Հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի մահվան պատճառ դարձած վթարի դեպքի առթիվ. վարորդը ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի մահվան պատճառ հանդիսացած Երևան քաղաքի Սարալանջի փողոցում տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով՝ 2018թ. ապրիլի 23-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարալանջի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե պատնեշին: Վթարի հետևանքով «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևորները, որոնց թվում եղել է նաև մանկահասակ երեխա՝ ծնված 2017թ., ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն, իսկ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտովթարից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրը և հեռացել:

Ապրիլի 26-ին մանկահասակ երեխան, ստացած մարմնական վնասվածքներից գիտակցության չգալով, բժշկական կենտրոնում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով: «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզվել է և ձերբակալվել։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտե




Լրահոս