«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր սեպտեմբերի 21-ն է՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրը: 27 տարի առաջ այս օրը ՀՀ տարածքում անցկացվեց անկախության հանրաքվե, որին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 56 հազար 758 քաղաքացիներից 2 մլն 42 հազար 627-ը (94.39%) ՀՀ անկախությանը «այո» ասաց։ Դեմ էր ընդամենը 10 հազար մարդ կամ 0,46 տոկոսը: Մեծ էր խանդավառությունն ու ոգեւորությունը:
Բայց կարճ ժամանակ անց հետեւեց հիասթափությունը, երբ նորաստեղծ պետությունը հայտնվեց լրջագույն դժվարությունների ու փորձությունների առաջ՝ ավերիչ երկրաշարժի հետեւանքներ, անօթեւանների խնդիր, փախստականներ, էներգետիկ ճգնաժամ, քայքայված տնտեսություն, Ղարաբաղյան հակամարտություն, պարտադրված պատերազմ:
Այս ամենից կարողացանք դուրս գալ պատվով, դուրս գալ հաղթանակած՝ մեր ժողովրդի ոգու տոկոնության, համազգային միասնության, համառ պայքարի շնորհիվ: Այս տարի ՀՀ անկախության օրը նշում ենք քաղաքական առումով հետաքրքիր իրավիճակում. երկար տարիների ընդմիջումից հետո քաղաքացին օտարված չէ իր պետությունից, ինչպես վերջին քսան տարիներին էր:
ՀՀ քաղաքացին իրեն զգում է երկրի տերը. սա այն բանից հետո, երբ կարողացավ թավշյա հեղափոխության արդյունքում վերահաստատել իր իշխանությունը: Ու հիմա օրվա հրամայականն է՝ վերստին ձեռք ձեռքի տված` լծվել պետականության հիմքերի ամրապնդման, պետության զարգացման ու շենացման գործին: Այնպես որ, շնորհավոր տոնդ, Հայաստա՛ն»:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: