ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում այսօր բացվեց Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմանն ուղղված ծրագրերին Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջա¬նակում նվիրաբերված երկրորդ շար¬ժական կլինիկան։ Այս կլինիկայի շահագործումով ՄԻԱՎ վարակի, վիրուսային հեպատիտների հետ կապված ծառայութ¬յուն¬ներն էլ ավելի կմոտեցվեն դրանց կարիքն ունեցողներին` մեծացնելով հետազոտության և խորհրդատվության հասանելիությունը: Կլինիկան ձեռք էր բերվել մարտի վերջին Մոսկվայում կայացած Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված հինգերորդ համաժողովի շրջանակներում։ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկայում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն առաջինը անցան ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Հատուկ սարքավորված կլինիկան նախատեսված է կլիմայական և աշխարհագրական ցանկացած պայմաններում հեռավոր և դժվար հասանելի շրջանների բնակչությանը բժշկական ծառայություններ տրամադրելու համար։ Այն միաժամանակ ապահովում է բարձր հարմարավետություն։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությանն առաջին շարժական բուժախտորոշիչ կլինիկան Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակներում նվիրաբերվել էր 2014թ.:
«Երկու տարի է, ինչ Հայաստանում աշխատում է առաջին շարժական կլինիկան, որի շնորհիվ մեզ հաջողվել է բավականին առաջ գնալ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հակազդման գործընթացում»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա ընդգծեց, որ կլինիկայի գործունեության շնորհիվ հնարավոր եղավ անգամ հեռավոր մարզերում հասանելի դարձնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ կարգավիճակը պարզելու անվճար հետազոտությունը:
Նախարարը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնությանը, գործընկեր կառույցներին Հայաստանին շարժական երկրորդ կլինիկան նվիրելու համար:
«Մենք կշարունակենք համագործակցությունն այս ոլորտում, ես հույս ունեմ, որ առաջիկայում նոր ծրագրեր կլինեն, որոնք համատեղ կիրականացվեն ի նպաստ հայ ժողովրդի և Հայաստանի բնակչության»,- ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
«ՍՊԻԴ ինֆոսվյազ» հիմնադրամի տնօրենի տեղակալ Իրինա Կոստեցկայան էլ փաստեց, որ առաջին շարժական կլինիկան շուրջ երկամյա գործունեության շնորհիվ կարողացել է բավականին լավ արդյունքներ գրանցել մեր երկրում:
Հայաստանի նվիրաբերված առաջին կլինիկայի արդյունքների վերաբերյալ ելույթ ունեցավ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը: Նա նշեց, որ շարժական կլինիկայի բազայի վրա ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի բնակչությանը` մարզերում աշխատանքային միգրանտներին ու նրանց ընտանիքների անդամներին անվճար հիմունքներով տրամադրվում են ՄԻԱՎ վարակին առնչվող բժշկական ծառայություններ` պահ-պանելով կամավորության ու գաղտնիության սկզբունքները: Կլինիկայի շահագործումով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը հասանելի է դարձել հեռավոր մարզերում, այն գյուղական համայնքներում, փոքր քաղաքներում, որտեղ դեռևս ցածր է ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունների հասանելիությունը:
Կլինիկայի հագեցվածությունը թույլ է տալիս ՄԻԱՎ-ի վերաբերյալ ծառայութ¬յունները տրամադրել ընդհանուր բժշկական ծառայությունների փաթեթի շրջանակում։ Դրա շնորհիվ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետա¬զո¬տությունը դարձել է տրամադրվող ծառայությունների բաղադրիչներից մեկը` հնարավորություն տալով հաղթահարելու ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետա¬զո¬տություն անցնելուն խոչընդոտող որոշ բարդույթներ:
Շարժական կլինիկայում տրամադրվող ծառայությունների թվում են` ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտությունն ու խորհրդատվությունը, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ հետազոտությունները, բժշկական խորհրդատվությունը: Ցանկացողներին և ցուցում ունեցողներին հնարավորություն է տրվում ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում անցնելու այլ սեռավարակների վերաբերյալ հետազոտություններ: Դրանք կատարվում են արագ թեստավորման մեթոդով։ Արյունը վերցվում է մատից, իսկ հետազոտության արդյունքները տրամադրվում են 10-15 րոպեի ընթացքում: Շարժական կլինիկայի բազայի վրա իրականացվում են նաև ուլտրա¬ձայնային հետազոտություններ:
Շարժական կլինիկայի շահագործման շնորհիվ զգալիորեն ավելացել է հետազոտվողների թիվը, բարելավվել է ՄԻԱՎ վարակի հայտնա¬բերումը: Շահագործման 5 եռամսյակների ընթացքում կլինիկան աշխատել է հանրապետության 60 գյուղական և քաղաքային համայնքներում` կատարելով շուրջ 200 այց, որոնց ընթացքում միգրանտների, նրանց զուգընկերների և համայնքային բնակիչների շրջանում իրականացվել է 4.575 հետազոտություն ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի և սիֆիլիսի վերաբերյալ, կատարվել է մոտ 2.500 ուլտրաձայնային հետազոտություն:
Շարժական կլինիկայի հնարավորություններն օգտագործվում են նաև հանրային տարբեր միջոցառումների ժամանակ, որոնց նպատակը հասարա¬կության լայն շերտերին ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարևորության մասին տեղեկացումն ու ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու խրախուսումն է: Թեստավորման եվրոպական շաբաթվա, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա, ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օրվա շրջանակներում Երևանում և մարզերում անցկացված հանրային տարբեր միջոցառումների ընթացքում շարժական կլինիկայում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն է անցել 1.700 մարդ: Ընդհանուր առմամբ, կլինիկայում հետազոտվել է ավելի քան 6.000 մարդ:
Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի իրականացման ընթացքում կանխարգելման միջոցառումներում ընդգրկվել է ավելի քան 40 հազար աշխատանքային միգրանտ, միգրանտի զուգընկեր և համայնքային բնակիչ: ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի վերաբերյալ հետազոտություններ է անցել մոտ 24 հազար մարդ: Հետազոտվածներից մի քանի տասնյակի մոտ ախտորոշվել է ՄԻԱՎ վարակ, նրանք վերցվել են դիսպանսերային հսկողության՝ բուժման, խնամքի և աջակցության հետագա տրամադրմամբ։ ՄԻԱՎ վարակ ախտորոշում ստացած մեկ հղի կնոջ տրամադրվել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելիչ բուժում:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շուրջ մեկ տասնյակ մասնագետներ պարգևատրվեցին պատվոգրով` վերջերս Նյու Յորքում կայացած ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպման շրջանակում Հայաստանին մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագրի արժանացնելու գործում ունեցած ներդրման համար:
Առողջապահական համակարգին միջազգային ճանաչում և համբավ բերելու, ինչպես նաև երկարամյա գործունեության համար նախարարության հուշամեդալի արժանացավ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը: