ՀՀ կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանը, ով այս պաշտոնին նշանակվել է իր տիկնոջ` ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի շնորհիվ, հասցրել է հսկայական ունեցվածք կուտակել: «Ժողովուրդ» օրաթերթը նրա ներկայացրած պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ Բեգլարյանն ունի 6 հատ հողամաս, անհատական բնակելի 3 հատ տուն եւ մեկ հատ բնակարան: Բացի այս` կառավարության աշխատողը երկու ընկերությունում ունի ընդհանուր 150 հազար դրամի բաժնետոմս:
Իսկ փոխառությունների չափը կազմում է 1.5 մլն դրամ: Պատգամավորի ամուսինը ունի ընդամենը 5 միլիոն դրամ: Իսկ որպես եկամուտ Բեգլարյանը հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական գերազանցում է 200 հազար դրամը, մեկ ընկերությունից ստացած 41 մլն 160 հազար դրամի չափով շահաբաժինը: Բացի այս` նա 23 մլն դրամի չափով գույք է վաճառել, որն էլ հայտարարագրել է որպես եկամուտ:
Նշենք, որ Բեգլարյանը կառավարությունում բավական յուղոտ պաշտոն է զբաղեցնում` գործերի կառավարիչն է, կազմակերպում է պետական գնումները, նյութատեխնիկական սպասարկումը եւ այսպես շարունակ: