Վարչապետի հանձնարարականով պոլիկլինիկան կլուծարվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի երկաթուղու պոլիկլինիկան կլուծարվի: Պատճառը ֆինանսական վիճակն է: Նշենք, որ ընկերությունը բժշկական ծառայություններ է մատուցել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին: Երեւանի երկաթուղու պոլիկլինիկան իր գործունեությունը ծավալում էր ՀՀ պետբյուջեի հաշվին, սակայն 2018թ.-ի համար պետական ֆինանսավորում նախատեսված չի եղել, իսկ ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտները կտրուկ նվազել էին: Ընկերությունը հայտնվել է ծանր ֆինանսական դրության մեջ, օրեցօր ավելանում են պարտավորությունները: Այժմ ընկերությունը չի աշխատում, իսկ աշխատակիցները ազատված են աշխատանքից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արգելանք է դրվել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, Երեւանում գտնվող անշարժ, ինչպես նաեւ շարժական գույքի վրա:

Պետական գույքի կառավարման կոմիտեն երկաթուղու պոլիկլինիկային աջակցելու նպատակով գրությամբ անգամ դիմել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենին` խնդրելով քննարկել ընկերության գործունեության հարցը: Ի պատասխան` ՀԿԵ-ից փոխանցել են, որ լրացուցիչ բժշկական ծառայությունների անհրաժեշտություն ներկայումս ընկերությունը չունի: Ի դեպ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին Պետական գույքի կառավարման կոմիկտեի ղեկավար Նարեկ Բաբային հանձնարարել էր ներկայացնել նախագիծ` դրանում նախատեսելով դրույթներ պետության կողմից պոլիկլինիկայի առկա պարտավորությունները մարելու դիմաց շենքի գնման, պետության կողմից ձեռքբերված շենքը օտարելու եւ կազմակերպությունը լուծարելու վերաբերյալ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությանը պատկանող անշարժ գույքի արժեքը գնահատվել է 78 մլն 599 հազար դրամ: Ավելին, Առողջապահության նախարարությունը եւս դիմել է կոմիտեին եւ հայտնել` նպատակահարմար չի համարում պոլիկլինիկայի մասնավորեցումը եւ դեմ չէ ընկերության լուծարմանը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս