Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո սկսվեց ձեւավորվել նոր կառավորությունը, ինչին էլ հաջորդեց կառավարության «մաքրման» գործընթացը: Արդյունքում, որոշ նախկին նախարարներ վերանշանակվեցին, իսկ, ահա, շատերն էլ լքեցին իրենց պաշտոնները: Ըստ էության, նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության մաքրման գործընթացում իրենց պաշտոններում մնացին այն նախարարները, որոնք, ըստ էության, աշխատել են մաքուր, թափանցիկ եւ արդյունավետ, սակայն «Ժողովուրդ»-ի խմբագրություն պարբերաբար ահազանգած քաղաքացիների բարձրաձայնումները միանգամայն այլ պատկերի մասին են խոսում:
Նախ ամենասկզբից. դեռեւս 2015 թվականի փետրվարի 12-ին՝ ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ, Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի քաղաքական դերակատարության եւ մեր երկրի համար չարիք լինելուն, ասել էր. «Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը՝ չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին»: Թե ինչ եղան Գագիկ Ծառուկյանի կողմից օդում կախված մնացած չստուգված լուրերը՝ չմուծված միլիարդավոր դրամ հարկերի մասին, սա այլ թեմա է, սակայն տեւական ժամանակ է, ինչ օդում կախված մնացած եւ չստուգված եմ մնում «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած մի շարք քաղաքացիների հայտարարությունները ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարությունում տիրող իրավիճակի մասին:
Տարբեր քաղաքացիներ բարձրաձայնում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող հաստատություններում կատարվող աղմկալի դեպքերի մասին: Ինչպես հայտնի է՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարության ենթակայության տակ գտնվող «Զբաղվածության պետական գործակալությունը» գործազուրկների համար կազմակերպում է դասընթացներ, սակայն մեզ ահազանգած քաղաքացիները, որոնց տվյալներն իրենց խնդրանքով չենք հրապարակում, հայտնում են, որ իրենց գրանցում են որպես մասնակցի, սակայն այդպես էլ իրենք որեւէ թրեյնինգի չեն մասնակցում: Ըստ էության, ստացվում է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանը միջնորդավորված կերպով բյուջեից միլիոնավոր գումարներ է ներդնում գործազուրկներին աջակցելու համար, սակայն արդյունքում ծրագիրը կյանքի չի կոչվում, իսկ գումարները «ցնդում են»։ Բայց սա դեռ վերջը չէ: Ըստ օդում կախված լուրերի՝ նախարարության կողմից հայտարարված գնումների գործընթացի մրցույթին մասնակցում են հայտնի մատակարար ընկերությունները եւ նորահայտ ինչ-որ Ա/Ձ-ներ, սակայն մրցույթին հաղթում են այնպիսի անհատ ձեռներեցներ, որ բոլորի մոտ զարմանք է առաջանում, թե ինչպես եղավ, որ անհատ ձեռներեցը հաղթեց հայտնի մատկարար մեկ այլ ընկերությանը՝ չունենալով փորձ եւ տեղեկություն։ Իսկ որտեղ է թաքնված «շան գլուխը»: Բանն այն է, որ դարձյալ, օդում կախված լուրերի համաձայն, թեեւ Ա/Ձ-ները ուղիղ կապ չունեն նախարար Արտեմ Ասատրյանի հետ, սակայն առնչվում են նրա անվան հետ, ինչի շնորհիվ էլ հաղթում են: Իսկ այն ընկերությունները, որոնք օրենքի սահմաններում շահում են մրցույթը, նախարարը հրահանգում է չեղյալ հայտարարել մրցույթի արդյունքները եւ նշանակում է նոր մրցույթ, որպեսզի իր ցանկալիները հաղթեն՝ արդեն փաթեթների գներին տեղյակ լինելով։
Այսքանով նախարարության շուրջ աղմուկը չի ավարտվում: Ըստ նույն լուրերի՝ Հայաստանում գործող մանկատները, տուն-ինտերնատները նույնիսկ հաճախ պահեստներ չունեն։ Ինչու, որովհետեւ պահեստի անհրաժեշտություն անգամ չկա, քանի որ նախարար Արտեմ Ասատրյանը անուղղակի հրահանգով հիմնարկների ղեկավարներին ստիպում է ստորագրել փաստաթղթեր, թե իբր ստացել եք այս կամ այն ապրանքը, մինչդեռ որեւէ ապրանք չեն ստացել։ Դրա համար էլ պահեստի անհրաժեշտություն չի եղել։ «Ժողովուրդ»-ը հնչած ահազանգերի շուրջ զրուցեց աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանի հետ:
-Պարո՛ն Ասատրյան, ըստ մեր խմբագրություն ահազանգած քաղաքացիների՝ Ձեր հրահանգով զբաղվածության գործակալությունը գործազուրկների համար թրեյնինգ է կազմակերպում, սակայն այդ թրեյնինգները չեն իրականացվում, բայց պետական բյուջեից ստացած գումարները յուրացվում են:
-Այո՛, գործակալությունը ներկայացնում է զբաղվածության ծրագրեր: Չի կարող այդպիսի բան լինել, եթե նման մի կոնկրետ օրինակ կունենաք, ներկայացրեք, մենք Ձեզ շնորհակալ կլինենք:
-Վստա՞հ եք, որ նման բան չկա, մարդիկ ահազանգում են, միլիոնավոր գումարներ են յուրացվում:
-Կոնկրետ անուն, ազգանուն ներկայացրեք, կոնկրետ օրինակներ, ընդհանուր Դուք մի ձեւակերպումներ տվեք, կոնկրետ օրինակներով կոնկրետ անուն-ազգանուններով, կոնկրետ փաստերով, լավ:
-Սա դեռ վերջը չէ: Ըստ ահազանգերի` Ձեր կողմից հայտարարված գնումների գործընթացի մրցույթին մասնակցում են հայտնի մատակարար ընկերությունները եւ Ա/Ձ-ները, սակայն մրցույթին հաղթում են այնպիսի անհատ ձեռներեցներ, որ բոլորի մոտ զարմանք է առաջանում, թե ինչպես եղավ, որ անհատ ձեռներեցը հաղթեց հայտնի մատակարար մեկ այլ ընկերությանը: Դուք ուղիղ կապ չունեք հաղթած Ա/Ձ-ների, բայց հայտարարված մրցույթում հաղթած Ա/Ձ-ները կապ ունեն Ձեր անվան հետ եւ դրա համար էլ հաղթում են:
-Ձեր տեղեկատվությունը ամբողջությամբ ապատեղեկատվություն է:
-Մարդիկ ահազանգում են, որ նախարարությունը մանկատներին, տուն-ինտերնատներին թուղթ է տալիս, թե ստորագրեք, որ ստացել եք այս կամ այն ապրանքը, մինչդեռ որեւէ բան չեն ստանում, դեռ ավելին՝ եթե անգամ ստանան էլ, պահեստ չկա, որտեղ պետք է պահեն այդ սնունդը:
-Չի կարելի, իսկապես չի կարելի առանց որեւէ փաստի ներկայացնել որեւէ բան, որը իրականության հետ որեւէ աղերս չունի, բոլորը ազատ են: Մենք այսօր տարբեր հասարակական կազմակերպությունների հետ համագործակցում ենք, որոնք իրականացնում են այցելությունները թե՛ մանկատներ, թե՛ տուն-ինտերնատներ, այդ թվում առանց նախապես տեղեկացնելու: Հենց այդ նույն մանկատներում ստեղծված են հասարակական խորհուրդներ, Դուք կարող եք նրանց դիմել, գնալ ինքներդ հետաքննություն իրականացնել, այդ հաստատությունները բաց են, փակ բան չկա:
-Մենք այն իրականացնելու ենք, Դուք մտավախություն չունե՞ք:
-Բացարձակ:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
5 ՄԼՆ ԴՐԱՄ` ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԴՍՏԵՐԸ
ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի դուստրը` Լիա Հունանյանը, եւ ««ԱՐԹՄԵԴ» բժշկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ն հաշտվել են: Հիշեցնենք` ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալի դուստրը ճանապարհային ոստիկանության հետ տարաձայնություններից բացի՝ խնդիրներ ուներ նաեւ բժիշկների հետ: Ավելին՝ գործընթացը հասել էր դատարան: Այսպես՝ նախկին ոստիկանապետի դուստրը հայցերով դիմել էր դատարան, սակայն փաստաթղթերի ոչ լիարժեք լինելու պատճառով դատարանը ստիպված էր վարույթ չընդունել Լ. Հունանյանի հայցերը:
Սակայն վերջինս որեւէ կերպ չէր հանձնվում եւ տեխնիկական հերթական խնդիրը կարգավորելով՝ կրկին դիմել էր դատարան:
«Ժողովուրդ»-ն ավելի վաղ հայտնել էր, որ Լիա Հունանյանը 2016 թվականի հունվարի 19-ին դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ««ԱՐԹՄԵԴ» բժշկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ից փոխհատուցում պահանջելով: Ոստիկանի դուստրը պահանջում էր, որ ՓԲԸ-ի բժիշկ Արայիկ Ղարիբյանը փոխհատուցի իրեն` առողջությանը պատճառված վնասը գնահատելով 5 միլիոն 78 հազար 900 դրամ: Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԲԿ-ն եւ Լիա Հունանյանը հաշտության պայմանագիր են ստորագրել այն պայմանով, որ Հունանյանի պահանջված գումարը փոխհատուցվի:
Այսպիսով՝ դատարանը վճռել է, որ ԲԿ բժիշկ Արայիկ Ղարիբյանը պարտավորվել է նշված գումարը փոխհատուցել Լիա Հունանյանին, եւ քաղաքացիական գործի վարույթը կարճվել է` հաշտության համաձայնությունը հաստատելու հիմքով:
Նշենք, որ Լիա Հունանյանը վերջին տարիներին մի քանի անգամ աչքի ընկավ աղմկալի դեպքերով: 2016 թվականի փետրվարի 8-ին «Նիսան» մակնիշի մի ավտոմեքենա բախվել էր էստակադային ու գլխիվայր շրջվել: Ըստ տարածված տեղեկությունների՝ վթարի հեղինակը հենց ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի դուստրն էր` Լիա Հունանյանը:
Պարզվել էր, որ Լիան ոչ սթափ վիճակում է եղել: Ու բավական չէր, որ ալկոհոլի ազդեցության տակ բախվել էր էլեկտրասյանը, դեռ մի բան էլ որոշել էր կատարվածում մեղադրել ոստիկաններին: Բացի այդ՝ 2013 թվականի նոյեմբերի 12-ին Երեւանում՝ Մոսկովյան 23 շենքի դիմաց, նա կրկին վթարի մասնակից էր դարձել եւ դուրս գալով ավտոմեքենայից՝ մոտ 20 րոպե հասարակական վայրում հայհոյանքներ ու սպառնալիքներ էր հնչեցրել ոստիկանների եւ ներկաների հասցեին: Ի դեպ, հենց այս դեպքից հետո էլ պաշտոնից ազատվեց Հովհաննես Հունանյանը:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՍԿԱՑԵԼ ԵՆ
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 20 դրամով բենզինի գների իջեցումը շուկայում աշխուժություն է առաջացրել: Վարորդներն անակնկալի են եկել, վաճառողներն էլ ակնկալում են, որ գները մինչեւ տարվա վերջ կշարունակեն նվազել եւ կհասնեն 280 դրամի։ «Քսան դրամ էժանացել ա։ Մինչեւ 150-300 որ իջնի, լավ ա։ Ինչի՞ չեմ փոխում գազի, շուտով կփոխեմ։ Բայց ասում են, որ բենզինը ավելի է էժանանալո՞ւ, դե, ուրեմն չեմ փոխի», – «Ազատությանն» ասել է վարորդներից մեկը: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ իշխանություններն արդեն ստիպված են կտրուկ փոփոխությունների գնալ։ «Ոչ թե էնտեղ բարի կառավարողներ ու որոշում կայացնողներ ծագեցին, որ մինչեւ հիմա չկային, այլ պարզապես իրենք էլ հասկանում են, որ նման ձեւով շարունակել հնարավոր չի, – նշել է Բոստանջյանը՝ հավելելով, որ եթե նույնիսկ բենզինի հիմնական մատակարար «Ռոսնեֆթ» ընկերությունը չիջեցնի սակագները, հայաստանյան ընկերությունները շահույթ կստանան անգամ 100 դրամով էժանացման պարագայում։