ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Վարդենիս քաղաքում
Երեկ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչները փակել էին Վարդենիսից Քարվաճառ տանող ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը: Նրանք զայրացած են, քանի որ, ըստ պայմանագրի, բանակին 1 կիլոգրամ կարտոֆիլը 90 դրամով են մթերել, սակայն այժմ կանգնել են փաստի առջեւ, քանի որ այլ մարդիկ նրանցից 40 դրամով են պահանջում: Նշենք, որ երեկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գտնվում էր Վարդենիսում` աջակցելու վարդենիսցիներին: Տեղեկացնենք, որ ավելի ուշ վարդենիսցիները բացեցին ճանապարհը` մեկ շաբաթ ժամանակ տալով խնդրի կարգավորմանը:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ պահպանվո՞ւմ է արդյոք բնակելի տարածության անհատույց օգտագործման իրավունքը, գրավի առարկա հանդիսացող բնակելի տան կամ բնակարանի վրա բռնագանձում տարածելու դեպքում:
Եփրեմ Հայրապետյան (49 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ գրավ դրված բնակելի տան կամ բնակարանի վրա բռնագանձում տարածելուց եւ այդ գույքն իրացնելուց հետո գրավատուն ու բնակելի տարածության oգտագործման իրավունք ունեցող անձինք տան (բնակարանի) uեփականատիրոջ պահանջով պարտավոր են ոչ ուշ, քան մեկ ամuվա ընթացքում ազատել զբաղեցրած բնակելի տարածությունը: (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 272-րդ հոդված):
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր՝ պատշաճ ձեւով ծանուցում է գրավատուին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում): Գրավատուն իրավունք ունի դատական կարգով վիճարկելու սույն հոդվածի համաձայն գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը: Դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն կտրամադրի գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում՝ գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ տեղեկանալ, թե ի՞նչ ժամկետով է աշխատակցի հետ կնքվում առողջության ապահովագրության պայմանագիրը, եւ ե՞րբ է այն ուժի մեջ մտնում: Եվ կցանկանայի իմանալ՝ եթե աշխատողը տվյալ բյուջետային տարում չի օգտվում սոցիալական փաթեթով իրեն հասանելիք գումարից, ապա ի՞նչ են լինում այդ գումարները:
Ռուզաննա Սիմոնյան (49 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Սիմոնյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ առողջության ապահովագրության պայմանագիրը կնքվում է 365 օր ժամկետով: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ապահովագրական ընկերությանն ապահովագրավճարի կամ դրա՝ պայմանագրով նախատեսված չափով առաջին մասնաբաժնի վճարման պահից 10 օր հետո, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Պայմանագրով կարող է նախատեսվել ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ, օրինակ՝ եթե աշխատողը 2013 թվականին առողջության ապահովագրության պայմանագիր է կնքել հունիս ամսին, ապա նոր պայմանագիրը կարող է կնքվել, օրինակ, փետրվարին, սակայն այն ուժի մեջ է մտնում հունիս ամսին՝ նախորդ պայմանագրի գործողության դադարման օրը:
Հայտնում ենք նաեւ, որ սոցիալական փաթեթի գումարները կրում են կուտակային բնույթ, այսինքն՝ պահպանվում եւ կուտակվում են բանկում բացված սոցփաթեթի հաշվին:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության բաղադրիչից օգտվելու համար սոցիալական փաթեթի շահառուն պետք է դիմի առողջության առաջնային պահպանում իրականացնող այն բժշկական կազմակերպություն, որտեղ նա սահմանված կարգով գրանցված է: Ի դեպ, սոցիալական փաթեթի գումարը չի հատկացվում առանց աշխատավարձի պահպանման գործուղման մեկնած սոցիալական փաթեթի շահառուներին՝ երեք եւ ավել ամիս գործուղման մեկնելու դեպքերում՝ այդ ժամանակահատվածի համար: