«Ջրաձոր» ՓՀԷԿ շահագործող «Անի» ընկերությունը դարձյալ հայտնվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսադաշտում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հանձնաժողովը հոկտեմբերի 25-ի նիստում մտադիր է ընկերությանը 1 մլն դրամով տուգանել:
Պարզվում է՝ընկերությունը խախտել է էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի պայմանները: Նշենք, որ տեւական ժամանակ է, ինչ Ախուրյան գետի մի շարք հիդրոէլեկտրոկայաններ շահագործող ընկերությունների` «Էրստեդ» (Ամասիայի ՓՀԷԿ), «Լայթէկո» (Փարոս ՓՀԷԿ) եւ «Անի» ԲԲԸ (Ջրաձոր ՓՀԷԿ) հարաբերությունները դարձյալ լարված են:
Ի դեպ, գերատեսչությունները չեն դադարում գրություններ ստանալ այս ընկերություններից` ընդդեմ «Անի»-ի եւ հակառակը: Օրինակ, «Անի» ԲԲԸ-ն այս տարվա ընթացքում դիմել էր ՀԾԿՀ եւ հայտնել, որ «Էրստեդ» եւ «Լայթէկո» ընկերությունները էլէներգիայի արտադրության լիցենզավորված գործունեությունն իրականացնում են առանց գործող ջրօգտագործման թույլտվությունների:
Իհարկե, ընկերության դիմումը մերժվել էր: Բայց մինչ այդ` այս տարվա մայիսին, «Էրստեդ»-ն ու «Լայթէկո»-ն էին դիմել ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա եւ տեղեկացրել «Անի» ԲԲԸ-ի «Ջրաձոր» փհէկ-ի կառուցման եւ շահագործման գործընթացներում կոռուպցիոնռիսկերի բացահայտումների եւ պետությանը հասցված հնարավոր առանձնապես խոշոր չափերի վնասների մասին: Փաստորեն, ՀԷԿ-եր շահագործող այս ընկերությունների պայքարում «Անի»-ն պարտվեց: