Ղուրսալու համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. նրա կողմից հատուցվել է պետությանը պատճառված վնասը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում տվյալներ են ստացվել այն մասին, որ մարզի Ղուրսալի համայնքի ղեկավար Մ. Մ.-ն առերևույթ թույլ է տվել չարաշահումներ և այլ օրինախախտումներ, որոնց հետևանքով համայնքին պատճառվել է խոշոր չափերի վնաս: Մասնավորապես՝ չնայած 2016թ. ընթացքում ավագանու նիստեր չեն կայացվել, սակայն կազմվել են իբրև կայացած նիստերի որոշումներ և արձանագրություններ, որոնցում ավագանու անդամների փոխարեն ստորագրել են այլ անձինք: Որոշումները հիմնականում վերաբերել են համայնքի բնակիչներին սոցիալական օգ­նության գումարների հատկացմանը, որտեղ հաճախակի սահմանված կարգի խախտմամբ ընդ­գրկված են եղել համայնքի ղեկավարի, համայնքապետարանի այլ աշխատակիցների, ավագանու և նրանց ընտանիքի անդամներ, ինչպես նաև համայնքի բնակիչ չհանդիսացող, կամ ՀՀ-ից բացակայող անձինք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Այս առթիվ նախապատրաստված նյութերով վարույթն իրականացնող մարմինը, հիմնավորված է համարել, որ Ղուրսալի համայնքի ղեկավարի, ինչպես նաև համայնքապետարանի աշխատակցի գործողությունների արդյունքում որևէ անձի, կազմակերպության, հասարակության կամ պետության օրինական շահերին էական վնաս չի պատճառվել և 2018թ. փետրվարի 5-ին որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Լոռու մարզի դատախազությունում այս որոշման օրինականության ստուգմամբ և նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ, սակայն, պարզվել է, որ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումն անհիմն է, քանի որ նյութերով չեն պարզվել դրանց վերջնական ընթացքը լուծող էական նշանակության մի շարք հանգամանքներ: Նաև՝ նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակել են հանցագործության հատկանիշներ՝ 2018թ. փետրվարի 19-ին Լոռու մարզի դատախազության դատախազի որոշմամբ վերացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ համայնքապետը շարունակաբար վատնել է հիշյալ համայնքի խոշոր չափերով գումարը:

Մասնավորապես Մ. Մ.-ն, խախտելով համայնքի ավագանու համապատասխան որոշման պահանջները, 2015 թվականի հոկտեմբերի 20-ից 2017 թվականի նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մոր, կնոջ, կնոջ մոր, համայնքի բնակիչ չհանդիսացող 2 անձանց դիմումների հիման վրա նրանց անվամբ համայնքի բյուջեից միջոցներ է ելքագրել և նրանց հանձնելով՝ վատնել: Պարզվել է, որ նույն կերպ՝ Մ.Մ-ն նաև համայնքի թվով 29 բնակիչների դիմումների հիման վրա նրանց անվամբ համայնքի բյուջեից միջոցներ ելքագրելով և նրանց հանձնելով ևս վատնում է կատարել:

Նշված արարքների համար հունիսի 22-ին Ղուրսալի համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելը), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Մ.Մ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել և նախաքննության ընթացքում ամբողջությամբ հատուցել է պետությանը պատճառված 1.157.000 դրամի չափով վնասը:

Նկատի ունենալով, որ մեղադրյալը տվել է խոստովանական ցուցմունքներ, աջակցել է նախաքննությանը, ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը՝ հուլիսի 18-ին նախաքննական մարմնի կողմից, դատախազի համաձայնությամբ, գործուն զղջալու հիմքով դադարեցվել է նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը և գործով վարույթը կարճվել է:




Լրահոս