Մինչ վանքերը թալանում են մեր երկրում, կրոնական հոսանքներն աղոթատեղիներ են կառուցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ վանքերը թալանում են մեր երկրում, կրոնական հոսանքներն աղոթատեղիներ են կառուցում: Վերջին տարիներին սահմանամերձ Տավուշի մարզում կրոնական զանազան ուղղություններ ավելացնում են իրենց կողմնակիցների թիվը: Մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի` Վրաստանին սահմանակից Բագրատաշեն եւ Դեբեդավան գյուղերում մեծ է Եհովայի վկաների թիվը:

Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքի Բլբուլյան փողոցում Եհովայի վկաները իրենց համար աղոթատեղի են գնել, վերանորոգում են: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նրանք գնել են շրջկոոպի նախկին խանութի շենքը եւ այն սալիկներով երեսպատում են: Նոյեմբերյան քաղաքում Ավետարանի հավատքի քրիստոնյաների եկեղեցու անդամները իրենց համար աղոթատեղի են սարքել: Այդ կրոնական ուղղության նոյեմբերյանցի հետեւորդներից մեկն ասաց, որ իրենք գնել են Նոյեմբերյան քաղաքի բնակիչներից մեկին պատկանող, նախկինում հրդեհից այրված տունը եւ հիմնանորոգել այն:

Մինչ կրոնական տարբեր ուղղությունների հետնորդներն իրենց համար աղոթատեղիներ են կառուցում, Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրները թալանի են ենթարկվում: Հունվարի լույս 14-ի գիշերը Տավուշի մարզի սահմանամերձ Աչաջուր գյուղի տարածքում անհայտ անձը կամ անձինք կոտրել են Մակարավանքի եկեղեցու մուտքի դուռը, մտել տաճար, թալանել գանձանակը: Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին հարցրինք` շա՞տ գումար են գողացել:

Նա ասաց, որ գանձանակում եղած գումարի չափը հայտնի չէ, գանձանակը ավելի քան 3 ամիս չէր դատարկվել: Թեմի առաջնորդն ասաց, որ գողերը ջարդել են Մակարավանքում գտնվող հուշանվերների ցուցափեղկը, շարժել են եկեղեցու խորանի արծաթե խաչը, սակայն այն չեն տարել: Նշենք, որ Մակարավանքում հոգեւոր ծառայություն է մատուցում Աչաջրում բնակվող Տեր Արշավիր քահանա Ասատրյանը, Մակարավանքում մոմ վաճառող աչաջրեցի Արմենը նաեւ վանական համալիրի պահակ է աշխատում: Թեմի առաջնորդը հայտնեց, որ սա Մակարավանքից գողության 2-րդ դեպքն է, նախանցած տարի 2 անգամ Գոշավանքից է գողություն կատարվել: Նա չի կարծում, որ կատարված գողությունը եկեղեցու հանդեպ անբարյացակամ վերաբերմունքի հետեւանք է, Հայաստանի այլ վանական համալիրներում նույնպես, օրինակ` Հաղպատավանքում, գողություններ են կատարվել:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս