2016 թ. հոկտեմբերի 12-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրապարակեց «Մատաղիսի» գործը կասեցվել է վարույթ ընդունելուց անմիջապես հետո» վերնագրով նյութ: Դրանում ներկայացվում են «Մատաղիսի» գործի վերաբերյալ Կազմակերպության՝ տարբեր ժամանակահատվածներում արված հարցումների պատասխանները:
Մասնավորապես՝ 2014 թ.-ի մարտի 25-ի գրությամբ ՀՀ Զինվորական դատախազությունը հայտնել է, որ գործը վարույթ է ընդունվել 2013 թ. սեպտեմբերի 2-ին, և նախաքննությունն ընթացքի մեջ է, իսկ 2016 թ.-ի նույնաբովանդակ հարցման պատասխան գրությամբ, որն, ի դեպ, թվագրված է 28.09.2014-ով, հայտնել, որ «թիվ 90800104 քրեական գործը 02.09.2013թ. կասեցվել է ՀՀ քր. դատ. օր-ի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով», որից կարելի է ենթադրել, որ գործը կասեցվել է վարույթ ընդունելուց անմիջապես հետո:
Մեր հրապարակումից օրեր անց ստացվել է ՀՀ Զինվորական դատախազության 2016թ. հոկտեմբերի 13-ի գրությունը, որով, «ի լրումն» նախորդ՝ «29.09.2016»-ի գրության՝ տեղեկացնում են, որ քրեական գործը վարույթ է ընդունվել 2013 թ. սեպտեմբերի 2-ին և կասեցվել 2015 թ. հունիսի 12-ին՝ ՀՀ քր. դատ. օր-ի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:
Ներկայացնելով ՀՀ Զինվորական դատախազության արձագանքը` մեր վերոնշյալ հրապարակմանը` կարծում ենք` հետագայում ավելի մեծ ուշադրություն կդարձվի գրություններում բովանդակային նշանակություն ունեցող տեխնիկական բնույթի թերացումներին՝ թյուրիմացություններից խուսափելու համար: Միաժամանակ ակնկալում ենք «Մատաղիսի»՝ երկու զինծառայողների սպանության գործով վարույթի վերսկսում զինվորական դատախազության կողմից և այդ ծանր հանցագործությունը կատարած անձանց բացահայտելու ու պատասխանատվության ենթարկելու հետևողականություն:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ