ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դրախտիկի դպրոցն անմխիթար վիճակում է. դասամիջոցները` մթության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեւանա լճի հյուսիսային ափին գտնվող Դրախտիկի դպրոցը արդեն 30 տարի է, ինչ վերանորոգման է սպասում: Ձմռան ամիսներին դասասենյակների պատուհաններին ցելոֆաններ են քաշված, իսկ դպրոցը ջեռուցվում է նավթի վառարաններով:

Դրախտիկի դպրոցը գտնվում է անմխիթար վիճակում եւ վերանորոգման խիստ կարիք ունի: Դպրոցի հատակը բետոնապատ է, ինչը եղանակային վատ պայմանների ժամանակ ավելի է սաստկացնում ցուրտը: Մաշված նստարաններ, քանդված ու խոնավ պատերով դասասենյակներ: Իսկ դասասենյակների պատուհանները միափեղկ են, բազմաթիվ ծակերով, որոնք փակվել են ցելոֆաններով:

Բացի այս, նկատենք, որ դպրոցի միջանցքները լուսավորված չեն, երեխաները դասամիջոցին մթության մեջ են: Մեր այցելության ժամանակ դպրոցի էլեկտրալարերը պատերից դուրս էին եկել:

Դրախտիկի դպրոցի տնօրեն Նազիկ Բաբաքյոխյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով դպրոցի անմխիթար վիճակին, հայտնեց, որ բոլոր պետական կառույցները տեղյակ են խնդրին, բայց խնդիրը այդպես էլ չի կարգավորվում:

«Նույնիսկ մեկ ամիս առաջ Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն է եկել մեր գյուղ:

Ինքն իր աչքով տեսել է ե՛ւ ընդհանուր դպրոցը, ե՛ւ մարզադահլիճը: Ես ընդամենը 2 տարի է, ինչ դպրոցի տնօրեն եմ աշխատում, բայց այն ընդունել եմ հենց այս անմխիթար վիճակով: Տարբեր փորձեր ենք արել, բազմաթիվ կազմակերպությունների ենք դիմել: Անգամ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան հետ պայմանագիր կապեցինք, նախահաշիվ ներկայացրինք, բայց արդյունքում մերժեցին»,- ափսոսանքով նկատեց դպրոցի տնօրենը: Նրա պատմելով` նախահաշվով դպրոցի մի մասը նորոգելու համար պահանջվում էր 50 մլն դրամ: Գեղարքունիքի մարզպետարանում եւ Տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունում խնդրին տեղյակ են, բայց այդպես էլ դպրոցը գոնե մասնակի չի վերանորոգվում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դպրոցն անցած տարի ունեցել է 148 աշակերտ, այս տարի նրանց թիվը կազմում է 158` դրան գումարած նախակրթարանի 16 աշակերտների թիվը: Այսինքն` այս պահին հիմնարկում սովորում է 170 աշակերտ: Ի դեպ, Ճամբարակի տարածքի ամենամեծ դպրոցն է: Այն 1988 թվականից գործում է, ու մինչ այսօր դպրոցում վերանորոգման ոչ մի աշխատանք չի կատարվել: Նույնիսկ թեթեւ կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել: Դպրոցի տնօրենի պատմելով` 2015 թվականի ապրիլ ամսին ուժգին քամու պատճառով մարզադահլիճի պատուհանները եւ դպրոցի տանիքը վնասվեցին: Տանիքի հարցը կարգավորվել է «Վորլդ վիժն» ընկերության շնորհիվ, իսկ մարզադահլիճի պատուհանների խնդիրը դեռ մնում է նույն վիճակում:

Ի դեպ, ե՛ւ դպրոցի սաների ծնողները, ե՛ւ տնօրենը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մտահոգվեցին`նշելով, որ մարզադահլիճի արդեն վնասված պատուհանները մեծ վտանգ են ներկայացնում երեխաների կյանքի համար: «Ցանկացած պահի կարող են դրանք թափվել եւ որեւէ մեկին վնասել: Հիմա ի՞նչ անենք, ասե՛ք: Բացի այս, դպրոցի դասասենյակների մեծ մասը դուռ, պատուհան չունի: Մինչեւ պենոպլաստ ենք գնում պատուհանների բաց տեղերը փակում ենք, դուռը մեխում ենք, բռնակը չի պահում, արդեն փտած են: Էլ արդեն չգիտեմ` ինչ անեմ, ոչ մի ձեւ հնարավոր չէ կարգի բերել»,- ներկայացրեց դպրոցի տնօրեն Նազիկ Բաբաքյոխյանը:

Ի դեպ, նշենք, որ այս տարի գյուղը գազաֆիկացվել է, առաջիկայում դպրոցի տնօրինությունը հավանաբար պայմանագիր կկնքի «Գազպրոմ Արմենիա»-ի հետ դպրոցը գազաֆիկացնելու նպատակով: «Բայց մինչեւ չլուծվի դասասենյակների դռների, պատուհանների հարցը, գազը չի արդարացնի: Իսկ հիմա նավթը դպրոցի բյուջեի հաշվին է ձեռքբերվում: Բայց երկարօրյա դասընթացների անցկացման ժամանակ ծնողների հետ պայմանավորվել ենք, եւ երեխաները տանից աթար, փայտ են բերում, որ տաքացնեն սենյակները»,- տեղեկացրեց Բաբաքյոխյանը: Մյուս կողմից` նավթի հոտից դժգոհում են ոչ միայն երեխաները, այլեւ ուսուցիչները: Նավթի հոտի պատճառով նրանք գլխացավ, երբեմն էլ սրտխառնոց են ունենում:

Դրախտիկի դպրոցի անմխիթար վիճակի մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ: Պարզվում է` մարզպետը տեղյակ է խնդրին, բայց չնայած սրան` պաշտոնավարման ընթացքում երբեւէ չի այցելել դպրոց: «Դեռ չեմ հասցրել այդ դպրոց այցելել: Իհարկե, մենք փորձում ենք ամեն բան անել, բայց 2018 թվականի բյուջեով նախատեսված չէր դպրոցի նորոգումը: Պետք է ամեն բան անենք, որ գոնե 2019 թվականին այդ դպրոցում որոշակի վերանորոգման աշխատանքներ տարվեն»,- փոխանցեց մարզպետը:

Իսկ մինչ այդ, նկատենք, որ նման անմխիթար վիճակում է ոչ միայն Դրախտիկի, այլեւ մեր հանրապետության մի շարք գյուղերի դպրոցների գերակշիռ մեծամասնությունը: Պարզապես Դրախտիկի դպրոցն ամենավառ օրինակն էր:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս