2017թ. հուլիսի 19-ից Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում՝ դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, ընթանում է Դիլիջանի պետական քոլեջի նախկին տնօրեն Վարդան Հակոբի Գեւորգյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010 թվականից աշխատելով որպես ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Դիլիջանի պետական բժշկական քոլեջի տնօրեն՝ 2013թ. սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետությունից բացակայող, հիշյալ քոլեջի ուսանողուհի Վարյա Բեգլարյանի բացակայությունները քողարկելու նպատակով, անձնական այլ դրդումներով, մինչեւ Վարյա Բեգլարյանի ՌԴ-ից վերադառնալը պաշտոնական փաստաթղթերում կատարել է ակնհայտ կեղծիքներ:
Դրանք դրսեւորվել են հետեւյալ կերպ՝ Վ. Գեւորգյանն իր ստորագրությամբ եւ Դիլիջանի պետական բժշկական քոլեջի կնիքով հաստատել է իրականությանը չհամապատասխանող փաստեր: Վ.Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնական կեղծիքը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ոսկան Սարգսյան
Տավուշ