Եվրամիությունը որևէ բարեփոխումներ մոդել չի պարտադրում: Եվրոպայում չկա արդարադատության ոլորտի համար միասնական մոդել: Իսկ պրոբլեմներ կան ԵՄ անդամ երկրներում ու այդ երկրների միջև: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում:
Դեսպանի խոսքերով, ԵՄ-ն պատրաստ է տրամադրել չափելի ֆինանսական աջակցություն դատաիրավական բարեփոխումների գործընթացի համար: «Այս հարցը քննարկվել է մի քանի օր առաջ: Մեր աջակցությունը չափազանց կարևոր է ֆինանսական տեսանկյունից: Մենք դիտարկում ենք աջակցության երկու ուղղություն՝ ուղիղ, անմիջական աջակցություն և բազմամիլիոնանոց աջակցության ծրագիր առաջիկա երեք-չորս տարիների համար: Մենք անհամբեր սպասում ենք կոնկրետ պլանների, որոնք ՀՀ կառավարությունն ուրվագծում է: Մենք պատրաստ ենք այդ պլաններում Հայաստանին աջակցություն տրամադրել»:
«Եթե Հայաստանին հետաքրքրում է որևէ կոնկրետ երկրում բարեփոումների գործընթացը, մենք պատրաստ ենք հրավիրել փորձագետների, ովքեր կասեն, թե ինչն է լավ, ինչը՝ վատ, որպեսզի Հայաստանը չկրկնի այլ երկրների սխալները, պետք է օգտվի այլ երկրների լավ փորձից»,-մշել է Սվիտալսկին:
Սվիտալսկին հայտարարել է, որ պատրաստ են խորհրդատվություն տրամադրել բոլոր այն ոլորտներում, որտեղ հայ գործընկերները կցանկանան. «Բարեփոխումների գործընթացի ձևաչափը որոշում է Հայաստանի իշխանությունը»: