Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այդ օրն առաջին անգամ` 1988թ. դեկտեմբերի 1-ին կազմակերպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Այդ օրն աշխարհի տասնյակ երկրների ղեկավարներ հատուկ ուղերձներով հանդես եկան ռադիոյով եւ հեռուստատեսությամբ: Այդ օրվանից ամեն տարվա դեկտեմբերի 1-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի նկատմամբ հասարակության լայն խավերի ուշադրությունը գրավելու, կանխարգելման ոլորտում նոր կազմակերպություններ, խմբեր եւ առանձին անհատներ ներգրավելու համար: Այս օրն ամեն տարի նշվում է զանազան կարգախոսների ներքո, որոնք արտացոլում են ընթացիկ ժամանակաշրջանի կենսական խնդիրները: 2005թ. ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային քարոզարշավն անցկացվելու է «Կանգնեցրե՛ք ՁԻԱՀ-ը: Կատարե՛ք խոստումը» կարգախոսով:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակն աշխարհում եւ Հայաստանի Հանրապետությունում
2005թ. դեկտեմբերի դրությամբ աշխարհում արդեն ապրում է 40,3մլն (36,7-45,3մլն) ՄԻԱՎ վարակակիր. նրանց գերակշիռ մասը՝ 25,8մլն-ը (23,8-28,9մլն), բնակվում է Սահարայից հարավ ընկած Աֆրիկայում, իսկ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որի մեջ մտնում են նաեւ Հայաստանը եւ նախկին Խորհրդային Միության հանրապետությունները, ՄԻԱՎ վարակակիրների թիվը հասել է 1,6մլն-ի (990 հազարից-2,3մլն): 2005թ. ընթացքում մոտ 4,9մլն (4,3-6,6մլն) մարդ է վարակվել ՄԻԱՎ-ով, նրանցից 270 հազարը (140-610 հազար)` մեր տարածաշրջանում. դա ավելի քան 12 անգամ գերազանցում է Արեւմտյան Եվրոպայում եւ ավելի քան 6 անգամ՝ Հյուսիսային Ամերիկայում նոր դեպքերի թվին:
Մեր տարածաշրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի զարգացման տեմպերն ամենաբարձրն են աշխարհում:
Համաճարակի սկզբից ի վեր արդեն մահացել է ավելի քան 25մլն ՁԻԱՀ-ով հիվանդ, նրանցից 3,1մլն-ը (2,8-3,6մլն)՝ 2005թ.:
Աճում է ՄԻԱՎ վարակակիր երեխաների եւ կանանց տեսակարար կշիռը: 2005թ. դեկտեմբերի դրությամբ աշխարհում կան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող 2,3մլն (2,1-2,8մլն) երեխա եւ 17,5մլն (16,2-19,3մլն) կին: 2005թ. ընթացքում ՄԻԱՎ-ով վարակվել է 700 հազար (630-820 հազար) երեխա: Այդ նույն ժամանակաընթացքում 570 հազար (510-670 հազար) երեխա է մահացել ողջ աշխարհում:
Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից:
1988թ. մինչեւ 2005թ. նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել են 375 ՄԻԱՎ վարակակիրներ, որոնցից 356-ը՝ ՀՀ քաղաքացիներ: 2005թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 71 նոր դեպք, որից 68-ը` ՀՀ քաղաքացիների շրջանում: ՄԻԱՎ վարակակիրների ընդհանուր կազմում գերակշռում են տղամարդիկ՝ 279 դեպք (78,4%), կանանց մոտ արձանագրվել է 77 դեպք (21,6%): ՄԻԱՎ վարակի 6 դեպք (1,7%) է արձանագրվել երեխաների մոտ:
ՄԻԱՎ վարակակիրների զգալի մեծամասնությունը (76,1%) 20-39 տարիքային խմբում է:
Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (54,5%) եւ հետերոսեքսուալ ճանապարհը (37,6%): Սրանցից բացի, Հայաստանում արձանագրվել են մորից երեխային, արյան եւ հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:
Վարակակիրներից 101-ի մոտ (կին` 18, երեխա` 4) ախտորոշվել է ՁԻԱՀ, ըստ որում, 37-ը` 2005թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 76 դեպք: Մահացածների թվում կան 12 կին եւ 2 երեխա:
Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ, ընդ որում՝ նրանց մի մասը ժամանակավոր բնակվել եւ, հավանաբար, ՄԻԱՎ-ով վարակվել է ՌԴ-ում (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Իրկուտսկ, Ռոստով, Սուրգուտ եւ այլուր) ու Ուկրաինայում (Օդեսա, Կիեւ, Մարեուպոլ եւ այլուր): Դրանցից բացի, բոլոր ՄԻԱՎ վարակակիր տղամարդկանց մեծամասնությունը (70,2%) նույնպես թմրամիջոցների ներարկային օգտագործող է, իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (97,3%):
ՄԻԱՎ վարակակիրների առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երեւանում՝ 177 դեպք, որը կազմում է բոլոր ՄԻԱՎ վարակակիրների 49,7%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 8,4%: