Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նոր անդամներով համալրելուն զուգահեռ` բավականաչափ զտել է իր շարքերը ՀՀԿ-ի տանիքի ներքո թաքնված սեփական ինչ-ինչ խնդիրներ լուծողներից: Այդ մասին ՀՀԿ 16-րդ համագումարում հայտարարեց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
«ՀՀԿ-ի մեխանիկական աճը մեր նպատակը չէ, քիչ ջանքեր չենք ներդրել կուսակցական մեխանիզմի արդյունավետ աշխատանքի համար, ունենք ձեռքբերումներ, բայց մեր պատկերացրած համակարգից մենք դեռ հեռու ենք: ՀՀԿ-ն շարունակում է քայլ առ քայլ ամրապնդել կուսակցական բարդ և բազմաշերտ համակարգը, բարձրացնել ծրագրային նպատակներին համահունչ ազդեցության արդյունավետությունը:
Այս տարվա ընթացքում սկզբնական կազմակերպությունների քանակն ավելացել է 22-ով: ՀՀԿ-ն նոր անդամներով համալրելուն զուգահեռ շարքերը բավականաչափ զտել ենք նաև ՀՀԿ-ի տանիքի ներքո թաքնված սեփական ինչ-ինչ խնդիրներ լուծողներից: ՀՀԿ-ի կազմում 18-40 տարիքային խումբն է ներկայացնում կուսակիցների 35 տոկոսից ավելին, կանայք մեծամասնություն են և կազմում կուսակցականների 54 տոկոսը»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով` այսօրվա համագումարում իրենք հնարավորություն կունենան քննարկելու նախորդ համագումարից հետո կատարված աշխատանքը, գնահատականներ տալու կուսակցական աշխատանքի բոլոր ձեռնարկված քայլերին, վեր հանելու խնդիրները, առաջ գնալու և նոր ազդակներ տալու տեղական կառույցներին:
«ՀՀԿ-ն իշխողն է և պատասխանատվություն է ստանձնել երկրի քաղաքական օրակարգն առաջ տանելու համար, այսօր պետք է ամփոփենք, թե որքան ենք կարողացել հասարական քաղաքական դաշտը պատրաստել խաղի նոր կանոններին»,- ասաց Սերժ Սարգսյանը` անդրադառնալով սահմանադրական փոփոխություններից հետո ձևավորվող քաղաքական համակարգին:
Միաժամանակ, ՀՀԿ առաջնորդը նշեց, որ կուսակցությունն ունի նաև աչք ծակող խնդիրներ, որոնք վերաբերում են հրապարակային գործունեություն ծավալող կուսակցականներին:
«Իհարկե, հղկվել է հանրապետականների հանրային խոսքն ու ոճը, քամահրական կամ վիրավորական պատասխանելն ընդդիմախոսներին, ուժի դիրքերից հանդես գալը, ծաղրելը և այլն: Բոլոր այս տիպի երևույթները նվազել են, բայց չի կարելի չնկատել նաև, որ մեր գործընկերները ժամանակ առ ժամանակ հրապարակ են նետում մտքեր, որոնք սխալ ազդակներ են հաղորդում հասարակությանը, աղավաղում են կուսակցության հեղինակությունը: Բոլորը պետք է ընդունեն, որ ցանկացած հանրային խոսք տնային աշխատանք է պահանջում, ամենագետների ժամանակներն անցել են, ապագան աշխատասեր գործիչներինն է»,- շեշտեց Սերժ Սարգսյանը` ավելացնելով, որ կստեղծեն կուսակցական հատուկ մարմին, որը կդառնա մշտական բանավեճի ակումբ, որտեղ ծնվող նոր գաղափարաները կամ դիրքորոշումները հասու կդառնան բոլոր կուսակցականների համար:
«Շարունակելու ենք բացահայտել և մեր շարքերում ընդգրկել բանիմաց երիտասարնդերի, հետևողական ջանքեր կգործադրենք, որպեսզի կանանց ներգրավվածությունը բարձրացնենք որոշումների կայացման հարցերում»,- ասաց Սարգսյանը` կարևորելով ՀՀԿ քաղաքական դպրոցի հիմնումը:
Խոսելով ՀՀԿ ծրագրի մասին` Սերժ Սարգսյանն ասաց, որ իրենք միշտ կարևորել են երկրի հետագա զարգացման հանդեպ արժեհամակարգային մոտեցումները: Նա ավելացրեց, որ արդիականցվելու է կուսակացական ծրագիրը, որում կամրապնդվի ազգային գաղափարախոսության առանցքը:
«Մեր գաղափարախոսության առանցքն է պատմականորեն ձևավորված արժեքների պահպանումը, մենք ոչ թե անցյալի, այլ մնայունի պաշտպանն ենք, մեր նպատակն անցյալում ստեղծված և հաստատված արժեքները սերնդեսերունդ փոխանցելն է»,- ընդգծեց ՀՀԿ նախագահը: