«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` իշխանությունները պլանավորում են առաջիկա քառօրյա նիստում անցկացնել նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությունը: Ըստ մեր տեղեկությունների` իշխանությունները պլանավորել են` եթե չկարողանան օրակարգի պատճառով 5 անդամների ընտրությունն իրականացնել, ապա դա կանեն հաջորդ շաբաթ` դարձյալ նիստ հրավիրելով:
Բանն այն է, որ պատգամավորները փակ գաղտնի ընտրությամբ պետք է ընտրեն հանձնաժողովի 5 անդամներին, որից առաջ թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց կենսագրությունը, պատասխանեն պատգամավորներին հուզող հարցերին, եւ հետո միայն ընտրություն անեն:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանությունների համար կարեւոր է նաեւ «Բյուջե 2020» նախագիծը, որը պետք է ներկայացնի կառավարությունը:
Նախատեսված էր, որ խորհրդարան է գալու նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն վերջինս Ֆրանսիա գործուղման պատճառով չի մասնակցելու բյուջեի քննարկմանը: Ըստ մեր տեղուկությունների` իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը պետք է ամեն ինչ անի բյուջեի նախագիծը հավուր պատշաճի ներկայացնելու ու անցկացնելու համար: Մտահոգիչ է այն հանգամանքը, որ ԱԺ ընդդիմադիր ֆրակցիաները շարունակում են թաքցնել իրենց դիրքորոշումը բյուջեի հետ կապված. դեռ հայտնի չէ, թե ինչպես են քվեարկելու:
Իշխանությունների համար մտահոգիչ է նաեւ կոռուպցիոն հանձնաժողովի անդամների ընտրության հարցը. նախ պետք է ամեն ինչ անեն, որ պատշաճ ձեւով իրականացվի հանձնաժողովի անդամների ընտրությունը` փակ-գաղտնի քվեարկությամբ, իսկ հետո արդեն հանձնաժողովի նախագահի ընտրությունն իրականացվի: Բանն այն է, որ հայրենի իշխանությունները ցանկանում են, որ այն ղեկավարի իրենց թեկնածուն` Էդգար Շաթիրյանը: Բայց դա պետք է կարողանալ ճիշտ հաշվարկներով կազմակերպել, քանի որ անդամները պետք է իրենք իրենց ներսում հանձնաժողովի նախագահ ընտրեն: Այժմ իշխանությունները շունչները պահած սպասում են առաջիկա օրերի զարգացմանը` նախ անցկացնելու 2020 թվականի բյուջեն, այնուհետեւ ընտրելու կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներ, հետո իրենց սրտով ղեկավար:
Առաջիկայում խորհրդարանում թեժ է լինելու:
Սոնա Գրիգորյան