Այսօր արյան դոնորի միջազգային օրն է. Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը: 2005 թվականին Ժնևում, Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նստաշրջանում` ի պատիվ ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, որը 1930թ. Նոբելյան մրցանակ է ստացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար, հունիսի 14-ը հաստատվել է որպես Արյան դոնորի համաշխարհային օր:
Առաջին անգամ մարդուց մարդուն արյուն փոխներարկվել է 1819 թվականին Անգլիայում: Ներկայումս այն լայնորեն կիրառվում է վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, այրվածքաբանության, վերակենդանացման և արյունաբանության ոլորտներում: Ժամանակին իրականացված արյան բաղադրամասի փոխներարկումը հաճախ փրկում է մարդու կյանքը:
Արյան տարբեր հիվանդություններով տառապող հիվանդների բուժման համար անհրաժեշտ են մեծ քանակությամբ արյան բաղադրամասեր: Շատ հաճախ հիվանդի հարազատները ի վիճակի չեն լինում արյուն հանձնել, սակայն դա չի նշանակում, որ այդ հիվանդները չեն ստանում անհրաժեշտ բուժօգնություն: Նման դեպքերում նրանց փոխներարկվում են կամավոր անհատույց դոնորներից հավաքագրված արյան բաղադրամասերը:
Հայաստանում ներկայումս արյան դոնորների կազմում գերակշռում են կադրային դոնորները` 46,6%, մինչդեռ առավել անվտանգ խումբ են կազմում անվարձահատույց կամավոր դոնորները: Նրանք Հայաստանում կազմում են 4,1 %: Այս խնդրի լուծումն անհատույց կամավոր դոնորության քարոզչությունն է հասարակության լայն շրջաններում, հատկապես երիտասարդության մեջ: