Եկել է Վաշինգտոնին և Մոսկվային ազդանշան ուղղելու ժամանակը. Քերի Քավանո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է փորձեն հետաքրքրել գերտերություններին, առավել ուշադիր աշխատել խաղաղության վրա, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ, դեսպան Քերի Քավանոն.

«Կողմերը պետք է միանշանակ ազդանշան ուղարկեն Մոսկվային, Վաշինգտոնին եւ Փարիզին, որ իրենք իրոք պատրաստ են աշխատել խաղաղ կարգավորման վրա»:

Քավանոյի խոսքով, այժմ նման ազդանշան ուղարկելու լավագույն ժամանակն է, քանի դեռ ամերիկյան նոր վարչակազմը զբաղված է արտաքին քաղաքականության առաջնահերթությունների որոշմամբ.

«Նախագահ Թրամփը եւ պետքարտուղար Թիլերսոնը հենց հիմա որոշում են, թե որ ոլորտների վրա են կենտրոնանալու։ Եվ եթե կողմերը ցանկանում են ակտիվ ներգրավել ԱՄՆ-ին, սա լավ ժամանակ է»:

Ղարաբաղյան հակամարտությունն այն եզակի ոլորտներից է, որտեղ Մոսկվան եւ Վաշինգտոնը սերտորեն համագործակցում են ավելի քան երկու տասնամյակ, հիշեցնում է նախկին դիվանագետը.

«Մեր սերտ համագործակցության մակարդակն այս հարցում իրոք կզարմացներ մարդկանց»:

Քերի Քավանոյի խոսքով, ղարաբաղյան հակամարտության գոտում լայնածավալ պատերազմի սկիզբը ծայրահեղ վտանգավոր է ոչ միայն հակամարտության կողմերի համար, որոնց այն առաջինը կվնասի, այլեւ՝ ամբողջ տարածաշրջանի համար, այնպես որ ե՛ւ Վաշինգտոնը, ե՛ւ Մոսկվան ե՛ւ Փարիզը հետաքրքրված են խաղաղություն հաստատելու գործում։

«Սա անշուշտ սառեցված հակամարտություն չէ, այլ դանդաղ շիկացող մի հակամարտություն, որը լուրջ ուշադրություն է պահանջում»:

Նախկին միջնորդի խոսքով, իրեն անհանգստացնում է երեք հանգամանք: Եթե մեկ տասնամյակ առաջ կողմերի միջեւ համակարգված եւ մշտական բանակցություններ էին ընթանում, ապա այժմ խաղաղ բանակցությունները դադարեցվել են: Մեկ տասնամյակ առաջ սահմանային հիմնական խնդիրը դիպուկահարների կրակոցներն էին, իսկ այսօր գործի են դրվում հրետանին, դրոններն ու տանկերը: Վերջապես, միջնորդների առաջարկները շփման գծում հատուկ սարքավորումներ տեղադրելու վերաբերյալ չեն իրականացվում.

«Հանկարծակի, մենք լսում ենք Ադրբեջանից, որ այն չի ցանկանում դա կյանքի կոչել, այնպես որ փոխվստահության այդ միջոցները հնարավոր չէ կյանքի կոչել»:

Քավանոյի խոսքով, սարքավորումների տեղադրումը միջնորդներին հնարավորություն կտար հրադադարը խախտողների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել: Միեւնույն ժամանակ, Քերի Քավանոն հիշեցնում է, որ թեեւ միջնորդները կարող են ճնշում գործադրել կողմերի վրա, խաղաղության հասնելու հիմնական պատասխանատվությունն ընկնում է հակամարտող կողմերի վրա.

«Միջնորդները չեն կարող խաղաղություն ցանկանալ ավելի շատ, քան իրենք՝ կողմերը, եւ հենց կողմերն իրենք պետք է հասնեն խնդրի կարգավորմանը»:




Լրահոս