ՀՀ ԱՆ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի` Պանամայի օֆշորային գործարքների առիթով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով որոշ մանրամասներ են հայտնի դարձել: «Ժողովուրդ»-ին իրավապահ մարմինների մոտ կանգնած իր աղբյուրներից հայտնի դարձավ, որ բացի ԴԱՀԿ նախկին պետից՝ այս գործով եւս 12 անձ հարցաքննվել է:
Ինչպես հայտնի է՝ ապրիլի 2-ին «Հետք» պարբերականը գաղտնազերծեց փաստաթղթեր` համաձայն որոնց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների: Այս հրապարակման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է ուսումնասիրել մամուլում հրապարակված տեղեկությունները: Ավելի ուշ հանձնարարվեց hատուկ քննչական ծառայությանը, որ մայիսի 2-ին ՀՔԾ-ում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորային գործարքների մասով հարուցվի քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով): Սկզբում Միհրան Պողոսյանը լռում էր, այնուհետեւ անձամբ ստանձնեց հրապարակայնորեն իրեն պաշտպանելու գործընթացը:
Նախ նրա գրասենյակը 2016 թվականի մայիսի 20-ին հայտարարություն տարածեց, թե մամուլում գրված շվեյցարական «LGT» բանկում Միհրան Պողոսյանի հաշիվների մասին հատվածը հերքվել է Շվեյցարիայից իրենց տրված պատասխանով: Ըստ գրասենյակի՝ Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող ընկերությունների անունով որեւէ հաշվեհամար գոյություն չունի:
«Ժողովուրդ»-ը հղում անելով իրավապահներին մոտ կանգնած իր աղբյուրներին՝ տեղեկացրել էր, որ Միհրան Պողոսյանը երկրորդ անգամ է հարցաքննության հրավիրվել: Եւ հիմա՝ շուրջ 3 ամիս տեւած քննության ընթացքում, «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ միայն Միհրան Պողոսյանը չի եղել իրավապահների ուշադրության կենտրոնում, այլ հարցաքննվել են 12 անձինք, որոնք այս գործով ցուցմունքներ են տվել:
Թե ովքեր են այդ 12 անձինք, կոնկրետ ինչ առնչություն ունեն ԴԱՀԿ-ի կամ Միհան Պողոսյանի հետ, «Ժողովուրդ»-ին առայժմ չհաջողվեց պարզել: Չի բացառվում, որ գործով հարցաքննության հրավիրված լինեն միջազգային կառույցների ներկայացուցիչներ, որոնք տվել են իրենց ցուցմունքը առկա իրավիճակի մասին: Սակայն ուշագրավն այն է, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահներին պանամական օֆշորային գործարքների մասին տեղեկություն հայտնած անձինք հաճախ տվել են Միհրան Պողոսյանի ասած խոսքերին հակասող բացատրություններ: Ասել է, թե ԴԱՀԿ նախկին պետը այլ բան է պատմել իրավապահներին, իսկ գործով հարցաքննված անձինք՝ միանգամայն այլ բան: Սա նշանակում է, որ հարցաքննության՝ արդեն գրեթե ավարտված փուլից հետո պետք է սկսվեն առերեսումները:
Իսկ ինչ է ենթադրում այն. ԴԱՀԿ նախկին պետը հարցաքննված անձանց հետ պետք է դեմ առ դեմ հանդիպի, պատասխանի քննիչների հարցերին, թե ինչպես է ստացվում, որ Միհրան Պողոսյանը օֆշորային թեմայով այլ բան է ասել, իսկ գործով հարցաքննված անձանցից մեկը՝ միանգամայն այլ բան: Ու թերեւս այդ հակասություններից հնարավոր կլինի պարզել իրականությունը:
Իսկ թե ինչով կավարտվի գործընթացը, դժվար է ասել: Չնայած ՀՔԾ-ի կողմից իրականացված քննչական գործողություններին, այս քր.գործով դեռեւս էական տեղաշարժ չկա: Միայն պետք է փաստել, որ հանրային գիտակցության մեջ արմատացած է այն տեսակետը, որ Միհրան Պողոսյանը կասկածելի ճանապարհներով հարստացած պետական պաշտոնյա է, որն ունենալով իշխանության ամենավերին օղակների հովանավորությունը՝ դա արել է հնարավորինս անարգել ու անպատիժ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿԽՈՍԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ
Շուրջ 6 օր ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում պատանդ մնացած Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը իր հետ տեղ ունեցած միջադեպի մասին որեւէ բան չի խոսում ինչպես մտերիմների, այնպես էլ լրատվամիջոցների հետ, նա ընդամենը հետաքրքրվող մարդկանց ասում է, որ իր հետ ամեն ինչ կարգին է, եւ ինքը լավ է: Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վալերի Օսիպյանն ասաց, որ կխոսի ամեն ինչի մասին հանգամանալից քննչական գործողությունների ավարտից հետո:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամները մուտք են գործել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդ եւ շուրջ 6 օր պատանդ էին պահում 4 ոստիկանների, որոնց թվում էին ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
ՈՍԿՈՒ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ
«Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ին պատկանող «Ոսկու աշխարհ» տոնավաճառի շուրջ աղմուկը չի դադարում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ քաղաքացի Եսթեր Արսենյանը, աշխատանքի անցնելով «Ոսկու աշխարհ» տոնավաճառի «Արսեն Պետրոսյան» Ա/Ձ-ին պատկանող թիվ Գ-11 տաղավարում որպես վաճառողուհի, իրեն վստահված եւ վաճառքի համար նախատեսված ընդհանուր 30 միլիոն ՀՀ դրամի տարբեր տեսակի ոսկյա զարդերից առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 11 միլիոն 454 հազար դրամի տարբեր տեսակի ոսկյա զարդերը յուրացման եղանակով հափշտակել է: Հիշեցնենք, որ «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ին պատկանող «Ոսկու աշխարհ» տոնավաճառը պատկանում է Վաղարշ Աբրահամյանին, որը դեռեւս երկու տարի առաջ ջարդուփշուր էր անում շուկայում տարածքներ վարձակալած ոսկերիչների սեղանները, քանի որ վերջիններս սեղանների թանկացման համար բողոքի ակցիան էին կազմակերպել ՀՀ կառավարության շենքի դիմաց:
ԿԱԼԱՆՔԻ ՀԱՐՑԸ
Ինչպես արդեն հայտնել էինք՝ հասարակական գործիչ, վերլուծաբան Կարեն Վարդանյանի սպանության գործով կալանքի տակ գտնվող Գեւորգ Զոհրաբյանը եւ 43-ամյա Արթուր Միհրանյանը մեղսունակ են ճանաչվել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այսօր կքննարկվի սպանության կասկածանքով կալանավորված Արթուր Միհրանյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը: Ու քանի որ իրավապահները նշանակված մի շարք փորձաքննություններից հետո պարզել են, որ նրանք մեղսունակ են, ապա, ամենայն հավանականությամբ, նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքի ժամկետը, կերկարաձգվի եւս երկու ամսով:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ հասարակական գործչի մահը վրա էր հասել խեղդամահ անելու հետեւանքով:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 1-ին իրավապահները Երեւանի Սիսակյան փողոցում գտնվող ավտոտնակի մեջ հայտնաբերել էին հասարակական գործիչ, վերլուծաբան Կարեն Վարդանյանի թաղված դին: Հաջորդ օրը ՀՀ ոստիկանները սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալել էին Երեւանի բնակիչ, 23-ամյա Գեւորգ Զոհրաբյանին եւ 43-ամյա Արթուր Միհրանյանին:
ԿՄԵԿՆԵՆ ՄԻՆՍԿ
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի ներկայացուցիչները հուլիսի 25-ից 27-ը կմեկնեն Մինսկ՝ մասնակցելու Բելառուսի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական վարչությունում կայանալիք երկկողմ հանդիպմանն ու ռազմատեղագրական հարցերով քննարկումներին:
ՍՊԱՍԵՔ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ
ՀՀ ոստիկանությունում չեն կարծում, որ ՊՊԾ գնդի տարածք ուղղաթիռներ, անօդաչու սարքեր, դիպուկահարներ ուղարկելով կարող են վիժեցնել «Սասնա ծռերի» հետ իշխանության բանակցությունները ու մղել զինված բախման: Այս մասին ասել է ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը: Անդրադառնալով հարցին՝ արդյոք երեկ առավոտյան, ապա նաեւ՝ երեկոյան ՊՊԾ գնդի տարածքի վերեւում ռազմական ուղղաթիռների իրականացրած թռիչքները գրոհի նախապատրաստում է, Գաբրիելյանն ասել է. «Սպասեք զարգացումների»:
11 ՀՈԳԻ
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանի տեղեկացմամբ՝ հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը Խորենացի փողոցի շրջակայքում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներից տուժած անձանցից բուժում է ստանում 11 անձ: Հիշեցնենք, որ հուլիսի 21-ի ժամը 02:30-ի դրությամբ Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետեւանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ էին դիմել 51 քաղաքացի, նրանցից 28-ը` ոստիկան:
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ
Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ, Միայնակ գայլի` Արայիկ Խանդոյանի եղբայրը` ազատամարտիկ Արարատ Խանդոյանը կալանավորվել է։ Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնել է Արարատ Խանդոյանի իրավապաշտպան Արա Ղարագոզյանը. «Դեռեւս ոչինչ չեմ կարող ասել, վաղը /այսօր/ նոր պարզ կլինի: Միայն կարող եմ ասել, որ բերման են ենթարկել զանգվածային անկարգությունների կասկածանքով»: Նշենք, որ Արարատ Խանդոյանը ձերբակալվել էր հուլիսի 21-ին:
ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ
Երեկ ազատ է արձակվել ակտիվիստ Անի Նավասարդյանը: Նա ձերբակալվել էր շաբաթ օրը՝ «զանգվածային անկարգություններ հրահրելու» կասկածանքով: Հիշեցնենք, որ նա հուլիսի 20-ին վարում էր Խորենացի փողոցի հանրահավաքը, որի ընթացքում բախում տեղի ունեցավ ոստիկանների ու ցուցարարների միջեւ:
6 ԱՆՁԱՆՑ
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ հուլիսի 20-ին զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով երեկ մեղադրանք է առաջադրվել 6 անձանց: