ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան ԱրմաՆ Թաթոյանը չի կարող գնահատական տալ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործողություններին , թե, ի վերջո, ինչու նա հեռացրեց համասեռամոլության նկատմամբ հանդուրժողականության կոչ անող սոցիալական գովազդների վահանակները:
Երեկ ԱԺ-ում կայացավ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ, որտեղ քննարկվում էր «ՔԿՀ-ներում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովության վերաբերյալ» ՀՀ ՄԻՊ-ի արտահերթ հրապարակային զեկույցը: ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով ազատությունից զրկված անձանց առողջության պահպանմանը, հայտնեց. «Մարդիկ չունեն տարրական դեղորայք: Ե՛վ «Հրազդան» ՔԿՀ-ում, ե՛ւ մի քանի ՔԿՀ-ներում մենք հանդիպել ենք կազուս դեպքերի. բժիշկն ինքը լաբորատոր պայմաններում պատրաստում է դեղորայք՝ իրար հետ խառնում դեղաբույսեր, նաեւ ձեր զեկույցում արձանագրված է՝ բժիշկը տնայնագործական պայմաններում դեղորայք է պատրաստում, ցավազրկող եւ այլն»:
Արտահերթ նիստից հետո «Ժողովուրդ» օրաթերթը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ զրուցեց մի շարք խնդիրների մասին:
-Պարո՛ն Թաթոյան, մեկ ամսից լրանում է 2016 թվականին հուլիսյան դեպքերի ժամանակ լրագրողների ծեծի գործով քննության մեկ տարին, ի՞նչ են քննում ՀՔԾ-ում մեկ տարի, երբ ամեն ինչ բոլորին պարզ է: Ի՞նչ եք անելու, մեկ տարին է լրանում, բայց իրավապահ համակարգը չի կարողանում պատասխանատվության կանչել մեղավորներին:
-Գիտեք, մեր հատուկ զեկույցում էլ կա նշված հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ, այդ փաստը քննադատվում է, որ ինչու մինչեւ հիմա չկան դատապարտված անձինք այդ առումով: Ընդ որում, լրագրողների հետ կապված հատկապես բռնությունների կանխարգելման իմաստը այն է, որ պետք է խիստ պատիժներ կիրառվեն նաեւ դրանք կատարողների նկատմամբ, որպեսզի դա ունենա կանխարգելիչ նշանակություն: Ինչպես նշել էի իմ արտահերթ զեկույցում, լրագրողների նկատմամբ բռնությունը նաեւ հետապնդել է նրանց պատժելու նպատակ, որովհետեւ մեր տվյալներով՝ այդ բռնությունները շարունակվել են նաեւ այն ժամանակ, երբ լրագրողը դադարեցրած է եղել իր լրագրողական աշխատանքը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Քնար Մանուկյան