Արդեն երկու օր է, ինչ հայրենի խորհրդարանում դեռեւս փաստացի մեծամասնություն համարվող ՀՀԿ խմբակցությունը բոյկոտում է Ազգային ժողովի նիստերը: Եվ եթե նախօրեին արտահերթ նիստ էր, ապա երեկ մեկնարկեցին հերթական քառօրյայի աշխատանքները, որի օրակարգում շատ լուրջ հարցեր են ընդգրկված, այդ թվում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրություն, Համաներում հայտարարելու մասին նախագիծը եւ այլն: Սակայն, ըստ էության, ՀՀԿ-ն սկսել է խոչընդոտներ ստեղծել Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից ներկայացված նախագծերի անցկացման համար:
Նախ հիշեցնենք, որ նախօրեին, երբ արտահերթ նիստում քննարկվում էր Ընտրական օրենսգիրքը, առավոտյան գրանցվել էին միայն 53 պատգամավոր, այսինքն այն նվազագույն թիվը, որն անհրաժեշտ է քվորում ապահովելու եւ նիստի աշխատանքները սկսելու համար: Այնինչ քվեարկության դրված օրենքը սահմանադրական էր եւ քվեարկության համար փաստացի 63 պատգամավոր էր անհրաժեշտ: Եվ մինչ երեկոյան` քվեարկության ժամը, հաջողվեց ապահովել 69 պատգամավորի ներկայություն դահլիճում: Այսինքն՝ էլի չհաջողվեց անհրաժեշտ թվով պատգամավորներ հավաքել:
Այս իրավիճակի պատճառները կարող են տարբեր լինել: Նախկինում, երբ անհրաժեշտ էր լինում որեւէ նախագիծ անցկացնել, եւ հանրապետականները չէին ունենում բավարար թվով ձայներ, նրանք «որսի» էին դուրս գալիս եւ փորձում այլ խմբակցություններից իրենց համախոհներ գտնել կամ էլ գետնի տակից գտնում եւ բերում էին այնքան թվով ՀՀԿ-ական պատգամավորներ, որքան անհրաժեշտ է այդ նախագծի անցկացման համար: Եվ այդ սուրբ գործը կատարելու պարտականությունը կատարում էին ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն եւ ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ովքեր զանգահարում եւ պարզապես «բերման էին ենթարկում» պատգամավորներին:
Նախօրեին` Ընտրական օրենսգրքի քննարկման օրը, այդպիսի քայլեր էր փորձել կատարել առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, սակայն իրականում նա ձախողեց իր առաքելությունը: Ընդ որում, նա ձախողեց ոչ միայն ՀՀԿ-ից փաստացի դուրս եկած եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը պաշտպանածներից մի քանիսին բերման ենթարկելու գործում, այլ նաեւ իրենց հետ հուշագիր ստորագրած «Ծառուկյան» խմբակցության եւ ՀՅԴ-ի դեպքում, որոնց պատգամավորներից եւս չքվեարկողներ կային: Ստացվում է` Նիկոլ Փաշինյանի թիմը նույնիսկ չի կարողանում նախագծերի քվեարկություն պատշաճ կազմակերպել: Ի վերջո, ամեն անգամ չես կարող հույս դնել ժողովրդի աջակցության վրա: Նկատենք, որ սա Նիկոլ Փաշինյանի թիմի առաջին ձախողումը չէր:
Նաիրա Հովհաննիսյան