ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է «Կոնվերս բանկի» խորհրդի նախագահ Արմեն Տեր-Տաճատյանին և խորհրդի անդամ Խուան Կարլոս Օսկոիդիին: Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը:
Ողջունելով հյուրերին` նախարարը հակիրճ ներկայացրել է նոր կառավարության ծրագրով գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղված առաջնահերթությունները` կարևորելով այդ աշխատանքներում մասնավոր հատվածի ներգրավումը և համատեղ ծրագրերի իրականացումը:
«ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը բաց է բոլոր առաջարկների համար և պատրաստակամ քննարկել գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը նպաստող ծրագրեր, որոնք հետաքրքիր կլինեն Ձեզ համար»,- նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Նախարարը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում` մասնավորապես կաթի արտադրության կազմակերպման, բերքի իրացման, գինեգործության, ինտենսիվ այգիների հիման գործում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար այսօր գյուղացին և արտադրողը չունեն բավարար միջոցներ և պատրաստ չեն ներդրումներ անել, և առաջարել է կողմերի ներգրավման միջոցով իրականացնել պիլոտային ծրագիր:
Խուան Կարլոս Օսկոիդիին դրական է արձագանքել նախարարի առաջարկին` հավելելով, որ իրենք կարևորում են Հայաստանում գյուղատնտեսության զարգացումը և արդեն իսկ աջակցության ծրագրեր են իրականացնում մասնավորապես կաթի արտադրության ոլորտում: Նա առաջարկել է նախարարության կոորդինացման ներքո ստեղծել «գյուղատնտեսական սեղան», որի շուրջ կհամախմբվեն շղթայում ընդգրկված բոլոր կողմերը` արտադրող, վերամշակող, պետություն, ֆինանսական կառույց, ինչպես նաև ներկայացնել կոնկրետ ուղղություն, որտեղ քաղաքականության տեսանկյունից առավել նախընտելի է իրականացնել փորձնական ծրագիրը` շեշտելով, որ իրենք պատրատ են անմիջապես անցնել այդ աշխատանքների կատարմանը:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին