5 մարզիչ, որոնք կարող են գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` հոկտեմբերի 18-ին, ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնեց, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից:

ArmLur.am-ը ներկայացնում է 5 մարզչի, որոնք կարող են գլխավորել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2020-ի նախընտրական փուլի վերջին 2 հանդիպումներում:

ՄԱՍԻՄՈ ԿԱՐԵՐԱ (առանց թիմ)

Հնգյակը բացենք՝ ներկայացնելով արտասահմանցի մարզչի: Եթե փորձենք հեռվում փնտրել մարզիչ, ապա Մասիմո Կարերան ամենահարմար թեկնածուներից մեկն է: Թուրինի «Յուվենտուսի» եւ Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչը կարող է դառնալ շատերի «երազած» այն արտասահմանցի մարզիչը, որը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:

Կարերայի վերջին ակումբը եղել է ռուսական «Սպարտակը», որն իտալացու «պաշտոնավարման» վերջին տարում (2018) Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում գրավեց 5-րդ հորիզոնականը:

Հավանականություն, իհարկե, կա, որ Կարերան կգլխավորեր մեր ընտանիքին, բայց այլ հարց է՝ արդյոք ՀՖՖ-ն կցանկանա՞ կամ ցանկության դեպքում կկարողանա՞ համաձայնության գալ իտալացի մասնագետի հետ:

ՄԻՇԵԼ ՏԵՐ-ԶԱՔԱՐՅԱՆ («Մոնպելյե»)

Ֆրանսիական «Մոնպելյեի» գլխավոր մարզիչ հայազգի Միշել Տեր-Զաքարյանին նույնպես կարելի է դասել մեր ազգային ընտրանին գլխավորելու հավանական մարզիչների շարքում: Վերջինիս «Մոնպելյեն» Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրից հետո 14 միավորով 7-րդն է:

Իհարկե, հիանալի կլինի Տեր-Զաքարյանին տեսնել ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին, բայց ամեն դեպքում քիչ հավանական է:

Ալբերտո Ձակերոնի (առանց թիմ)

Եւս մեկ հանրաճանաչ մարզիչ, ով այժմ չունի աշխատանք:

Ձակերոնին իր կարիերայի ընթացքում մարզել է այնպիսի հզոր ակումբներ, ինչպիսիք են «Լացիոն», «Միլանը», «Յուվենտուսը» ու «Ինտերը»:

Իհարկե, ցանկալի է նման փորձառու անձի տեսնել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին, բայց այստեղ մեծ խնդիր կարող են առաջացնել մասնագետի բարձր ֆինանսական պահանջները: Օրինակ, 2014 թվականին, երբ Ձակերոնին գլխավորում էր Ճապոնիայի ազգային հավաքականը, նրա տարեկան եկամուտը կազմում էր 2մլն 727 հազար 480 դոլար:

Այսպիսի պահանջների դեպքում, դժվար թե, իտալացուն տեսնենք Հայաստանում:

Ալբերտո Ձակերոնիի վերջին աշխատավայրը եղել է Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային հավաքականը:

ՎԱՐԴԱՆ ԲԻՉԱԽՉՅԱՆ
(«Շիրակ»)

«Շիրակի» ներկայիս գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հայկական ֆուտբոլի ամենապահանջված ու ամենահզոր մարզիչներից մեկն է:
Շատ հնարավոր է, որ Հունաստանի եւ Իտալիայի դեմ խաղերում մեր հավաքականին կպատրաստի հենց Վարդան Բիչախչյանը:

Վերջինիս գլխավորած «Շիրակը» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում վաստակած 19 միավորով 2-րդն է:

ԱԲՐԱՀԱՄ ԽԱՇՄԱՆՅԱՆ (առանց թիմ)

Միտումնավոր հենց վերջինը անդրադարձանք «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին, քանի որ հայ մասնագետը, ենթադրաբար, մեր ազգային ընտրանին գլխավորելու ամենահավանական թեկնածուն է:

Խաշմանյանը վերջերս է հեռացել «Ալաշկերտից» եւ շանսերը շատ մեծ են, որ կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը նվազագույնը առաջիկա երկու խաղերում:

Վերը նշված շանսերն ավելի են մեծանում այն փաստից, որ Խաշմանյանն այս պահին առանց թիմ է մնացել:

Աբրահամ Խաշմանյանը «Ալաշկերտի» հետ նախորդ մրցաշրջանում կարողացել է նվաճել Հայաստանի Գավաթը:

Հայաստանի ազգային հավաքականը Արմեն Գյուլբուդաղյանցի օրոք անցկացրել է 12 հանդիպում, որոնցից հաղթանակով է ավարտել 5-ը, պարտվել` 5-ում, եւ 2 հանդիպում էլ ավարտել է ոչ-ոքի:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս