ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այդ փոփոխությունը կատարողներին թող հալալ լինի, ճիշտ եղավ ամեն ինչ. Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության եւ քաղաքական այլ հարցերի շուրջ Ժողովուրդ օրաթերթը զրուցել է Վրաստանի խորհրդարանի Վրացական երազանք կուսակցության հայազգի պատգամավոր Սամվել Մանուկյանի հետ:

-Պարո՛ն Մանուկյան, հայ-վրացական հարաբերություններում ի՞նչ խնդիրներ եք տեսնում:

-Որ ասեմ մեծ խնդիրներ կան, այդպես չէ: Բայց կան հարցեր, որ մեզ անհանգստացնում են, եւ հույս ունեմ, որ այդ հարցերի շուրջ լավ քննարկում կլինի, եւ կկարողանանք լուծել: Կան հարցեր, որ վաղուցվանից են, կան, որ նոր-նոր են ծնվում: Բայց մեզ նոր կառավարությունն էլ հույս է տալիս: Իսկ Վրաստանի կառավարությունը պետք է ասեմ, որ վերջին տարիներին շատ լավ է վերաբերվում հայերին, եւ հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի:

-Կա՞ն հարցեր, որ պետք է սրբագրել, մաքրել:

-Այդպիսի բաներ կան: Բայց ճիշտ կլիներ` մենք հանդիպեինք մեր Սփյուռքի նախարարի հետ, խոսեինք մեր ընդհանուր հարցերի մասին: Հիմնականում ժողովրդի կողմից բարձրացված հարցեր ունենք, որոնք փոքր հարցեր են, եւ կարելի է շատ արագ լուծել: Այդ խնդիրները գլոբալ չեն:

-Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Վրաստան: Որքանո՞վ էր օգտակար այդ այցը:

-Շատ մեծ, պատմական քայլ էր: Վերջին 20 տարում այդ կարգի պաշտոնյայի հետ չէինք հանդիպել Ջավախքում: Հանդիպումները լինում էին Թբիլիսիում: Մենք միշտ հարցնում էինք` ինչու չենք կարող հանդիպել Ջավախքում: Եվ պարոն վարչապետն էլ չթողեց, որ այդ հարցը բարձրացնենք: Ինքն առաջին այցով եկավ Ջավախք, եւ շատ մեծ հույս ու հավատ եղավ: Ճիշտ է, մենք Վրաստանում ենք ապրում, բայց հետեւում ենք Հայաստանի կյանքին, առանց Հայաստանի ուժեղ ու լավ լինելու մենք չենք կարող Վրաստանում լավ ու հանգիստ ապրել: Մեր բարեկամները, երեխաների կեսը…շատ-շատ բաներ է մեզ կապում: Մենք շարունակում ենք Վրաստանում ապրել, բայց մեզ ուժեղ պետության ներկայացուցիչներ ենք զգում:

-Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունն ինչպե՞ս ընդունեցիք Վրաստանում:

-Ժողովուրդը, բոլորն էլ դուխով էին: Բոլորն էլ ուզում էին, որ Հայաստանում ինչ-որ մի բան փոխվի: Մենք բոլորս էլ սպասում էինք, որ դա այսօր չէ, վաղը պիտի լինի: Արդեն այն աստիճանի էր հասել, որ բոլորն էլ սպասում էին դրան: Ուզում եմ նշել, որ այդ փոփոխությունը կատարողներին թող հալալ լինի, ոչ մեկի քթից արյուն չեկավ, շատ նորմալ, ճիշտ ամեն ինչ եղավ: Ճիշտ է` հեղափոխությունը ոչ ոքի գրպանը փող չի բերում, դնում, բայց փոխվում է ժողովրդի հոգին:

-Դուք` որպես պատգամավոր, տեսնո՞ւմ էիք իշխանափոխության կարիքը:

-Անպայման: Իշխանափոխության մասին միշտ էլ մտածում էի, բայց չէի սպասում, որ դա կարող էր այսպես հանգիստ ձեւով լիներ: Հասկանում էինք, որ արդեն դարձել էր պետություն մի քանի հոգու համար: Ասեմ, որ Հայաստանում հաճախ լինում եմ, բայց չէի էլ ասում, որ պատգամավոր եմ, քանի որ տեսնում էի, որ պատգամավորությունն այդքան էլ հարգի չի ժողովրդի մոտ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան




Լրահոս