ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԶԱՏ ԿԱՐՁԱԿՎԵՆ
Երեկ Սերժ Սարգսյանը ԱԺ-ի քննարկմանն էր ներկայացրել ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի առթիվ համաներում հայտարարելու մաuին առաջարկությունը: Թեեւ դեռեւս գաղտնի է պահվում, թե որ հոդվածների վրա կտարածվի համաներումը, սակայն մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ քր. օր.-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտվածներին (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով) սպասվում է  համաներում:

ՊԱՅՔԱՐԵԼՈՒ Է
«Երբ ամիսներ առաջ իմ մարտական ընկերների հետ միասին սկսեցի պայքարել ազատամարտիկների եւ զինծառայողների արժանապատիվ կյանքի համար, նպատակ ունեի նաեւ ինչ-որ չափով նպաստել մեր պետականության ամրապնդմանը: Այդպես էի մտածում, որովհետեւ համոզված էի եւ այժմ էլ համոզված եմ, որ պետականությունը հենվում է այն կերտած մարդկանց վրա: Մեր երկրի պարագայում այդ մարդիկ ազատամարտիկներն են: Եվ եթե ազատամարտիկներն արժանապատիվ կյանքով չեն ապրում, եթե անտեսված են ու մոռացված, ուրեմն վտանգված է նաեւ պետականությունը: Ուստի մեր պայքարը, սոցիալական լինելով հանդերձ, խորքում ազգային-պետական արմատներ ունի եւ այդ պատճառով շատ ավելի քաղաքական է, քան, օրինակ, կուսակցությունների գործունեությունը եւ միջկուսակցական պայքարը: Իմ այս քայլերը կասեցնելու ուրիշ տարբերակ չգտնելով՝ վարչախումբն ինձ բանտարկեց շինծու մեղադրանքով: Սակայն նրա ջանքերն իզուր են, ես պայքարելու եմ մինչեւ հաղթանակ»,-երեկ տարածած հայտարարության մեջ ասել է կալանավորված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը:

ԿԱՅՔԵՐՆ ԱՐԺԵԶՐԿՈՒՄ ԵՆ
«Լրագրողներն ամիսներով չարչարվում են, մի թեմա են ուսումնասիրում, աշխատում են աղբյուրների հետ, իսկ արդյունքում նրանց աշխատանքը կորչում է այս կայքերի հորձանուտում: Միահամուռ ուժերով անթիվ կայքեր մեդիա դաշտ են նետում մի աննշան ու ցրող թեմա, ասենք՝ համբույր, կրծքեր, արյունոտ ինքնասպանություններ ու վթարներ, եւ դրանով իսկ ոչնչացնում են լրագրողի կողմից բարձրացրած թեմաների արժեքը: Եվ պետք է ասեմ, որ դա բավական խելացի ու հետեւողական է արվում: Մեդիա դաշտի ոչնչացումը պլանավորված գործ է, որը ոչ թե երեկ, այլ շատ ավելի վաղ է սկիզբ առել: Այս վերջին 4-5 տարում հասանք նրան, որ մեդիա դաշտը լրիվ դատարկվեց ու արժեզրկվեց: Եվ դրանից հետո մի բան է մնում միայն. դաշտից դուրս գալ, քանի որ այստեղ զզվելի բաներ են կատարվում»,-media.am-ին ասել է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ
«Սեպտեմբերի 29-ին Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թափուր տեղի համար անցկացված լրացուցիչ ընտրությունները գնահատում ենք որպես անազատ եւ անարդար: Մտնելով այս ընտրապայքարի մեջ՝ «Ժառանգություն»-ը քաջ գիտակցում էր իր թեկնածուին սպասվող բոլոր դժվարություններն ու ռիսկերը: Սակայն լինելով մասնակցային քաղաքականության կողմնակից՝ մենք չէինք կարող առանց այլընտրանքի թողնել գործող ապօրինի իշխանությունների առկայության հետ չհամակերպվող ընտրողներին՝ անկախ այն բանից, թե նրանց որ մասը կմասնակցեր ընտրություններին»,-ասված է «Ժառանգության» հայտարարությունում: Նշենք, որ թիվ 38 ընտրատարածքի 18.695 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 8802 ընտրող: ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանը ստացել է 6971, «Ժառանգություն»-ից Սամվել Հայրապետյանը` 1449 ձայն:




Լրահոս