ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ ներգրավվածություն է ունեցել բանակը Մարտի 1-ի դեպքերին. նոր զարգացումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտ-ի 1-ի գործով ուշագրաց զարգացումներ են տեղի ունենում: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնի դարձավ, որ 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցը, որը վերնագրված է «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի իրադարձություններին», ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն՝ ուսումնասիրության:

ԱԺ-ում Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ իրականացված լսումների արդյունքում պարզվել էր, որ գործը քննող քննչական խումբն այդպես էլ գործին չի կցել 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցը, որը վերնագրված է «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1, 2-ի իրադարձություններին»: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այդ հարցով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ միջնորդելով այդ զեկույցը կցել գործին, եւ նա նշել էր, որ այդ փաստական նյութը չի ուսումնասիրվել, եւ սա մեծ բացթողում է. «Որովհետեւ այս փաստական նյութի ուսումնասիրության արդյունքում շատ լուրջ պատճառահետեւանքային կապեր կարող են բացահայտվել»:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց, թե ինչ է պատրաստվում անել ՀՀ գլխավոր դատախազությունը 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցի հետ, որը վերնագրված է «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1, 2-ի իրադարձություններին: Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը իր դիմումում նշել էր, որ զեկույցը կցվի քրեական գործին եւ զեկույցում նշված փաստերն օրենքով սահմանված ուսումնասիրվեն, ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց. «2008թ. մարտի 1-ի եւ 2-ի իրադարձություններն ուսումնասիրող փորձագետների փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի՝ «Բանակի ներգրավումն ու մասնակցությունը հետընտրական գործընթացներին եւ Մարտի 1-2-ի իրադարձություններին» վերտառությամբ զեկույցն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրանում արծարծված հանգամանքները 2008թ. մարտի մեկի դեպքերի եւ սպանությունների հետ կապված քննվող քրեական գործերով քննության առարկային վերաբերելիության եւ ըստ անհրաժեշտության համապատասխան քննչական եւ այլ դատավարական գործողություններ կատարելու հարցը քննարկելու համար»:

Ըստ էության 10 տարի անց Մարտի 1-ի գործով իրավիճակ է փոխվում, եւ չի բացառվում, որ ՀՔԾ-ում համապատասխան քննարկման արդյունքում որոշում կայացվի, ըստ անհրաժեշտության համապատասխան քննչական եւ այլ դատավարական գործողություններ իրականացվեն, որոնք նոր բացահայտումների հիմք կդառնան: Ավելին` պարզ է, որ դատախազության այս քայլը՝ փաստահավաք խմբի անդամների զեկույցն ուսումնասիրելը, չէր կարող տեղի ունենալ առանց Սերժ Սարգսյանի իմացության ու համաձայնության: Ու անկախ նրանից, թե հետագայում ՀՔԾ-ն այս հարցում ինչ որոշում կկայացնի /ընդ որում, այդ որոշումն էլ կլինի Սերժ Սարգսյանի համաձայնությամբ/, ինքնին փաստ է, որ նախաքննական մարմինը կասկածի տակ է դրել 2008թ. հայտնի իրադարձությունների ժամանակ իշխանությունների գործողությունների սահմանադրականությունը, օրինականություն:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Էդգար Բաղդասարյան




Լրահոս