Ինչպես հայտնի է, Երեւանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել երգիչ, երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Նա Մատենադարանի նոր մասնաշենքի, 2015-ին Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բացված Կոմիտաս վարդապետի թանգարանի ճարտարապետն է: Արթուր Մեսչյանի՝ տվյալ պաշտոնում նշանակման լուրը մեծ մասամբ դրական արձագանք գտավ հայ հանրության շրջանում: «Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է ճարտարապետների հետ:
Լեւոն Վարդանյանին, օրինակ, ուրախացրել է Մեսչյանի նշանակման լուրը: Իսկ բոլոր այն պնդումները, թե վերջինս մեկ անգամ արդեն զբաղեցրել է այդ պաշտոնը, եւ դրական տեղաշարժեր առանձնապես չեն գրանցվել, (1996 թ. Արթուր Մեսչյանը ՀՀ կառավարությունից հրավեր է ստացել զբաղեցնելու Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Վերադառնալով Հայաստան` նա սկսել է իր գործունեությունը որպես գլխավոր ճարտարապետ, սակայն 1997-ին հրաժարվել է իր պաշտոնից եւ վերադարձել է Բոստոն), նա անհիմն է համարում. «Այն ժամանակ Մեսչյանն աշխատել է այլ համակարգում, հիմա արդեն կաշխատի ուրիշ մոտեցումներով, ուրիշ մթնոլորտում: Եթե նա որեւէ մեկից կախվածություն չունենա, կարծում եմ՝ աշխատանքն արդյունավետ կլինի: Առաջ ամեն ինչ վերեւներից էր որոշվում, հույս ունեմ՝ հիմա այլ կերպ կլինի»,- ասաց պարոն Վարդանյանը:
Անդրադառնալով որոշ ճարտարապետների այն պնդումներին, թե Երեւանին, առհասարակ, գլխավոր ճարտարապետ պետք չէ, մեր զրուցակիցը հակադարձեց. «Աշխարհում կան քաղաքներ, որոնք չունեն գլխավոր ճարտարապետ, բայց մենք չենք կարող նրանց փորձը վերցնել եւ մեխանիկորեն կիրառել մեզ մոտ: Եթե մեզ մոտ բոլոր օրենքները գործեին, ինչպես շատ ցիվիլ երկրներում, եթե համապատասխան համակարգ մշակված լիներ, գուցե եւ այդ պնդումը տեղին լիներ: Բայց այսօր Երեւանի դեպքում ուղղակի անհնար է առանց գլխավոր ճարտարապետի, նույնիսկ եթե ամբողջ ազգը հակառակը պնդի»:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ այն համոզման է, որ Երեւանի խնդիրները միայն գլխավոր ճարտարապետը լուծել չի կարող, դրանք մեկ անձի գործունեությամբ պայմանավորված չեն. «Ամբողջ համակարգը պետք է փոխվի, այլապես ճարտարապետները դառնում են համակարգի կամակատար, հաճախ նաեւ զոհ: Ամեն դեպքում, ուրախ եմ Մեսչյանի նշանակման առթիվ: Նա փորձված ճարտարապետ է, լավ նախագծեր ունի, մարդկային որակներն էլ բարձր են»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց պարոն Մինասյանը՝ հավելելով, որ Երեւանի գլխավոր ճարտարապետի հաստիքը հանելու մասին դեռ վաղ է խոսել:
Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 8-ից Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետն էր Տիգրան Բարսեղյանը:
Աննա Բաբաջանյան