Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի նախաձեռնությամբ եւ վերահսկողությամբ հունվարի 12-ից Սեւանա լճում մնացած որսացանցերից դուրս բերված սիգ ձկան ողջ քանակությունն ուղարկվեց տարբեր զորամասեր:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝Սեւանա լճում ձկնորսությամբ զբաղվող անձինք, արձագանքելով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանի, ՀՀ ոստիկանության պետի տեղակալներ Աղասի Կիրակոսյանի եւ Վարդան Մովսիսյանի հորդորներին, Սեւանա լճից արդեն հունվարի 12-ի կեսօրվա դրությամբ դուրս են բերել մնացած որսացանցերը,իսկ դրանցում առկա ձկան ողջ քանակությունը հանձնել են «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ ներկայացուցիչներին, ովքեր էլ զորամասեր են տեղափոխում այն: Գնել Սանոսյանն անձամբ եղավ նախատեսված ձկնահավաքման կետերում, զրուցեց ձկնորսների հետ եւ հրահանգեց՝ մինչեւ հունվարի 20-ը խստիվ պահպանել արգելանքի ռեժիմը:
«Դեկտեմբերի 20-ից մինչեւ հունվարի 20-ը, ինչպես գիտեք, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ընդերքի եւ բնապահպանական տեսչության եւ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ստորագրվել եւ գործողության մեջ է դրվել Սեւանա լճում ձկնորսության արգելման ռեժիմի խստացման հետ կապված միջոցառումների ծրագիրը: Անցած օրերի ընթացքում ձկնորսների հիմնական մասը, անսալով մեր եւ պատկան մյուս մարմինների հորդորներին, Սեւանա լճից դուրս էին բերել որսագործիքներն ու լողամիջոցները, սակայն մի մասը, լճում էին թողել որսացանցերը: Այլ խոսքով, արդյունքը մեզ չգոհացրեց, ուստի եւ երեկ մենք ՀՀ ոստիկանության, ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ որոշեցինք հանդիպման հրավիրել ձկնորսությամբ զբաղվող անձանց եւ բացատրական աշխատանքի միջոցով կարգավորել իրավիճակը: Ձկնորսները միանգամայն պատրաստակամորեն արձագանքեցին մեր պահանջին ու անմիջապես գործի են անցել: Վաղվանից կբացառվի որեւէ մեկի մուտքը լիճ, խստորեն կպահպանվի արգելանքի ռեժիմը, իսկ ցանցերում մնացած ձկան ողջ քանակությունը տրամադրվում է բանակին»,-հավաստեց մարզպետը: