ՍՊԱՆՎԱԾ ՏԵՍՈՒՉԻ ԿՆՈՋ ԿԱՍԿԱԾՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 25-ին «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի Գառնու տեղամասի ուղեփակոցի սպանված տեսուչ Մխիթար Սեդրակյանի կինը՝ Թամարան, կասկածներ ունի, որ իր ամուսնուն սպանողն արգելոցի աշխատակից է եղել ու մենակ չի գործել:
Նշենք, որ ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ դեպքը տեղի էր ունեցել արգելոցում ժամը 20:50-ի սահմաններում: Անհայտ անձը նշված վայրում հրազենից մեկ անգամ կրակել էր 50-ամյա Մխիթար Սեդրակյանի կրծքավանդակի ձախ հատվածին:
Սպանված տեսուչի եղբոր որդին` Մերուժան Սեդրակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ կատարվածն իրենց համար հանելուկ է: «Ես առավոտյան աշխատանքի էի գնում, ու մեր հարեւանն ասաց, թե հորեղբորդ սպանել են: Ասացի՝ ոնց թե սպանել են, շտապեցի արգելոց, սակայն ինձ թույլ չտվեցին մոտենալ հորեղբորս: Նա նորմալ մարդ էր, ուներ 4 երեխա` երեք աղջիկ, մեկ տղա: Որդին ծառայում է բանակում: Չգիտենք, թե ինչ կատարվեց, կասկածներ էլ չունենք, թե ովքեր կարող են արած լինել»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իր հորեղբոր հետ վերջին անգամ խոսել է մեկ ամիս առաջ եւ մինչ այդ որեւէ տարօրինակ բան չի նկատել:
Միգուցե եղբոր որդին խուսափեց իր հնարավոր կասկածների մասին խոսելուց, սակայն, ի տարբերություն նրա, սպանված Մխիթարի կինը` Թամարա Սեդրակյանը, մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իր ամուսնուն սպանողն արգելոցի «միջի մարդ է եղել». «Իմ ամուսինը ոչ մի թշնամի չուներ, ուրախ-ուրախ գնում էր աշխատանքի եւ գալիս էր տուն ու ոչ մեկի հետ որեւէ կոնֆլիկտ չի ունեցել»:
Ավելին, դեպքից մեկ ժամ առաջ տիկին Թամարան խոսել է իր ամուսնու հետ, եւ վերջինս նրան տեղյակ է պահել, որ իրենց ժամկետային զինծառայող որդին զանգահարել է իրեն. «Ժամը 8:00-ի կողմերն ինձ զանգեց, ասաց, թե էրեխու մոտ՝ Ղարաբաղ, գնացող կա, ու էրեխեն էլ վեշ է ուզել: Ինձ ասաց, թե կարաս վեշ ուղարկես էրեխուն, ես էլ ասացի, թե կարող եմ: Ինձ ասաց՝ ամեն ինչ պատրաստի, որ ուղարկենք»:
Ըստ մեր զրուցակցի՝ քանի որ Մխիթարի մոտ վերջին ամիսներին ճնշման կտրուկ բարձրացման նշաններ են նկատվել, ինքն օրվա մեջ հաճախ է զանգահարել նրան. «Առավոտյան ժամը 7:00-ի զանգահարեցի, չպատասխանեց հեռախոսին, ասացի՝ լավ, միգուցե խորը քնած է, մի ժամ անցավ, զանգեցի, հեռախոսն անջատեցին: Ավելի ուշ քննիչն ինձ ասաց, որ ինքն է անջատել, քանի որ այդ պահին հո չէր ասելու, թե ամուսնուդ սպանել են»:
Թամարան բացառեց այն վարկածը, որ իր ամուսնու սպանությունը որսագողության հետեւանք է. «Ես մի բան կարող եմ ասել, որ իմ ամուսնուն խփողը, ըստ երեւույթին, մեկ մարդ չի եղել: Բա էդ մարդը տենց ընկավ, եւ գլուխը  չջարդվե՞ց, այդ քարերի վրա արյան ոչ մի կաթիլ չեղա՞վ: Հետը մարդ է եղել, ու անտառի մարդ է եղել, որ ամեն ինչ անել գիտեր: Ախր այդ դեպքն այնպիսի տեղ է եղել, որ ընկնելուց գլուխը պետք է ջարդվեր, բայց մի հատ կապտուկի տեղ չկար: Բա էլ ո՞վ պիտի անի, դա անտառի մարդ է եղել, թե չէ իմ ամուսինը ոչ մի թշնամի չի ունեցել: Ինչ-որ բան են ուզեցել անել ու խփել են, որ իրենց գործն անեն: Դա է իմ միակ կասկածը»:  
Սպանված տեսուչի կինը պատմեց նաեւ, որ իր ամուսինը մինչ տեսուչ աշխատելը բանվորությամբ է զբաղվել. «Մի որոշ ժամանակ էլ անասուն էր պահում, իսկ հետո էլ իր թոշակի համար աշխատանքային ստաժ էր անհրաժեշտ: Ասեց՝ արգելոցում օրինական մտնեմ աշխատանքի, որ այդ հարցերը կարգավորեմ, ու այս ամենը տեղի ունեցավ: Ես ուզում եմ, որ այս ամենը շուտ բացահայտվի, որ ես իմ վրեժն իմ ձեռքերով լուծեմ»:
Արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով իր սպանված աշխատակցի կնոջ կասկածներին, ասաց. «Ամեն մեկի կարծիքն էլ հաշվի առնել պետք է, քննություն է գնում, ու ամեն ինչ կպարզվի: Որպես ղեկավար՝ մի բան կասեմ, թող իրենք էլ իրենց մեջ ման գան, թե այդ մարդը նախկինում ինչ կարող է արած լինել, որ եկան ու իրեն սպանեցին: Ինքը նոր աշխատող էր, ի՞նչ խնդիրներ պետք է ունենար»:
Տնօրենի խոսքով՝ իրենք նայել են արգելոցի տեսախցիկներն ու ոչ մի շարժ չեն նկատել. «Եթե շարժ լիներ, մեքենա գար կամ վեճ լիներ, կնկատվեր, բայց նման բան չկա: Հիմա ոստիկանությունը տեսախցիկներն առգրավել է, կցել գործին, իսկ մնացածն իրենք կբացահայտեն: Մենք շահագրգռված ենք, որ այն բացահայտվի, որովհետեւ դա պատվի խնդիր է: Միայն ծիծաղելի է, որ ասում են, թե դա որսագողության պատճառով է եղել: Նման բան չկա»:
Հուսանք, որ քննությունը կպարզի, թե ով եւ ինչու սպանեց Խոսրովի արգելոցի տեսուչին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս