ՀԱՐՑ. Կուտակային բաղադրիչին ժամկետային զինծառայողները, ուսանողները եւ դեկրետային արձակուրդի մեջ գտնվող կանայք մասնակցո՞ւմ են, թե՞ ոչ:
Միլենա Խաչատրյան (29 տարեկան, օպերատոր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կուտակային բաղադրիչի պարտադիր մասնակից են հանդիսանում վարձու աշխատողները, նոտարները եւ անհատ ձեռնարկատերերը: Կենսաթոշակային այս բաղադրիչի առանձնահատկություններից մեկն այն է, որ անհատական կենսաթոշակային հատկացումները կատարվում են մասնակցի բազային եկամտից: Սա նշանակում է, որ կյանքի բոլոր այն ժամանակահատվածներում, երբ մասնակիցը չի ստանում բազային եկամուտ, չի կատարում նաեւ նպատակային սոցիալական վճարներ: Մասնակցի կյանքում այդպիսի ժամանակահատվածներ են գործազրկության, ուսումնառության, պարտադիր զինվորական ծառայության, երեխայի՝ մինչեւ 3 տարեկան դառնալը, խնամքի հետ կապված արձակուրդի եւ այլն ժամանակահատվածները:
Եթե կուտակային բաղադրիչի ներդրման պահին 1974թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված քաղաքացին համարվում է գործազուրկ, ուսանող է, գտնվում է պարտադիր ժամկետային զինծառայության, երեխայի՝ մինչեւ 3 տարեկան դառնալը, խնամքի հետ կապված արձակուրդի մեջ, ապա այդ փուլում համարվում է պարտադիր բաղադրիչի «պասիվ մասնակից»: Սա նշանակում է, որ այն պահին, երբ քաղաքացին սկսի աշխատել որպես վարձու աշխատող, նոտար կամ անհատ ձեռնարկատեր եւ ստանա բազային եկամուտ, այդ պահից սկսած էլ կկատարի նպատակային սոցիալական վճարներ:
Սակայն մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու առաջին երկու տարիների ընթացքում (18.000 դրամ նպաստ ստանալուն զուգահեռ) դեկրետային արձակուրդում գտնվող մասնակցի համար կատարվում է նպատակային սոցիալական վճար՝ ամսական 8000 դրամ, որից 5000 դրամը կատարում է պետությունը, իսկ 3000 դրամը՝ գործատուն:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ կուտակային վճար կատարելու պարտականությունը պահպանվում է մինչեւ կենսաթոշակային տարիքի լրանալը: Եթե կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո մասնակիցը շարունակում է աշխատել, ապա նա ազատվում է պարտադիր կուտակային վճար կատարելու պարտականությունից, սակայն նա իր կամքով կարող է շարունակել մասնակցել պարտադիր կուտակային բաղադրիչին: Մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո մասնակցի համար պետական բյուջեից կուտակային վճարումներ չեն կատարվում: Մասնակցի կողմից պարտադիր կուտակային վճարները պետք է կատարվեն, քանի դեռ մասնակիցների ռեեստրը վարողը մասնակցից չի ստացել կուտակային կենսաթոշակ ստանալու վերաբերյալ դիմում: