման դնելու վերաբերյալ: Աբրահամյանը Մանուկյանին տեղեկացրել է, որ կառավարությունը խնդրել է 15 օրով հետաձգել այս հարցը, քանի որ լրացուցիչ ճշգրտումների կարիք կա. այդ կոնվենցիայի ընդունման դեպքում պետական բյուջեից հսկայական փոխհատուցումների անհրաժեշտություն է առաջանում, իսկ դա հանգեցնում է լրացուցիչ ծախսերի: Միաժամանակ Աբրահամյանն ասել է, որ հաջորդ քառօրյայում իրենք փորձելու են կազմակերպել այդ կոնվենցիայի քննարկումն ու քվեարկությունը:




Լրահոս