Ինչո՞ւ են տարատեսակ զինատեսակներ կիրառվում, եթե նպատակը բանակցություններն են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի՝ վերջին օրերի խախտումները, երբ կրկին կիրառվեցին ծանր զինատեսակներ, եւ եղան մարդկային զոհեր, իրենց վրա են բեւեռել միջազգային հանրության ուշադրությունը: Ու հիմա ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փորձում են հակամարտող կողմերին կրկին բանակցային սեղան վերադարձնել: Մասնավորապես համանախագահները նախօրեին տարածած հայտարարությամբ փաստել են, որ բռնությունը ծնում է բռնություն, եւ որ խնդրի լուծման միակ ուղին բանակցային սեղան վերադառնալն է:

Երեկ էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան է խոսել ԼՂ խնդրի մասին՝ կոչ անելով դադարեցնել բռնություններն ու մեջբերել բանակցային գործընթացը վերսկսելու անհրաժեշտության մասին ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը:

Այս ամենին երեկ հետեւել է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի արձագանքն առ այն, որ իրենք պատրաստ են բանակցությունների եւ չեն հրաժարվի ԱԳ նախարարների՝ հուլիսին նախատեսված հանդիպումից: «Հայաստանը երբեք չի հրաժարվել հանդիպումներից` թե՛ ամենաբարձր մակարդակով, թե՛ ԱԳ նախարարների մակարդակով: Ինչպես մի քանի օր առաջ ասացի, բացառված չէ, որ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում լինի հուլիսին»,- ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսնակն էլ ասել է, թե Բաքուն չի պլանավորում չեղարկել նախարարների հանդիպումը, եւ հավելել. «Ադրբեջանը բանակցություններին չի մասնակցում հանուն իմիտացիայի։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ մենք ցանկանում ենք բովանդակալից բանակցություններ»:

Հետաքրքիր է, որ եթե իրապես նպատակը բանակցություններն են, էլ ինչ իմաստ ունեն տարատեսակ զինտեխնիկայի գործադրումները: Իրականում բանակցող կողմերից մեկը՝ Ադրբեջանը, ձեւացնում է, թե կողմ է խնդրի կարգավորմանը, բայց գործնականում այդպես էլ ոչինչ չի անում կարգավորման, խաղաղ բանակցությունների համար: Նրանք մինչ օրս ոչ միայն շարունակում են հրադադարի ռեժիմի խախտումները, այլեւ խուսափում Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում նախագահների մակարդակով ստանձնած պարտավորությունների կատարումից՝ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումից: Ու այստեղ մեծ բացթողում ունեն միջազգային կառույցները, որոնք պետք է պարտադրեն հետաքննող մեխանիզմների տեղադրումը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս