Ֆոնդի թվայնացումը կնպաստի ընդերք օգտագործման ոլորտի ներդրումային գրավչության բարձրացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանքարդյունաբերության ոլորտի տեղեկատվության հասանելիության և մատչելիության ապահովման նպատակով մեկնարկել է Հանրապետական երկրաբանական ֆոնդում առկա տվյալների թվայնացման աշխատանքները: Նախատեսվում է դրանք ավարտել հաջորդ տարվա ընթացքում։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի վարչության օգտակար հանածոների և ընդհանուր երկրաբանության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանի փոխանցմամբ, թվայնացման աշխատանքների իրականացման նպատակով ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ ձեռք են բերվել անհրաժեշտ սարքավորումները և տեղադրվել Հանրապետական երկրաբանական ֆոնդ ՊՈԱԿ-ում։ Չնայած աշխատանքները սկսվել են տարվա երկրորդ կեսից, այնուհանդերձ արդեն իսկ իրականացվել է առկա ֆոնդային նյութերի ավելի քան 51 տոկոսի թվայնացումը։ Դրանք տեղադրված են այդ նպատակով ստեղծված www.geo-fund.am ինտերնետային կայքում և հասնելի են բոլորին.

-Օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների անձնագրերի առկա նյութերի թվայնացման աշխատանքները հետևողականորեն շարունակվում են իրականացվել, նույնիսկ առաջ են անցել սահմանված ժամանակացույցից։
Ըստ Շ. Քերոբյանի, Հանրապետական երկրաբանական ֆոնդում պահպանվող տեղեկատվության հասնելիության և մատչելիության ապահովումը դրական նշանակություն կունենա ոլորտի ներդրումային գրավչության համար։ Ներդրողները հնարավորություն կստանան առանց ավելորդ ժամանակ և միջոցներ ծախսելու՝ առցանց ծանոթանալ ֆոնդում առկա տեղեկատվական բազային և ներկայացնել իրենց հետաքրքրությունները դրանց վերաբերյալ։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս