Երևանում երիտասարդ աղջկան պատանդ վերցրած Գոռ Հակոբյանի հարևաններից շատերը հիմնականում շփում չեն ունեցել երիտասարդի և նրա ընտանիքի անդամների հետ: ArmLur.am-ի հետ զրույցում հարևաններից մեկը հայտնեց, թե միայն դեպքից հետո է իմացել, որ այդ երիտասարդն իր հարևանն է ու նաև զարմացել, որ այդքան ժամանակ նրան չի ճանաչել:
Գոռ Հակոբյանի մեկ այլ հարևան էլ մեկ-երկու անգամ է տեսել երիտասարդին: Հարևանները նրան չճանաչելը պատճառաբանեցին այն հանգամանքով, որ ընդամենը մի քանի ամիս է, որ վարձակալել են այդ բնակարանը և կարճ ժամանակում չեն հասցրել ծանոթանալ: Հարևաններից մեկը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե լսել է, որ Գոռի եղբայրն ԱՄՆ-ում մեծ բիզնեսներ ունի, գումարից չեն նեղվում և կարողացել են այդպիսի շքեղ տուն վարձակալել:
ArmLur.am-ը զրուցեց նաև Գոռի բարեկամներից մեկի հետ, ով բավական զայրացած էր և կտրականապես հերքեց երիտասարդ տղայի վերաբերյալ առկա հրապարակումները: Գոռի բարեկամի խոսքով, նրան ոչ թե ԱՄՆ-ից արտաքսել են, այլ հենց ինքն է ընտանիքի անդամների հետ վերադարձել Հայաստան` այնտեղ այլևս ապրել չցանկանալու պատճառով:
Նրա խոսքով, Գոռն ԱՄՆ-ում նորմալ վարքի տեր է եղել, Կալիֆորնիայի համալսարանում բարձր առաջադիմություն ունեցել, իսկ նրա լուսանկարն էլ նույնիսկ փակցված է եղել պատին` հինգ առաջատար ուսանողների կողքին: Նրա խոսքով, այժմ Ամերիկյան համալսարանում էլ դեռ առկա են փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Գոռն այստեղ ցանկանում էր ուսում ստանալ:
Անդրադառնալով այն հրապարակումներին, որ Գոռն ԱՄՆ-ում դատապարտված է եղել հինգ մեքսիկացիների սպանելու համար, նրա բարեկամն ընդգծեց: «ԱՄՆ-ում նույնիսկ փոքր հանցագործության համար դատում են, հինգ մեքսիկի սպանելու համար ցմահ կտային»: Նրա խոսքով, Գոռն ԱՄՆ-ում իսկապես միջադեպերի մեջ հայտնվել է, սակայն միայն վիճաբանություն և ծեծկռտուք է եղել` այն էլ հայ աղջկա պատիվը պահելու համար:
Ի դեպ, պարզեցինք նաև, որ Գոռ Հակոբյանի հայրը, ով հայտնի է Կայարանցի Բիբոս անունով, արդեն տևական ժամանակ է` Հայաստանում է: