«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերասանուհի Ռոզի Ավետիսովան է: Նա անդրադարձել է էկրաններին չերեւալու պատճառներին, հայկական կինոինդուստրիայի խնդիրներին: Ռոզին խոսել է նաեւ անձնական կյանքից՝ խոստովանելով, որ իր համար կարեւոր նախապայման է տղամարդու կայացած լինելը, այլապես անառողջ հարաբերություններն անխուսափելի կլինեն:
-Ռոզի, առաջիկայում էկրանին նոր կերպարով կհայտնվե՞ք:
-Ֆիլմերի եւ սերիալների մասով հիմա դադարի շրջան է: Առավել ակտիվ է թատերական գործունեությունս. ընդգրկված եմ երեք ներկայացման մեջ՝ «Նրանց անունն է կին», «Բայ-բայ լեդի» եւ «Շոու No 3»:
-Ժամանակին զբաղվում էիք բարմենությամբ, իսկ հիմա ժամանակ լինու՞մ է:
-Ո՛չ, շատ դժվար է բարմենությունը համատեղել բեմական եւ էկրանային գործունեության հետ: Լինում է, որ կարոտում եմ այդ աշխատանքը, մեկ օրով կատարում եմ, հետո էլի վերադառնում եմ իմ գործին: Այսինքն՝ դա ինձ համար զուտ հոբբի է:
-Ի՞նչ եք կարծում՝ վերջին հինգ տարում Հայաստանում լավ ֆիլմեր նկարահանվո՞ւմ են:
-Դրսի ֆիլմերի հետ նույնիսկ չեմ համեմատի. անիմաստ է: Ուստի պետք է համեմատենք մեր ունեցածի հետ: Ըստ իս՝ լավ կինո ունենալու համար հարկավոր է փող, լավ սցենար ու պրոֆեսիոնալ կազմ: Առաջին երկուսը մենք, միանշանակ, չունենք: Իսկ այն, ինչ ստեղծվում է եղածով, կարելի է ասել, բավարար է:
-Իսկ լավ դերասանների պակաս ունե՞նք:
-Դա ընդամենը տպավորություն է, թե մենք շատ լավ դերասաններ ունենք: Չկա նման բան: Պարզապես ամեն երկրորդն ուզում է դառնալ հայտնի եւ հայտնվել «հեռուստացույցի մեջ»: Արդյունքում մենք ունենք միայն քանակ, բայց ոչ որակ:
-Սցենարիստների պակասից խոսեցիք, նույն խնդիրն ունենք նաեւ թատրոնում: Լավ դրամատուրգներ քիչ կան, համաձա՞յն եք:
-Այո՛, հաճախ ներկայացումները հաջողվում են արտասահմանյան սցենարների շնորհիվ:
-Ձեր մարմնավորած կերպարներից ո՞րն է ամենահաջողվածը, այն, որ, իսկապես, Ձեր սրտով է:
-«Եվա» ֆիլմից Աննայի կերպարը, «Սահմանին» ֆիլմից՝ Լիլիթ, եւ «Խմբագրություն.am» սիթքոմից՝ Անուշիկը: Այս վերջին կերպարը բավական խարակտերային էր, նման չէր իմ նախորդ դերերին եւ իմպրովիզի լայն հնարավորություններ էր ընձեռում:
-Ռոզի՛, մի փոքր էլ անձնականից խոսենք: Եղե՞լ է այնպես, որ Ձեր՝ դերասանուհի լինելու հանգամանքը խոչընդոտ հանդիսանա հարաբերություններում:
-Երբեք: Հիմնականում հարաբերություններ եմ ունեցել մարդկանց հետ, որոնք դուրս են իմ մասնագիտությունից, եւ թեկուզ աննշան խնդիր չի ծագել դրա հետ կապված: Դա նաեւ ինձնով, ինքս ինձ մատուցելու ձեւով է պայմանավորված: Իսկ, առհասարակ, մարդու կրթվածության մակարդակից է կախված, թե նա ինչպես է վերաբերվում այս կամ այն մասնագիտությանը: Իմ շրջապատում չեն եղել մարդիկ, որոնք սխալ են ընկալել դերասանությունը:
-Երկրպագուներին կհետաքրքրի՝ հիմա Ձեր սիրտը զբաղվա՞ծ է:
-Ո՛չ, իմ սիրտն ազատ է:
-Ձեզ ինչպիսի՞ տղամարդիկ են հետաքրքրում:
-Կայացած տղամարդիկ՝ իրենց աշխատանքի մեջ, ընկերական շրջապատում, իրենց տանը, ներդաշնակ իրենք իրենց հետ: Սարսափելի է, երբ տղամարդն այդպիսին չէ եւ հայտնվում է կայացած կնոջ կողքին: Դա հանգեցնում է անառողջ հարաբերությունների:
-Հեռանալիս տեսարաններ սարքու՞մ եք, թե՞ լուռ եք գնում:
-Եթե տեսարաններ եմ սարքում, կնշանակի՝ դեռ պայքարելու պատճառ ունեմ, իմաստ եմ տեսնում եւ չեմ հեռանում: Իսկ հեռանալիս լուռ եմ ու կտրուկ: Եթե կտրեցի, ապա ընդմիշտ, հետդարձի ճանապարհներ չեմ թողնում:
-Մի հարց էլ հայաստանյան ներքաղաքական կյանքի մասին: Ինչպե՞ս եք գնահատում ներկայիս իրավիճակը:
-Անժամկետ անորոշ: Այնքան պարադոքսներ կան, որ չես պատկերացնում՝ վաղն ինչ է լինելու, սլաքները որ ուղղությամբ են թեքվելու: Սպասելի է ամենալավից մինչեւ ամենավատ իրավիճակը: Իսկ անորոշությունը սարսափելի է: Մարդուն ստաբիլություն է պետք, կողմնորոշվելու ճանապարհներ: Հայաստանում շատերը դրանք չունեն՝ անկախ պաշտոնից ու դիրքից: Հուսանք՝ լավ կլինի:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՄ ՎՍՏԱՀԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ»
«Կարծում եմ՝ մեր երկրում ամեն բան իր հունով ու ճիշտ ճանապարհով ընթանում է, իշխանությունը արդար է գործում: Սա անհիմն լավատեսություն չէ: Ես ինչպես վստահում էի Փաշինյանին նրան ընտրելու օրը, այդպես վստահում եմ այսօր»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգահան, երաժիշտ Գիսանե Պալյանը:
Հակադարձելով այն պնդումներին, թե Փաշինյանը նախկին ռեժիմից ժառանգված անօրինությունները կտրուկ կերպով չի պատժում, Գիսանեն նկատեց. «Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին էլ պարբերաբար հանդես է գալիս օլիգարխներին կտրուկ կերպով պատժելու կոչերով: Գուցե նրա ասածի մեջ առկա է ճշմարտության հատիկ, բայց եկեք, տեսնենք, թե որտեղ է հիմա Սահակաշվիլին՝ նման քաղաքականություն վարելուց հետո: Իմ տպավորությամբ՝ նույնը հիմա փորձում է իրականացնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, բայց մենք չգիտենք, թե վաղը Ուկրաինայում նման պայմանների պարագայում ինչ կլինի: Ուստի ես կողմ եմ Փաշինյանի զգուշավոր քաղաքականությանը: Իհարկե, պետք է մեղավորները պատժվեն, պետք է բյուջեն լցվի, բայց ամեն բան ճիշտ ժամանակին եւ ճիշտ ձեւով է հարկավոր անել»:
Օրերս Նիկոլ Փաշինյանը, դիմելով ուժային կառույցների ղեկավարներին, հրահանգեց հետեւողական աշխատանք իրականացնել եւ պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր բռնության եւ ատելության քարոզ են անում, խախտում են հասարակական կարգը: Մենք հետաքրքրվեցինք՝ Գիսանեն ինչպես է վերաբերվում «սեւազգեստներին տեղորոշելու, սեւ շորերի հարցը լուծելու եւ ծաղկավոր բաբչկա կապելու» վերաբերյալ Փաշինյանի հրահանգին. «Եկեք, հասկանանք մի բան՝ Փաշինյանի արարքների վերաբերյալ այսօր կա երեք տիպի մարդկանց արձագանք՝ նրանց, ովքեր անվերապահորեն վստահում են վարչապետին, նրանց, ովքեր նախորդ իշխանության կողմնակիցներն են եւ հեղափոխության հետեւանքով շատ բան կորցրին, ուստի ինչ էլ արվի, կամ ասվի, դժգոհ են, եւ նրանց, ովքեր առողջ, սթափ, կառուցողական քննադատության են ենթարկում իշխանություններին: Հիմա աղմուկ են բարձրացնում նրանք, ովքեր շատ մեծ ունեցվածք, այլ միջոցներ են կորցնում այս պրոցեսների արդյունքում: Եվ եթե նրանք այն մարդիկ են, ովքեր նեղ անձնական շահի մասին են մտածում, ուրեմն բառի փոխաբերական իմաստով էլ սեւ են, եւ նրանցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները»,-եզրափակեց Գիսանեն:
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ
ԵԶՐԱՓԱԿՉԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Արցախում ավարտին է մոտենում CONIFA 2019-ը: Չճանաչված երկրների Եվրոպայի առաջնության եզրափակիչ է դուրս եկել Արեւմտյան Հայաստանի հավաքականը, որը վճռորոշ խաղում հունիսի 9-ին ուժերը կչափի Հարավային Օսիայի հետ: Կիսաեզրափակչում հայկական թիմը հետխաղյա 11մ հարվածում 3:0 հաշվով առավելության հասավ Աբխազիայի հավաքականի նկատմամբ: Հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով:
Հավելենք նաեւ, որ Արեւմտյան Հայաստանի դարպասապահ Գեւորգ Կասպարովը հետ է մղել աբխազների բոլոր հարվածները 11մ նշանակետից:
ԱՌԱՋԻՆ ՏՐԱՆՍՖԵՐԸ
«Մանչեսթեր Յունայթեդը» ամառային տրասֆերային պատուհանի ընթացքում առաջին ձեռքբերումն է կատարել։
Թիմի պաշտոնական կայքի հաղորդմամբ` «կարմիր սատանաները» 15 միլիոն ֆունտով գնել են «Սուոնսի Սիթիի» կիսապաշտպան Դենիել Ջեյմսին։ Ֆուտբոլիստը արդեն իսկ բարեհաջող բուժզննում է անցել նոր ակումբում։
Ուելսցի ֆուտբոլիստը ավարտված մրցաշրջանում «Սուոնսիի» կազմում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 5 գոլի եւ 10 գոլային փոխանցման հեղինակ։
ՀԱՅՏՆԻ Է
Հաստատվել է Անգլիայի Սուպերգավաթի՝ «Մանչեսթեր Սիթի»-«Լիվերպուլ» հանդիպման անցկացման օրը: Հանդիպումը կկայանա օգոստոսի 4-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին:
Մանչեստրյան ակումբը ավարտված մրցաշրջանում հաղթել է ե՛ւ Անգլիայի գավաթում, ե՛ւ առաջնությունում, իսկ մերսիսայդցիները Պրեմիեր լիգայի արծաթե մեդալակիրներն են:
Հավելենք, որ «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի հնգակի սուպերգավաթակիր է, իսկ «Լիվերպուլն» իր պատմության մեջ այս տիտղոսը նվաճել է 15 անգամ:
ՆԱԴԱԼԸ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ Է
Ֆրանսիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղում կայացել է առաջին կիսաեզրափակիչը: Ռաֆայել Նդալը առանց մեծ խնդիրների հաղթել է Ռոջեր Ֆեդերերին:
Իսպանացին երեք սեթում վստահ հաղթանակ տարավ Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ 6-3, 6-4, 6-2 հաշվով եւ դուրս եկավ եզրափակիչ, որտեղ էլ ուժերը կչափի Նովակ Ջոկովիչ – Դոմինիկ Թիմ զույգի հաղթողի հետ։
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ