ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՀՈՒՇԻ ԹՐԱՄՓԻՆ ԱՆՆԿԱՏ ՄՆԱԼՈՒ ՈՒ ՍԱՐՍԱՓԻ ԲԱՆԱՁԵՎԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարին ԱՄՆ-ում փակվեց հարկային օրենսդրության վերանայմամբ, որոշակի հարկատեսակների կրճատմամբ ու հարկային բեռի թեթեւացմամբ: Դա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու ԱՄՆ Հանրապետական կուսակցության համար կարելի է անվանել լուրջ հաջողություն` հաշվի առնելով դրանից քաղաքական կապիտալ ստանալու հնարավորությունները: Սակայն Թրամփը չկարողացավ ձերբազատվել իր թիկունքում ռուսական հետքի շուրջ ընթացող հետաքննության ծանր շնչառությունից, որը օրերս հետաքրքիր զարգացումներ ունեցավ:

Տարվա վերջին Թրամփը պաշտոնից հեռացրեց իր հատուկ խորհրդական Սթիվ Բեննոնին, որը աջ ծայրահեղականության ակտիվ քարոզիչներից մեկն է եւ համարվում էր Թրամփի մտերիմը: Բեննոնը թեպետ վերադարձավ իր հին աշխատանքին` համակարգելու աջ ծայրահեղականության հայտնի պարբերականներից մեկի աշխատանքները, սակայն պահպանեց իր ներկայությունը Թրամփի շուրջ հյուսվող սկանդալներում: Բեննոնի գաղափարները, մտքերն ու կարծիքը օգտագործելով` Մայք Վուլֆը Թրամփի մասին մի գիրք հրատարակեց, որը բացահայտում էր նախագահի վարչակազմի ներսում տիրող քաոսը: Թեեւ Թրամփն ու նրա իրավաբանները ամեն ջանք գործադրեցին` արգելելու համար գրքի լույսընծայումը, սակայն դրանք ապարդյուն անցան: Գրքի ընթերցումը ցույց տվեց, թե ինչպիսի թափթփվածություն է տիրում Թրամփի վարչակազմում` այդ ամենը համեմված արդեն նախկին գլխավոր խորհրդականի կծու գնահատականներով: Մամուլի համակ ուշադրությունը, այդպիսով, կենտրոնացավ Բեննոնի վրա, որը դավաճանություն էր համարել Թրամփի որդու հարաբերությունները ռուսական հատուկ շրջանակների հետ: Թեպետ Թրամփի ճնշումների արդյունքում Բեննոնը ներողություն խնդրեց իր արտահայտությունների համար եւ հրաժարվեց հավելյալ հրապարակային մեկնաբանություններից, բայց ԱՄՆ Կոնգրեսն ու հատուկ դատախազը խայծը կուլ չտվեցին: Շաբաթվա սկզբին Բեննոնը ստիպված եղավ հարցաքննվել ռուսական հետքի քննությամբ զբաղվող ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի առաջ: Դատականչվելով Կոնգրես` Բեննոնը Թրամփի վարչակազմի հերթական ներկայացուցիչն է, որը ստիպված է պարզաբանումներ տալ, թե ինչ կապեր են եղել նախագահի նախընտրական քարոզչական շտաբի ու ռուսական կառավարող շրջանակների միջեւ: Սակայն, ի տարբերություն մյուս պաշտոնյաների, Բեննոնի հարցաքննությունը հետաքրքիր զարգացում է ունեցել: Նա, որպես գործադիր իշխանության` արդեն նախկին ներկայացուցիչ, ակտիվորեն գործակցել է Սպիտակ տան ու Թրամփի իրավաբանների հետ: Իսկ կոնգրեսականների հարցերին կա՛մ խուսափողական պատասխաններ է տվել, կա՛մ էլ հայտարարել, որ չի կարող պատասխանել կոնկրետ հարցերին` հաշվի առնելով նախագահական արտոնությունը: Խնդիրն այն է, որ նախորդ հարցաքննվողները նույնպես քանիցս հիմնվել են այլոց հարցերին չպատասխանելու նախագահական արտոնության վրա, որը ԱՄՆ նախագահին վերապահված է Սահմանադրությամբ: Ըստ այդ արտոնության` նախագահը կարող է ընթացիկ քաղաքական իրավիճակում հրաժարվել Կոնգրեսի հարցերին պատասխանելուց` պետական գաղտնիքներ չմատնելու համար հասարակությունից, ու Կոնգրեսից թաքցնել որոշակի տեղեկություններ: Ոչ ոք նախագահին չի կարող պարտադրել հարցաքննվել կամ պատասխանել հարցերին, որոնք կվնասեն պետական անվտանգությունը: Եվ ահա Թրամփի վարչակազմի հարցաքննվող պաշտոնյաները, միմյանց հերթ չտալով, հիմնվում են այս սահմանադրական նորմի վրա` պնդելով, որ չեն կարող պատասխանել հարցերի, որոնք վերաբերում են նախագահի հետ իրենց զրույցներին: Այսինքն` քանի որ հարցերին պատասխանելով` անուղղակիորեն կխախտեն նախագահի` հարցերին չպատասխանելու սահմանադրական արտոնությունը, այդ պատճառով հրաժարվում են խոսել կոնկրետ թեմաների շուրջ:
Սակայն Բեննոնի պարագայում այդ իրավունքից օգտվելն այնքան հաճախ է տեղի ունեցել, որ առաջացրել է կոնգրեսականների զայրույթը: Բեննոնը հրաժարվել խոսել թե՛ թեկնածու Թրամփի քարոզարշավի, թե՛ իշխանության ստանձնման շրջանի գործընթացների, թե՛ Թրամփի նախագահության ժամանակահատվածի կոնկրետ իրադարձությունների մասին: Հանձնաժողովի դեմոկրատ անդամներից մեկն անգամ չի թաքցրել իր բարկությունը լրատվականների հետ զրույցում` նշելով, թե ինքն առաջին անգամ է տեսնում, որ նախագահին վերաբերող սահմանադրական նորմը կիրառվի ընտրյալ, բայց պաշտոնը չստանձնած նախագահի կամ էլ նույնիսկ նախագահի պաշտոնը չզբաղեցնող երկու անձանց խոսակցությունների բացահայտման առթիվ: Անգամ Կոնգրեսի հանրապետական ներկայացուցիչներն էին վրդովված Բեննոնի հարցաքննությունից ու դրա շուրջ Սպիտակ տան հյուսած սարդոստայնից: Փորձելով ամեն կերպ զսպել Բեննոնին, որը, անկասկած, շատ բան գիտի Թրամփի թիմի գործունեության մասին, Սպիտակ տունը կարծես հաշվի չի առել, որ հատուկ դատախազի հետ նույնը կրկնել չի ստացվի:
Հատուկ ռուսական հետքը քննող հանձնախումբը` Ռոբերտ Մյուլլերի ղեկավարությամբ, ազատ է իր գործունեության մեջ, եւ նրա հետ Բեննոնը ստիպված է լինելու անկեղծանալ: Արդեն իսկ հայտնի է, որ Մյուլլերը հարցաքննության է կանչել Բեննոնին` խոսելու համար այն բոլոր հարցերի մասին, որոնցից նախկին խորհրդականը Կոնգրեսում խուսափել էր: Այժմ Թրամփի իրավաբանական թիմը բավականին սահմանափակ լիազորություններ ունի` ազդելու համար գործընթացի վրա` կրկին հայացքը հառած հատուկ դատախազի ձեռնարկելիք քայլերին ու արդեն ավանդույթ դարձած հարցաքննություններին հաջորդող տեղեկատվական արտահոսքերին: Մինչդեռ Հայաստանում դժվար է պատկերացնել, որ նախագահն ու նախագահական վարչակազմը դողալով սպասեն իրենց վերաբերող ինչ-որ հետաքննության: Անգամ նախորդ ամիս, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կամայականորեն ներել է հանցագործություններ կատարած համայնքապետերին ինչ-որ մարդկանց միջնորդություններով, որեւէ մի քննիչ չհանդգնեց ընթացք տալ այդ գործին: Իսկ անհնար է պատկերացնել, որ ԱՄՆ-ում նախագահը նման ելույթ ունենար, ու մի նոր հետաքննություն չբախեր նրա դուռը: Եթե ամբողջ աշխարհում զգուշանում են ԱՄՆ նախագահից, իսկ սեփական երկրում նրան ընդամենը ընդունում իբրեւ հավասարների մեջ առաջինը, ապա ամբողջ աշխարհում չեն էլ նկատում Հայաստանի առաջնորդին, իսկ երկրի ներսում սարսափում նրանից:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ՄԻՊ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՆՈՐ Է ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության տվյալների համաձայն` Հայաստանը 2017 թվականին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գրանցել է մի շարք հաջողություններ: Կազմակերպությունը, սակայն, ներկայացրել է նաեւ բացթողումները: Ըստ Human Rights Watch-ի իրավապաշտպանների` 2017 թվականին Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները լիարժեք ժողովրդավարական գործընթացի ապահովման բացթողնված հնարավորություն են:
Զեկույցում մասնավորպես անդրադառնում են Հայաստանում խորհրդարանական եւ ավագանու ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց նկատմամբ հետապնդումներին, իրավապահ մարմինների աշխատակիցներին չարաշահումների համար պատասխանատվության չենթարկելուն եւ այլն: Նշվում է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները չկարողացան բարելավել հանրության վստահությունը ընտրական համակարգի հանդեպ: Ավելին` ՀՀԿ-ն ձայների մեծամասնությունը հավաքեց խախտումների մասին զեկույցների ֆոնին: Վերհիշելով 2017-ի մայիսին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունները` նշվում է, որ դա էլ իր հերթին աչքի ընկավ ընտրողների ցածր մասնակցությամբ, ընտրակաշառքների եւ ընտրողներին ահաբեկելու մասին տեղեկություններով:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով ցեկույցին, ասաց. «Ես կարծում եմ, որ Human Rights Watch-ը բավականին օբյեկտիվ, բայց կոռեկտ է ներկայացրել վիճակը, որովհետեւ Հայաստանում ընտրությունները ձեւական բնույթ են կրում: Ես ավելի խիստ կասեի»:
Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանն էլ հավելեց. «Ես էլ եմ գտնում, որ այն, ինչ-որ տեղի է ունեցել, դա չի համապատասխանում այն գնահատականներին, որը տալիս է իշխանությունը: Ես ինքս այս անգամ չեմ հետեւել ընտրություններին, բայց ամբողջ թերությունները, որոնք որ հնչեցվեցին ԶԼՄ-ների կողմից, ուշադիր հետեւել եմ: Ամենազարմանալին ինձ համար այն էր, որ երբ հայտնաբերվել է բացեիբաց գումարների բաժանում, փոխարենն այդ դեպքը դատապարտվի, որ մենք էլ հասկանանք, որ կարծես թե դա միակ դեպքն է, հակառակը՝ ամեն ինչ արեցին, որ արդարացնեն»:
Իսկ ինչո՞ւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը` Արման Թաթոյանը, մինչ այս չէր բարձրաձայնել նշված խնդիրների մասին: Պաշտպանի գրասենյակի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը միայն մեր զանգից հետո հանձնարարեց ուսումնասիրել զեկույցը՝ խոստանալով, որ անպայման կպատասխանի մեզ հուզող հարցերին:

ՎԱՐԴՈՒՀԻ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

 

ՔԱՆԴՎԱԾ ԱՐԺԵՔՆԵՐ

Մինչ վանքերը թալանում են մեր երկրում, կրոնական հոսանքներն աղոթատեղիներ են կառուցում: Վերջին տարիներին սահմանամերձ Տավուշի մարզում կրոնական զանազան ուղղություններ ավելացնում են իրենց կողմնակիցների թիվը: Մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի` Վրաստանին սահմանակից Բագրատաշեն եւ Դեբեդավան գյուղերում մեծ է Եհովայի վկաների թիվը:

Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքի Բլբուլյան փողոցում Եհովայի վկաները իրենց համար աղոթատեղի են գնել, վերանորոգում են: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նրանք գնել են շրջկոոպի նախկին խանութի շենքը եւ այն սալիկներով երեսպատում են: Նոյեմբերյան քաղաքում Ավետարանի հավատքի քրիստոնյաների եկեղեցու անդամները իրենց համար աղոթատեղի են սարքել: Այդ կրոնական ուղղության նոյեմբերյանցի հետեւորդներից մեկն ասաց, որ իրենք գնել են Նոյեմբերյան քաղաքի բնակիչներից մեկին պատկանող, նախկինում հրդեհից այրված տունը եւ հիմնանորոգել այն:
Մինչ կրոնական տարբեր ուղղությունների հետնորդներն իրենց համար աղոթատեղիներ են կառուցում, Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրները թալանի են ենթարկվում: Հունվարի լույս 14-ի գիշերը Տավուշի մարզի սահմանամերձ Աչաջուր գյուղի տարածքում անհայտ անձը կամ անձինք կոտրել են Մակարավանքի եկեղեցու մուտքի դուռը, մտել տաճար, թալանել գանձանակը: Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին հարցրինք` շա՞տ գումար են գողացել: Նա ասաց, որ գանձանակում եղած գումարի չափը հայտնի չէ, գանձանակը ավելի քան 3 ամիս չէր դատարկվել: Թեմի առաջնորդն ասաց, որ գողերը ջարդել են Մակարավանքում գտնվող հուշանվերների ցուցափեղկը, շարժել են եկեղեցու խորանի արծաթե խաչը, սակայն այն չեն տարել: Նշենք, որ Մակարավանքում հոգեւոր ծառայություն է մատուցում Աչաջրում բնակվող Տեր Արշավիր քահանա Ասատրյանը, Մակարավանքում մոմ վաճառող աչաջուրցի Արմենը նաեւ վանական համալիրի պահակ է աշխատում: Թեմի առաջնորդը հայտնեց, որ սա Մակարավանքից գողության 2-րդ դեպքն է, նախանցած տարի 2 անգամ Գոշավանքից է գողություն կատարվել: Նա չի կարծում, որ կատարված գողությունը եկեղեցու հանդեպ անբարյացակամ վերաբերմունքի հետեւանք է, Հայաստանի այլ վանական համալիրներում նույնպես, օրինակ` Հաղպատավանքում, գողություններ են կատարվել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս